«Հրապարակ». Իր ունեցվածքն ու ճոխ կյանքը թողել, եկել է՝ բլոկադայի մեջ ընկել

«Հրապարակ». Իր ունեցվածքն ու ճոխ կյանքը թողել, եկել է՝ բլոկադայի մեջ ընկել

Արցախը շրջափակման մեջ է: Չնայած բոլոր դժվարություններին, արցախցին մնալու է իր երկրում եւ պայքարելու է․ ասում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

- Վերջին օրերին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի անձով պայմանավորված, Արցախում իրավիճակը փոքր-ինչ լարված էր: Ագրեսոր Ադրբեջանը բլոկադայի հենց առաջին օրվանից հայտարարել է, որ Վարդանյանը պետք է Արցախից հեռանա: Այժմ ինչպե՞ս է իրավիճակն Արցախում:

- Այն, որ Ռուբեն Վարդանյանն այդքան մտահոգում է թշնամի պետությանը, սա որոշակիություն է մտցնում: Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ էլ Ադրբեջանը խոսել է Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին: Մենք այսօր ոչ թե Ադրբեջանի ջրաղացին պետք է ջուր լցնենք, այլ մտածենք հենց մեր մասին: Այն, որ Ռուբեն Վարդանյանը նշում է, թե Արցախ է եկել աշխատելու, պայքարելու, սա արդեն ամեն ինչ ասում է: Ինչ-որ անմիտ, հիմար զրույցներ եմ լսում, թե իբրեւ նա եկել է, որ Արցախը ծախի, բայց այդ լուրերը տարածողները չեն ասում, թե այդ մարդը ոնց է աշխատում: Իր ունեցվածքն ու ճոխ կյանքը թողել, եկել է բլոկադայի մեջ ընկել: Պետք է թողնեն աշխատի: Նոյեմբերի 1-ին ստացավ նախարարի պաշտոնը, դեռ տեղը չտաքացած, իրավիճակն այսպես եղավ:

- Ովքե՞ր են ասում, թե Վարդանյանը եկել է Արցախը վաճառելու:

- Ինչ-որ հիմար խմբեր: Հավանաբար, հենց այդ խմբերն են ծախված, որ այդպիսի զրույցներ են անում: Մարդը եկել ու լավ աշխատում է: Ռուբեն Վարդանյանից վախենում է թշնամին, իսկ մենք պետք է թշնամու ուզածի հակառակն անենք:

- Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը պարզ է, իսկ Արցախի իշխանություններն ինչո՞ւ են թշնամու հրամանները փորձում կատարել:

- Ես տեղյակ չեմ ներքին խոհանոցից: Խոսվում է, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ պետք է հրաժարականի դիմում ներկայացնի:

- Դուք Արայիկ Հարությունյանից գո՞հ եք:

- Գոհ լինեմ, չլինեմ, բայց շատ սխալ կլինի, որ այսօր Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Կնշանակի՝ գլխատել Արցախը: Այսօր պետք է միահամուռ աշխատանքներ տանել: Թե հետո ոնց կլինի, չգիտեմ....

- Այսօր Արցախում կոնկրետ ինչի՞ պակաս կա:

- Մարդիկ որոշակի սննդամթերք պահեստավորել են, վաղվանից կտրոններով ենք գնումներ կատարելու, դա շատ ճիշտ է: Ամեն մեկը չի կարողանա տոննաներով գնումներ կատարել, արդյունքում շատերը սոված չեն մնա: Կտրոններով կարող են գնել մակարոնեղեն, շաքարավազ, ձեթ եւ հնդկաձավար: Կամաց-կամաց հարցը կլուծվի այդպես:

- Կոնկրետ Դուք եւ Ձեր ընտանիքն ինչպե՞ս եք դժվարությունները հաղթահարում:

- Դե, ինչպես բոլորը: Ահագին պահածոներ ունեինք, միս էլ ունենք, կարողանում ենք ապրել: Հայի տուն ա, ամեն ինչ էլ կար:

- Արցախցին այդ պայմաններում ինչքա՞ն կարող է գոյատեւել:

- Մենք պահանջկոտ ժողովուրդ չենք: Մեկուկես ամսից գարուն է, եղանակները կտաքանան, կանաչը դուրս կգա, մարդիկ բանջարեղեն կցանեն, կապրեն: Ամեն ինչի պատրաստ ենք դիմանալ, միայն թե կռիվ չլինի:

- Իսկ եթե նոր զիջումներ լինեն....

- Էլ ի՞նչ ունենք, որ ինչ էլ զիջենք: Հայաստանի օղակը սեղմել են: Ղարաբաղից էլ մնացել է 25 տոկոս տարածք: