Ակնհայտ է, որ Հայաստանի պաշտպանական անվտանգային համակարգը միտումնավոր քանդվել է

Ակնհայտ է, որ Հայաստանի պաշտպանական անվտանգային համակարգը միտումնավոր քանդվել է

Հայաստանում սահմանային լարվածության եւ միջադեպերի թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

- Պարոն Վրթանեսյան, իշխանությունները «խաղաղության դարաշրջանի» մասին էին խոսում, մինչդեռ թշնամին անակնկալի բերեց, տրորելով իշխանությունների՝ խաղաղություն կոչված երազանքը։ Ինչքանո՞վ էին սպասելի այս ագրեսիան եւ իրավիճակը։

- Միակ բանը, որ կարող եմ ասել՝ այսպիսի զարգացման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ից խոսել ենք։ Միայն ես չեմ խոսել՝ բազմաթիվ մարդիկ՝ թե՛ փորձագետներ, թե՛ քաղաքական գործիչներ զգուշացրել են այն ամենի մասին, ինչ կատարվել է նոյեմբերի 10-ից մինչ այսօր։ Այո, սպասելի էր, պարզ էր, ադրբեջանցիները չէին էլ թաքցնում։ Իրենց ախորժակը մեծացավ Ուկրաինայում իրավիճակը սրվելուց եւ  ռուսների գլուխը խառը դառնալուց  հետո։ Այս մասին բազմիցս խոսվել, գրվել է։ Միայն Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն է, որ այս ամեն ինչը չգիտեին ու չէին հասկանում։

- Բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ արվեցին, եւ նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին։ Արդյոք դրա ժամանա՞կն էր, երբ շարունակ խոսվում էր այն մասին, որ պատերազմը դեռ չի ավարտվել, Բաքվի բռնապետն էլ պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով էր հանդես գալիս։

- Ես կարծում եմ, դա արդեն ապագայում՝ ոչ այս իշխանությունների ժամանակ, բայց ապագայում քննիչները պետք  է պարզեն՝ սա արվել է հատո՞ւկ եւ ի՞նչ նպատակներով է արդյոք արվել։ Կարեւորն արդյունքն է, որ Հայաստանի պաշտպանական անվտանգային համակարգը լրիվ քանդվել է, եւ այդ քանդվելը միտումնավոր է եղել։ Թե մոտիվները որոնք են եղել, չեմ կարող ասել։ Բայց ակնհայտ է, որ միտումնավոր քանդվել է։

- Ադրբեջանի ուզածն ի՞նչ է։

- Ադրբեջանի ուզածն ընդհանրապես Հայաստան պետության վերացումն է, եւ եթե հնարավոր է՝ այս տարածաշրջանի վերջնական հայաթափումն է։  Եվ, մեծ հաշվով, իրենք դա չեն էլ թաքցնում։ Նրանք փուլ առ փուլ իրականացնում են այդ ծրագիրը։

- Ի՞նչ զարգացումների սպասել։

- Եթե Հայաստանը չի դիմադրում, իսկ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը երբեք էլ ունակ չի լինելու դիմադրելու, ապա շարունակվելու է քայլ առ քայլ իրավիճակի սրումը։ Իրենք հասնելու են հայկական պետականության ոչնչացմանը, հետո էլ ընդհանրապես հայերի ներկայության վերացմանն այս տարածաշրջանում։