Պետք է հասկանանք, որ քցող պետության մեջ ներդրումներ չեն անում

Պետք է հասկանանք, որ քցող պետության մեջ ներդրումներ չեն անում

Հունիսի 22-ին կառավարությունում գործարարներ-վարչապետ հանդիպումից գործարարներն այնքան էլ գոհ չեն դուրս եկել։ Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, օրինակ, որ հեղափոխության ու գործող իշխանությունների ակտիվ ջատագովներից էր եւ հիացած էր Նիկոլ Փաշինյանով ու նրա կառավարությամբ, հանդիպումից հետո դժգոհ գրառում էր կատարել․ «Այսօրվա գործարարների եւ վարչապետի հանդիպումը շատ վատ անցավ։ Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց։ Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է»։ Գրառման տակ քննարկում էր ծավալվել, «քոմենթչիների» մեծ մասը միացել էր դժգոհությանը՝ քննադատելով վարչապետին։ Մեկնաբանություններում հեղինակը նշել էր նաեւ, որ վարչապետին թվում է, թե իրեն չեն հասկանում, ու անընդհատ փորձում է խելք բացատրել։ Հետո հանդիպումն անվանել էր 2.5-ժամանոց դասախոսություն։ Ապա նկատել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց՝ գործարարներին մեղադրել է «մաֆիոզ մտածելակերպի, նախկին «հաստատ գործած հանցանքների», հարկերի իմաստը չհասկանալու մեջ եւ այլն։ Ապա արձանագրել․ «Մուննաթ էր, ոչ թե հանդիպում»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթացել հանդիպումը, ովքեր են մասնակցել եւ այլն։ Մեզ ասացին, որ հանդիպմանը ներկա գործարարներից ոմանք նաեւ գոհունակություն են հայտնել, այդ թվում՝ նաեւ նրանք, ովքեր նախկինում դժգոհ էին Նիկոլ Փաշինյանից։ Այդպիսի գործարարներից մեկը, ինչպես մեզ փոխանցեցին, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասել է․ «Վերջապես նա քաղաքական գործչից պետական գործչի է վերածվում»։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով հանդիպումից իր նկարն էր տեղադրել ֆեյսբուքյան էջում ու ընդամենը մեկ բառ գրել․ «Դժգոհս»։ Մարտիրոսյանի դեմքը, ինչ խոսք, գոհունակություն չէր արտահայտում։

Հարցրինք նրան՝ ո՞րն էր նկարում արտահայտված դժգոհության պատճառը։ «Դե, օրինակ, դիմակով դժվար է շնչել, կամ՝ թեման ինձ դուր չի գալիս, կամ՝ հարցը դուր չի գալիս, կամ՝ վարչապետի պատասխանը սրտովս չէ»,- ասաց պարոն Մարտիրոսյանը։

- Իսկ եթե ավելի բովանդակային խոսենք, հատկապես ի՞նչը Ձեզ չի գոհացրել այդ հանդիպմանը։

- Գլոբալ ամեն ինչ նորմալ հունի մեջ է, լավ զրույց էր, ափսոս՝ բոլոր հարցերը չհնչեցին, եւ բոլոր հարցերին պատասխան չտրվեց, որովհետեւ երեւի շատ զրույցների ընթացքում պետք է էդ պատասխանները տրվեն։ Կարող է՝ պարտադիր չէ, որ միանգամից տրվեն պատասխանները։ Երբ որ պատասխանը տրվում է ոչ թե խոսքերով, այլ գործով, դա ամենաընտիր տարբերակն է։  Ես կարծում եմ՝ շատ հարցեր գրանցվեցին, եւ հուսով եմ՝ աստիճանաբար կլուծվեն, բայց էնպես չէ, որ աչքերս փակ՝ պիտի երազանքով սպասեմ, որ լուծվեն։ Ամենօրյա աշխատանքը կբերի էդ հարցերի լուծման։

- Եթե ավելի առարկայական դարձնենք խոսակցությունը, օրինակ՝ ի՞նչ հարցեր կային, որ Դուք ուզում էիք բարձրաձայնել, բայց չստացվեց։

- Ես բարձրաձայնել եմ, իմ ամենակարեւոր մտահոգությունը, որը վարչապետի հետ կիսվեցի, այն է, որ մենք նկատում ենք տարբեր իշխանական օղակներում, հիմնականում՝ Ազգային ժողովում, զրույցներ, ռեպլիկներ, ելույթներ, որ ասում են՝ «էս բանը պիտի պետականացնենք», «ի՞նչ լավ է, որ հավատարմագրման կառավարումը, օրինակ՝ «Հայփոստի», վերադարձավ պետությանը», կամ՝ «եկեք նավթամթերք ներմուծող նոր պետական ընկերություն բացենք», «Տարոսը՝ «Յուքոմին»» եւ այլն։ Մենք, որ խոսում ենք ներդրումներից, ավելի շուտ՝ դրանց բացակայությունից, մենք պետք է հասկանանք, որ քցող պետության մեջ ներդրումներ չեն անում։ Իսկ Սերժի ու Ռոբի ժամանակ մեր պետությունը եղել է էդպիսին։ Ի՞նչ նկատի ունեմ, ուրեմն Հայաստանն ունի երկու սարսափելի դեպք, երբ որ դատարանները սեփականություն են խլել․․․ մեկ դեպք, երբ դատարանները չեն միջամտել։ Առաջինը «Բջնիի» խլումն էր, երկրորդը արտասահմանյան ներդրողի գումարների կորուստն էր, որը Գագիկ Ծառուկյանի անվան հետ է կապվում, եւ երրորդը՝ Ամուլսարը։ Անկախ նրանից, թե ինչ երկրի գործարարներ են էդ ներդրումներն անում, դրանք ՀՀ իրավաբանական անձինք են, եւ ոնց որ յուրաքանչյուր քաղաքացու համար է պետությունը պայքարում, «վիզ դնում», իրավաբանական անձը նույնպես անձ է եւ պետության հոգածության ներքո պետք է գտնվի, եւ պետությունը, ի դեմս առնվազն իր դատական համակարգի, պետք է պաշտպանի ոչ օրինախախտ ներդրողին։ Ու որպես սրա շարունակություն՝ այսօր Հայաստանում բացվել է պետական հրատարակչություն։ Կրթության նախարարությունը դե ֆակտո զբաղված է պետական հրատարակչության գործով։ Ու սա ինձ մտահոգում է, քանի որ, երբ որ պետությունը մասնավոր ընկերությունների հետ մրցակցության մեջ է, էստեղ կա անազնիվ մրցակցության տարր, քանի որ պետությունը հա՛մ դատավոր է, հա՛մ ֆուտբոլիստ, ու նա չի կարող անաչառ լինել։ Սա շատ նման է նրան, որ էսօր ֆինանսների նախարարությունը բացի աուդիտորական պետական ընկերություն, ոնց որ հարկայինը բացի հաշվապահական ընկերություն, կամ ոնց որ էկոնոմիկայի նախարարությունը բացի սուպերմարկետների ցանց եւ վիժեցնի մյուս ցանցերի աշխատանքը։

- Բայց Դուք դժգոհելու ի՞նչ ունեք, քանզի շատ են ասում, որ այս իշխանության օրոք «Անտարեսը» սկսել է մեծ չափով պետպատվերներ ստանալ։

- Ուրեմն «Անտարեսը» բարձր կլասի ընկերություն է, եւ 1998 թ․-ից «Անտարեսը» սպասարկել է նախագահի աշխատակազմը՝ այդ աթոռը բոլոր զբաղեցրածների օրոք։ Եվ ղալաթ է անում նա, ով սուտ է տարածում, թե «Անտարեսը» նոր ունի պետական պատվեր։ «Անտարեսը» միշտ ունեցել է պետական պատվերներ, միշտ կռիվ է տվել էդ պետական պատվերների համար, միշտ հարյուրապատիկ ջանք է գործադրել, որ հաղթի մրցույթները։

- Վարչապետի հետ հանդիպմանը ներկա գործարարներից մեկը դժգոհություն էր հայտնել, որ վարչապետը եկավ, իրենց վրա մուննաթ եկավ եւ չլսեց իրենց։ Ի՞նչ խնդիր է եղել, ինչի՞ց են այդ դժգոհությունները։

- Մենք վաղուց վարչապետի հետ չէինք հանդիպել, ու զրույցների թեման շատ մեծ էր։ Վահանին խոսք չի հասել, ցավոք, նա էլ ուներ ելույթ, քանի որ գինեգործների հարցերն էին երկար, շինարարների հարցերն էին երկար, հենց ինձ հետ կապված շատ խոսեցինք, եւ, ցավոք, Վահան Քերոբյանի ելույթն ավելի ուշ էր, եւ վարչապետին եկան կանչեցին դահլիճից, ասացին, որ իր մյուս հանդիպմանը մարդիկ սպասում են, ու նա գնաց։ Վահանն ուղղակի չի հասցրել հարցը տալ։ Բայց չհասցնել հարցը տալ՝ դա չի նշանակում․․․ մենք հարյուր տարբերակ ունենք՝ վարչապետին հասցնելու մեր խոսքը, եւ պարբերաբար դա կարողանում ենք։ Ինչ վերաբերում է Վահանի ասածին, ապա ցանկացած ըմբոստ կարծիք շատ լավ է Հայաստանում, քանի որ Հայաստանը ձեռք է բերել խոսքի ազատության ամենամեծ աստիճանը, որը չի ունեցել երբեք։