Բաքուն կդառնա՞ Մոսկվա-Կիեւ հակամարտության կարգավորման նոր հարթակ

Բաքուն կդառնա՞ Մոսկվա-Կիեւ հակամարտության կարգավորման նոր հարթակ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրեր առաջ Իտալիայի Չերնոբիոյում տեղի ունեցած ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը, եթե նման անհրաժեշտություն առաջանա, կարող է մասնակցել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հակամարտության կարգավորմանը։ Եվ, ահա, թուրք վերլուծաբան Էնգին Օզերը հայտարարել է, որ Անկարան կարող է Բաքվին փոխանցել ուկրաինական հակամարտության հարցով բանակցությունների համաձայնեցված սկզբունքների փաթեթը, եւ, ամենայն հավանականությամբ, թե Մոսկվան, թե՛ Կիեւը դեմ չեն լինի, որ այդ հակամարտության կարգավորման նոր հարթակ դառնա Բաքուն։ 

Օզերը նշել է, որ պատերազմի ավարտից հետո այն երկիրը, որին Մոսկվան հավանություն կտա՝ որպես հարթակ, միջազգային ասպարեզում կդառնա ուժեղ խաղացող։ Իսկ Մոսկվան, ըստ Օզերի, վստահաբար, չի ուզենա, որ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր նման «կարգավիճակ» ունենա։ Իրականում, կարծում ենք, որ թե՛ Ադրբեջանի նախագահի՝ Չերնոբիոյում արված հայտարարությունը, թե՛ թուրք վերլուծաբան Օզերի տեսակետը պատահական չէ։ Հատկապես, եթե հարցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական օրեցօր սերտացող հարաբերությունների համատեքստում։ Ավելին, կարելի է նույնիսկ ենթադրել, որ ինչ-ինչ քննարկումներ այդ ուղղությամբ գուցե արդեն ընթանում են։ Հատկապես, որ նման մոդելը ձեռնտու է թե՛ Մոսկվային, թե՛ Բաքվին եւ, մեծ հաշվով, թե՛ բոլորին։ 

Ադրբեջանի համար այսօրվա աշխարհում ամենասուր հակամարտություններից մեկի կարգավորման հարթակ դառնալն իմիջային եւ դիվանագիտական կարեւոր նշանակություն ունի։ Բաքուն հիմա ամեն կերպ փորձում է դիրքավորվել որպես ռեգիոնալ առաջատար երկիր, ու Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների հարթակ դառնալը կհամապատասխանի ռեգիոնալ առաջատարի՝ ալիեւյան պատկերացումներին։ Ռուսաստանի համար Ադրբեջանին նման «կարգավիճակ» տալը ձեռնտու է երկկողմ հարաբերությունների տեսակետից։ Մոսկվան, կարելի է ասել, Բաքվի հետ ունի հեռուն գնացող նպատակներ։ Բացի այն, որ Բաքուն որեւէ ռազմաքաղաքական բլոկի անդամ չէ, այն նաեւ Մոսկվայի համար հուսալի գործընկեր է ու դաշնակից Հարավային Կովկասում։ Իսկ Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունների լարվածության ներկայիս փուլում ռեգիոնում Բաքվի կշիռն ու արժեքը մեծացնում են։ 
Կիեւի համար էլ, օրինակ, եթե կշեռքի նժարներից մեկին դրվի Բաքուն, մյուսին՝ Անկարան, շատ նրբություններ հաշվի առնելով, երեւի նախընտրություն տրվի Բաքվին։ Ուստի նման տեսակետներ ասպարեզ նետելով, փորձ է արվում տրամադրություններ ստուգել՝ հաջորդիվ կատարվելիք քայլերին նախապատրաստվելու համար։