Ինչ ունեմ, առել եմ իմ ու ծնողներիս վաստակած գումարներով․ Արա Վարդանյան

Ինչ ունեմ, առել եմ իմ ու ծնողներիս վաստակած գումարներով․ Արա Վարդանյան

Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել, որով պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ, 933 մլն 144 հազար դրամ, որը «չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ»:

Արա Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ընդունում հայցապահանջն ու մեղադրանքը, ինքն ապօրինի ծագում ունեցող գույք չունի` իր ունեցվածքն աշխատել կամ ժառանգել է ծնողներից։ 

«Ես ապօրինի գումար ու գույք չունեմ, դատարանում դա կապացուցեմ։ Գումարի առումով աբսուրդային թիվ է ներկայացրել դատախազությունը, լրիվ սխալ է, ինչ վերաբերում է գույքերին՝ ես ծնողներիս հետ եմ ապրում, ովքեր եղել են բավական բարձր պաշտոնների եւ գույք առնելու հետ կապված խնդիր չեն ունեցել»,-մեկնաբանեց Վարդանյանը։

Իրավապահները մեկ անգամ են այս վարույթի ընթացքում Վարդանյանին կանչել, այն էլ տեղեկացնելու, որ գործը նախաքննության փուլում է, հարցաքննության չեն էլ հրավիրել։ Վարդանյանի բանկային հաշիվների վրա 2018-ից է կալանք դրված: Նա ժպիտով է ասում․ «Իմ կյանքում դատախազության այս գործողություններից հետո առանձնապես բան չի փոխվում»։

Վարդանյանը հիշեցնում է՝ այս իշխանության օրոք նույն «Համահայկական հիմնադրամի» գումարները ծախսվել են անհասկանալի ճանապարհներով, ինքն այդ մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, բայց իր հաղորդմանը ընթացք չի տրվել։ 

«Այս իշխանության օրոք որեւէ մեկը որեւէ բանի համար պատասխան չի տվել ու ես բազմիցս հարցազրույցներում դիմել եմ դատախազությանը՝ Հիմնադրամի 100 միլիոն դրամը ծախսելու մասով գործ հարուցելու համար։ Եթե նախաքննությամբ պարզվեր, որ այդ գումարները բարեխղճորեն են ծախսվել, շատ լավ առիթ կլիներ Հիմնադրամի բարի համբավը վերականգնելու համար։ Իհարկե դատախազությունը գործ չի հարուցել, ստուգում չի իրականացրել, եւ այս իշխանությունից սպասելիքներ ունենալն անիմաստ է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը դեռ 2019-ից է այս իշխանությունների թիրախում` նա քրեական մեղադրանքով 2019-ին կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել։ Նա Ռոբերտ Քոչարյանի համակիրների թիմում է եւ հրապարակավ քննադատում է գործող իշխանություններին` սկսած 2018 թվականից: Նա 2019-ին իր նկատմամբ հարուցված մեղադրանքը` որ Հիմնադրամի գումարներով խաղադրույքներ է դրել, անվանում է շոու:

«Ինչ ունեմ, առել եմ իմ վաստակած գումարներով, ծնողներիս գումարներով։ Այն ժամանակ այս իշխանությունները շոուի կարիք ունեին՝ կազմակերպեցին։ Ժողովուրդն էլ պետք է արդեն այս ամենին հումորով վերաբերվի»,-ընդգծեց նա։