Տնտեսվարողների գոտիները ձգելո՞ւ, թե՞ հարկային ճեղքի վերացման նախագիծ

Տնտեսվարողների գոտիները ձգելո՞ւ, թե՞ հարկային ճեղքի վերացման նախագիծ

Կառավարության որոշմամբ՝ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մշակել «Հարկային քաղաքականության ճեղքի վերացման» միջոցառումների ծրագիր։ Տնտեսության վիճակը լուրջ է, բյուջեն ճեղքվածք ունի, եւ պետք է ձգել տնտեսվարողների գոտիները։ Այս որոշման արդյունքում տնտեսվարողների համար ծանր օրեր են սպասվում՝ կառավարությունը մտադիր է խստացնել հարկային քաղաքականությունը եւ հետ կանգնել հարկային արտոնություններից։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, սակայն, համաձայն չէ այն մտքի հետ, որ մենք բյուջեում ճեղքվածք ունենք։

«Այստեղ ավելի շատ խոսքը հարկային քաղաքականության մոտեցման խնդիր է, կան ոլորտներ, որոնցում հարկման դրույքաչափերը եւ, առհասարակ, հարկային քաղաքականության մոտեցումները պետք է վերանայվեն։ Մասնավորապես, նշված միջոցառումներով նախատեսվում է վերանայել շրջանառության հարկի շեմը, առողջապահության դաշտում եւ մյուս ոլորտներում արտոնությունների վերանայում պետք է տեղի ունենա։ Իսկ հարկային ճեղքի մասով նշեմ, որ առաջին անգամ 2020 թ․ ընթացքում ավելացված արժեքի մասով ՊԵԿ-ն իրականացրել է ճեղքի գնահատում միջազգային գործընկերների հետ միասին, եւ ընդ որում՝ առաջին անգամ հանրապետությունում ճեղքի գնահատումը եղել է ըստ ոլորտների»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։

- Եվ որքա՞ն է գնահատվել ճեղքը։

- ԱԱՀ-ի մասով գնահատվել է համախառն ներքին արդյունքի 1.8 տոկոսը։ Սա նշանակում է, որ մեր հանրապետությունում, ըստ մեր գնահատականի, ունենք ՀՆԱ-ի 1.8 տոկոսի չափով չգանձվող ԱԱՀ, որը կազմում է մոտ 120 մլրդ դրամ։

- Դա ինչո՞վ է պայմանավորված, հարկային ոչ արդյունավետ վարչարարությա՞մբ, թե՞ տնտեսվարողների անբարեխիղճ վարքագծով։

- Դա պայմանավորված է ե՛ւ հարկային վարչարարությամբ, ե՛ւ հարկային քաղաքականությամբ, նաեւ՝ ստվերային շրջանառությամբ։

- Նախագիծն ուսումնասիրելիս հասկանում ենք, որ կառավարությունը նախատեսում է տնտեսվարողների գոտիները ձգելու քաղաքականություն վարել՝ ելնելով տնտեսական առկա ծանր իրավիճակից։

- Կոնկրետ ո՞ր միջոցառումն է, ըստ Ձեզ, ներառում տնտեսվարողների գոտիները ձգելու մոտեցում։

- Առնվազն հարկային արտոնությունների վերանայման մասով կարող ենք ասել, ԱԱՀ-ի, շրջանառության հարկի շեմի իջեցման մասով եւ այլն։

- Գիտե՞ք, պետք է խնդիրը եւ հարցը ճիշտ ձեւակերպենք։ Առաջին հերթին սա պետության կողմից տրված արտոնությունների դաշտի վերանայում է, այսինքն՝ այլ հավասար պայմաններում նշված գործունեության տեսակները պետք է հարկվեն ավելացված արժեքի հարկով։ Պետությունը, նախանշելով իր առաջնահերթությունները եւ աջակցության կարեւոր ոլորտները, նախատեսել է արտոնություններ։ Հիմա եկել է ժամանակը՝ նշված ժամանակներում արտոնությունների արդյունավետությունը վերանայելու եւ, ըստ կառավարության կողմից հռչակված առաջնահերթությունների, նշված արտոնություններին գնահատական տալու՝ թողնե՞լ այդ արտոնությունները, թե՞ ոչ, կամ ո՞ր ոլորտում թողնել, որո՞ւմ՝ ոչ։

- Տպավորություն է, թե կառավարությունը փոշմանել է իր վարած քաղաքականության առումով եւ հիմա է հասկացել, որ արդյունավետ չի եղել այդ քաղաքականությունը՝ արտոնությունների ընձեռնման մասով։

- Բավականին վաղ է գնահատել՝ արդյունավետ եղել է, թե չի եղել, դա պարզ կդառնա համապատասխան արտոնությունները գնահատելուց հետո։

- Եթե չեք գնահատել, ինչպե՞ս եք նախագծում նշել, որ պետք է վերանայել։

- Գիտե՞ք, խնդիրն ավելի շատ հարկային քաղաքականության դաշտում է, եւ հենց վերանայումների ընթացքում պետք է նախանշել, թե որ արտոնությունները նպատակահարմար կլինի թողնել, որոնք՝ ոչ։

- Այդ դեպքում ինչո՞ւ կառավարությունը որոշեց 2021 թվականին վերանայել իր քաղաքականությունը։

- Կարծում եմ՝ դա պարբերաբար իրականացվող գործընթաց է եւ ամենեւին չի նշանակում, որ հենց 2021 թվականին նշված միջոցառումների իրականացումն իրենից ենթադրում է տնտեսվարողների գոտիները ձգելու մոտեցում։

- Բայց մասնագետների վերլուծությունն ու տնտեսվարողների տպավորությունը հենց դա են հուշում, որ մենք 2020 թվականին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետեւանքով ունենք տնտեսական լուրջ խնդիրներ, եւ 2021 թվականին փորձելու են մաքսիմալ շատ գումար բյուջե բերել այս մեթոդով։

- Իհարկե, դա թաքցնելու չէ, որ մենք ունենք հարկային եկամուտների ավել հավաքագրման անհրաժեշտություն, քանի որ պետության կողմից հռչակված առաջնահերթությունները եւ այն անհրաժեշտ ծախսերը, որոնք պետք է կառավարությունն իրականացնի, դրանց համար պետք է բավարար եկամուտների հավաքագրում, ու հենց նաեւ այդ տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել վերանայել քաղաքականությունը։

- Մենք 2021 թվականին բյուջեի հավաքագրումների առումով ի՞նչ ենք կանխատեսում։

- Համաձայն 2021 թ․ բյուջեի մասին օրենքի՝ ծրագրային ցուցանիշ նախատեսված է 1 տրիլիոն 440 մլրդ դրամ՝ որպես հարկային եկամուտների ծավալ, մենք կանխատեսում ենք, որ պետք է նշված ծրագրային ցուցանիշ ապահովենք, եւ ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, պետք է աշխատենք, գործենք, ստվեր կրճատենք եւ այդ ցուցանիշն անգամ գերակատարենք։ Այդպիսի նպատակադրում ունի Պետական եկամուտների կոմիտեն։

- Որքանո՞վ հույս ունեք գերակատարել՝ հաշվի առնելով, որ տնտեսական առումով շատերի մեջքը կոտրված է, մթնոլորտն է գործարար միջավայրի համար անբարենպաստ, շատ գործարարներ ուղղակի ուզում են թողնել հեռանալ Հայաստանից՝ պայմանավորված ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական իրավիճակով։

- Գերակատարման կանխատեսումների մասին թույլ տվեք խոսել մի փոքր ուշ, քանի որ մենք դրանք պլանավորում ենք համապատասխան հենանիշային ցուցանիշները գնահատելուց հետո, իսկ 2020 թ․ տարեկան արդյունքները դեռեւս ամփոփված չեն, դրանք կամփոփվեն շահութահարկի տեսքով, 2021 թ․ ապրիլ ամսին, եւ գերակատարման կանխատեսման պատկերն ավելի ակնհայտ կդառնա ապրիլ ամսից հետո։

- Այս նախագծով մտադիր եք իջեցնել նաեւ շրջանառության հարկի շեմը, որն այս պահին 115 մլն դրամ է։ Որքա՞ն եք նախատեսում դարձնել։

- Դեռեւս չի քննարկվել հարցը, ժամանակին 58 մլն էր, հնարավոր է՝ նորից 58 դառնա կամ 60։

- Մենք այսօր բյուջեում արդեն թոշակ, աշխատավարձ վճարելու խնդիր ունե՞նք։

- Ոչ, իմ տեղեկություններով, այդպիսի խնդիր չի արձանագրվել։