Իսկ Նիկոլ Փաշինյանը «Մեր ժամանակների հերոսին» ինչպե՞ս էր որոշել` հանրաքվեո՞վ

Իսկ Նիկոլ Փաշինյանը «Մեր ժամանակների հերոսին» ինչպե՞ս էր որոշել` հանրաքվեո՞վ

Ասի՝ ՔՊ-ի ցանկը մի հատ աչքի անցկացնեմ, տեսնեմ՝ մեջները վաստակավոր կամ ժողովրդական մարդ կա՞, թե՞ չկա: Պարզվեց՝ չկա: Իզուր էլ այդ երկար ցանկը կարդացի: Հազիվ 15-20 հոգու ճանաչեցի, էն էլ՝ արվեստի հետ ընդհանրապես կապ չունեին: Մորուքավորների մի «բառադի» հավաքածու՝ չնչին բացառություններով: Լավ, 5 տարի լինես իշխանության ու քո շարքերում մի ժողովրդական կամ վաստակավոր գործիչ չունենա՞ս: Հեչ որ չէ՝ այդ ընթացքում գոնե մեկին իրենք կարող էին ծնել, այնպես չէ՞: Ոչ, չեն ծնել, չեն աճեցրել, չեն փորձել: Իրենք իրենց ողջ տեսակով հեռու են այդպիսի բաներից: Եվ բնական է, որ պայքարում են պետության կողմից շնորհվող «վաստակավոր» եւ «ժողովրդական» պատվավոր կոչումների դեմ:

Իրենցը «Մեր ժամանակների հերոսն» է: Ո՞վ է որոշում, թե ով է մեր ժամանակների հերոսը: Հավանաբար՝ Նիկոլը, որովհետեւ հենց Նիկոլն է հանձնում այդ, այսպես կոչված, մրցանակը: Ալեն Սիմոնյանը պնդում է, որ պետությունը կամ պետության նախագահն իրավունք չպետք է ունենա արվեստագետին ժողովրդական կոչում տալու: Ըստ Սիմոնյան Ալենի՝ դա ժողովրդի մենաշնորհն է, եւ ժողովուրդը պետք է որոշի՝ արտիստը, դերասանը, ռեժիսորը, նվագախմբի ղեկավարը, երգահանը, երգիչը, նկարիչը ժողովրդական է, թե ժողովրդական չէ: Այդ դեպքում ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը որոշում՝ ով է մեր ժամանակների հերոսը: Գուցե հանրաքվեո՞վ:

Բայց եկեք մոռանանք Ալեն Սիմոնյանի եւ մյուս ՔՊ-ականների երեկվա բոլոր ցնդաբանությունները «ժողովրդական» եւ «վաստակավոր» կոչումների արժանացած մարդկանց մասին եւ խոսենք Նիկոլ Փաշինյանի սահմանած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության մասին: Նախ՝ անվանումը… Դա ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր եւ նկարիչ Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» հայտնի ստեղծագործության վերնագիրն է, մի աննշան տարբերությամբ, որ Լերմոնտովը գրել է «ժամանակի»՝ եզակի թվով եւ ոչ թե «ժամանակների», ինչպես արել են ՔՊ-շնիկները՝ հուսալով, հավանաբար, որ այդ նախաձեռնությունը «ժամանակների» քննություն կբռնի:
Լերմոնտովի հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընդգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող եւ շրջապատին տառապանք պատճառող անհատ է։ Հեղինակի դիպուկ բնորոշմամբ՝ Պեչորինը տիպական դեմք է՝ ժամանակի հերոս, ժամանակի արատներից կազմված անարդյունք սերնդի ներկայացուցիչ: Իսկ հիմա նայեք շուրջներդ եւ ասացեք, թե ում կտայիք նման բնութագրեր՝ «իրականության հետ չհաշտվող», «իր «հոգու անընդգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող», «տառապող եւ շրջապատին տառապանք պատճառող», «ժամանակի արատներից կազմված անարդյունք սերնդի ներկայացուցիչ»… Օգնության կարգով ավելացնեմ՝ անտաղանդ, մեկ քայլից անդին չտեսնող, ինքնագոհ, պճնամոլ, գեղցի… Էլի՞ գլխի չընկաք… Դավաճան, կապիտուլյանտ, վախկոտ, իրեն ամեն ինչի սկիզբ համարող… Հաաաա: Հա ու ջան, դե անունն ասեք… ՔՊ… Ոչ, ճիշտ պատասխանն է՝ Նիկոլ: Իսկ ՔՊ-ն ընդամենը «ատմազկա» է, որ տպավորություն չստեղծվի, թե մեր ժամանակի հերոսը խղճուկ, իր ստվերի հետ չհաշտվող մի տիպ է, որ այդպես էլ վաստակավոր լրագրողի կոչում չստացավ, ու էլ չեմ խոսում ժողովրդական արտիստի կոչման մասին: 2018 թվին, իհարկե, նա «ժողովրդական վարչապետ» տիտղոս ստացավ, բայց բանից պարզվեց, որ դա ընդամենը էյֆորիկ պոռթկում էր ու ժամանակի հետ պիտի անէանար օդում, ինչպես բոլոր անսպասելի տեսիլքները:

Այն էլ ասենք, որ պատվավոր կոչումների մասին օրենքի շուրջ ծավալված երեկվա ողջ աժիոտաժին անտարբեր հետեւում էր մի մարդ, որն ի պաշտոնե իրավասու է անձամբ նման կոչումներ շնորհել իր երկրի քաղաքացիներին: Խոսքը ՀՀ նախագահի մասին է, որն ունի այդ սահմանադրական իրավունքը, այսինքն՝ Վահագն Խաչատուրյանը: Վահագն Խաչատուրյանը, սակայն, այդ օրը անվրդով էր, ինչպես աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը (Арам Хачатурян): Նա, հավանաբար, մտածում էր, որ էդ մի գործից էլ գլուխն ազատեց: Ի՞նչ է պատահել, վերջապես, կգնա, Նիկոլ Փաշինյանի հետ կմասնակցի «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը եւ կծափահարի, ինչպես մյուսները՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, մարզպետներն ու պաշտոնատար այլ անձինք: Ի՞նչ պակաս արտիստներ են, մեկը մյուսից վաստակավոր կործանիչ: