Սյունիքը նվաճելու երկրորդ անհաջող փորձից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է ռեպրեսիաների։ Ամիսներ առաջ Սյունիքի մարզում մերժված վարչապետը որոշել էր եւս մեկ փորձ կատարել եւ նախօրեին մեծ շարասյունով գաղտագողի՝ գիշերով այցելել էր Սյունիքի մարզ։ Երեկոյան ոչ ոք տեղեկացված չէր այդ այցի մասին, ուստի նա կարողացավ Գորիսում սուրճ խմել, անսպասելի ներխուժել Շուռնուխում մի տուն, մի քանի լուսանկար անել, ապա բախվելով տանտերերի դժգոհությանը՝ հեռացավ, Կապանում ընթրեց։ Կարծես ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն լույսը բացվելուն պես սյունեցիներն արագ ինքնակազմակերպվեցին եւ տապալեցին Նիկոլ Փաշինյանի այցի մնացած մասը՝ բողոքի ակցիաներ, վիրավորանքներ, անգամ հայհոյանքներ՝ ուղղված Սյունիքի անվտանգությունը խաթարած վարչապետին։ Սյունեցիները նրան «թուրք», «կապիտուլյանտ» ու «դավաճան» էին անվանում, զգուշացնում, որ իրեն չի հաջողվի Սյունիքն էլ, Արցախի պես, հանձնել թշնամուն կամ Մեղրիից միջանցք տալ Ադրբեջանին։
Խայտառակ այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն հրավիրեց եւ հստակ ու անթաքույց հրահանգներ իջեցրեց ուժային կառույցների ղեկավարներին՝ հատուկ գործողություններ իրականացնել եւ պատժել բողոքող սյունեցիներին։ Իշխանական քարոզչամեքենան էլ տարածեց, թե Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները կազմակերպել էին նախկինները՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան շրջանակներից։ Նախօրեի գիշերը ոստիկանությունը գործի անցավ եւ բերման ենթարկեց ինչպես Սյունիքի համայնքապետերին, այնպես էլ ակցիաների մասնակիցներին։
«Իմ քայլի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով այցի ընթացքում ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին, ասում է, որ այնտեղ ակցիա չկար, տեղի ունեցածը «խուլիգանություն» էր․ «Խուլիգանության փաստ է եղել, հասարակական կարգի կոպիտ, բացառիկ ցինիզմով խախտելու փաստեր են եղել, եւ հարուցվել է քրեական գործ։ Կազմակերպված բողոքի ակցիաներ էին»։ Պատգամավորի խոսքով՝ սյունեցին Փաշինյանին չի մերժում. «Սյունեցիները նաեւ պատշգամբներից ասում էին, որ դա ամոթ է։ Սյունեցին չի կարող այդ ձեւով մերժել, սյունեցին չի կարող խուլիգանություն անել, սյունեցին չի կարող կանանց եւ երեխաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Սյունեցին չի կարող խուլիգան լինել»։ Արմեն Խաչատրյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ կրկնելով իր նախկին պնդումը, թե Սյունիքում անվտանգ է, եւ անհանգստության առիթ չկա։
Իշխանական այլ պատգամավորների հետ զրուցել չհաջողվեց, հավանաբար, նրանցից շատերը հասկանում են, որ իշխանությունը սխալ ընթացքի մեջ է, եւ այս հուսահատ քայլերը չեն մարսվելու։ Մյուս կողմից, ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը հենց Սյունիքում շան լափ է թափել իր պատգամավորների գլխին՝ ասելով, որ իրենք էլ կարող էին աջակիցների խումբ հավաքել, որպեսզի ինքը հնարավորություն ունենար գոնե 10-15 րոպեով մարդկանց առջեւ ելույթ ունենալ, ձեռքները սեղմել, ողջագուրվել, որ համատարած մերժման տպավորություն չառաջանար։
«Իմ քայլից» հեռացած՝ Սյունիքից խորհրդարան անցած Աննա Գրիգորյանը զարմացած է, թե այդ ովքե՞ր են այցը կազմակերպել, եթե Նիկոլ Փաշինյանը Սյունիք է գնացել գաղտագողի, գիշերով։ ««Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանը, երբ նրան լրագրողը զանգահարել է եւ հարցրել, թե նա գիտե՞ր, որ վարչապետը Սյունիք է գնում, ասել է՝ ոչ, չգիտեմ, ես հիմա եմ պատրաստվում գնալ։ Բոլորի համար անակնկալ է եղել։ Եթե որեւէ մեկը տեղյակ չէր սրա մասին, ապա էդ ինչպե՞ս է ստացվում, որ ասում են՝ ուղղորդված են եղել այդ ցույցերը, էդ ո՞ւմ կողմից են ուղղորդված եղել, եթե դրա մասին նախապես չի ասվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Սյունիքում Փաշինյանի այցից հետո քաղաքական հաշվեհարդար է սկսվել։
Սյունիքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ երբեւէ չի արդարացրել բռնությունն ու հայհոյանքը, բայց այսօր իշխանությունը քաղում է այն, ինչ ցանել է․ «Հայտնի խոսք կա՝ քամի ցանողը, փոթորիկ կհնձի։ Իրենք իշխանության եկան դագաղներով, իշխանության եկան մարդկանց տներին սեւ լենտեր կապելով։ Պիտի իմանան, որ ամեն ինչ բումերանգ է, եւ իրենց հետ խոսելու են այն լեքսիկոնով, ինչի քաղաքական մշակույթը հաստատել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ նա իշխանափոխությունից հետո, ցավոք սրտի, հաստատել է հայհոյանքի, բռնության քաղաքական մշակույթ, իսկ այսօր իրեն վերադարձվում է այն, ինչ ինքը ծնել է»։ Անդրադառնալով իմքայլական Արփի Դավոյանի՝ «էդ Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա» արտահայտությանը, Զոհրաբյանն ասաց․ «Նման ցինիկ հայտարարությունների պատասխանն այդ անձինք մի օր կստանան։ Ես դրանց անուններն անգամ չեմ ուզում արտաբերել եւ, այո, հատուկ եմ ասում՝ «դրանց»»։
Զոհրաբյանը հորդորում է Փաշինյանին՝ դադարեցնել սյունեցիների նկատմամբ ռեպրեսիաները․ «Այս ամենը շուռ է գալու իր դեմ։ Ինչքան ինքը փորձի ռեպրեսիաներով լռեցնել ընդդիմախոսներին, այնքան իր համար քարոզարշավը վեր է ածվելու դժոխքի։ Սյունեցին ընդամենը պաշտպանում է իր հողը, իր հողում առանց ադրբեջանական ներկայության ապրելու իրավունքը։ Եվ դրա համար նման ռեպրեսիաներ սկսել, սյունեցիներին ստորացնել, միայն սեփական վրեժխնդրությունից դրդված, դա բնորոշ է միայն թույլ մարդկանց, ուստի հորդորում եմ՝ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին․ ի դեպ, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթարը դեռեւս չի ապաքինվել պատերազմի ընթացքում ստացած վիրավորումից»։
«Լուսավոր Հայաստանի» սյունեցի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ըստ ամենայնի, որոշել է գլուխը չդնել ցավի տակ եւ մեր զանգերին օգնականի միջոցով պատասխանեց, որ վատառողջ է։
Նշենք, որ Սյունիքում քիչ թե շատ իշխանական համայնք է համարվում Գորայքը, ասում են՝ դա պայմանավորված է իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանի եւ համայնքապետի անձնական կապերով։ Մեզ չհաջողվեց գործող համայնքապետի հետ զրուցել, սակայն զրուցեցինք նախկինի՝ Առուստամ Առուստամյանի հետ։ «Ըտենց էլ պիտի լիներ, բա ի՞նչ էիք ուզում»,- արձանագրեց նախկին համայնքապետը։ Նա չի մասնակցել վերջին ակցիաներին, բայց կարծում է, որ այդ տրամադրություններն առկա են գրեթե ողջ մարզում։ «Հա, գուցե լինի մի խումբ, որ իշխանությունների աջակիցն է, բայց ընդհանուր տրամադրություններն իշխանությունների օգտին չեն։ Բա պիտի ասեն՝ մի խմբակ, բա հո չե՞ն ասի․․․ Ոչ մեկ իրա թանին թթու չի ասի»,- նշեց նա ի պատասխան Փաշինյանի եւ իշխանականների նեղացած հայտարարությունների։
Առուստամյանը դիմում է պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Ինչի՝ ինքը չի՞ տեսել, որ Սյունիքում էլ անվտանգ չի, որ ասում է՝ անվտանգ է, կամ՝ դեմ չի սյունեցին։ Մարդիկ իրականությունն են ասել, ի՞նչ խնդիր կա, ամենքն իր տան, իր ապահովության համար է կռիվ անում, ի՞նչ կազմակերպված, ի՞նչ բան»,- զարմանում է նա։ Ինչ վերաբերում է ըմբոստության ակցիային Գորայքի չմիանալուն, Առուստամյանը հարցնում է․ «Ո՜նց միանայինք, եթե գիշերով է եկել-անցել մեր մոտով»։ Նախկին համայնքապետի կարծիքով, իշխանությունը Սյունիքում անցանկալի հյուր է․ «Կամ՝ որ Նիկոլը ձեռով էր անում, ասում՝ ողջունում եմ, ընդեղ մարդ կա՞ր, որ ողջունում էր իրեն։ Ի՞նչ են ուզում ասել, եկել էին տրամադրություննե՞րը շոշափեին»։
«Եկեք ճիշտը խոսանք, էլի․ որ ասում են՝ կազմակերպված, եսիմինչ։ Համարենք՝ ո՛չ Նիկոլը եկել է, ո՛չ գնացել, ի՞նչ է նշանակում՝ Սյունիքն անվտանգ է։ Սա է կարեւոր։ Բայց դե, մարդ կա՝ ստամոքսի համար է մտածում, ի՞նչ ասեմ»,- ասում է Առուստամ Առուստամյանը։