Զելենսկին ծանր լուր է հայտնել․ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Զելենսկին ծանր լուր է հայտնել․ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի մթերային խանութին․ հարձակման հետևանքով արդեն հայտնի է 48 զոհի մասին։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Զելենսկին կատարվածն անվանել է դաժան հանցագործություն և բացարձակապես կանխամտածված ահաբեկչություն։

«Այս պահի դրությամբ հայտնի է ավելի քան 47 մահվան դեպք։ Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին ու ընկերներին, օգնություն է ցուցաբերվում վիրավորներին...»,- նշել է նա։

Զելենսկին ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ռուսական ահաբեկչությունը պետք է դադարեցվի, և բոլոր նրանք, ովքեր օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, հանցագործներ են»։

«Բոլոր նրանք, ովքեր դեռ աջակցում են Ռուսաստանին, աջակցում են չարին: Ռուսաստանին այս և նմանատիպ ահաբեկչությունները պետք են միայն մեկ բանի համար՝ իր ցեղասպանական ագրեսիան նոր նորմ դարձնել ամբողջ աշխարհի համար», - հավելել է նա:

Իր հերթին, Խարկովի մարզային ռազմական վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը նշել է, որ ժամը 13։15-ի սահմաններում ռուսները կրակել են Կուպյանսկի սրճարանի և խանութի վրա, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են եղել։

Նրա խոսքով, փլատակների տակից դուրս են բերվել 48 զոհվածի դի, այդ թվում՝ 6-ամյա տղայի։

«Վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն, տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հավելել է նա։