Աստված ինձ նվիրեց այս տարիքում այստեղ հասնելու ուրախությունը

Աստված ինձ նվիրեց այս տարիքում այստեղ հասնելու ուրախությունը

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առթիվ կայանալիք համերգից առաջ, Տիգրան Մանսուրյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդիպեցին լրագրողների հետ ու խոսեցին համերգի մասին, որը կայանալու է մաեստրոյի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ 

Խոսելով հոբելյանական համերգից, Սերգեյ Սմբատյանը նշել է, որ համերգը շատ կարեւոր է իր համար, քանի որ նվիրված է Մանսուրյանի հոբելյանին։ Համերգի առաջին բաժնում կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները՝ ալտի եւ ջութակի համար․ «Երկրորդ բաժնում կլսենք մաեստրոյի ֆիլմերի երաժշտությունը, որը հայտնի է «Սիմֆոնիկ Մանսուրյան» ծրագրից: 15 օրից ավելի է, այդ համերգի տոմսերն իսպառ բացակայում են, ինչը խոսում է այն մասին, որ այսօր Հայաստանում ժամանակակից ունկնդիրը սիրում է ժամանակակից կոմպոզիտորին: Դա այն հաջողությունն է, որին երկար տարիներ ուզում էինք հասնել»:

Ս․ Սմբատյանն իր խոսքում նկատել է, որ քրեակատարողական հիմնարկում երեք օր անց՝ բոլորն իմացել են «Սիմֆոնիկ Մանսուրյան» ծրագրի մասին: «Մանսուրյանին գիտեն ամեն տեղ, շատ մարդիկ լսել էին այս ծրագրի մասին, բայց չգիտեին, որ ես եմ, քանի որ միշտ մեջքով եմ լինում մարդկանց, բայց մարդիկ նաեւ իմ դեմքն իմացան», - նշել է Սմբատյանը, ում կարծիքով կյանքում բացասական բաները վերաիմաստավորում են մարդուն․ «Իմ պարագայում ես վերահաստատեցի, որ այն, ինչ անում եմ, անում եմ ճիշտ»։ Տիգրան Մանսուրյանն էլ եզակի եւ օրինակելի է որակել՝ իր, Սերգեյ Սմբատյանի եւ Սիմֆոնիկ նվագախմբի միջեւ համագործակցությունը. «Եթե կատարողի կողմից հեղինակի նկատմամբ կա անվստահություն, դա անպայման լսվում է, ընդգծվում հարաբերությունների ընթացքում տարիների կտրվածքով»:

Տ․ Մանսուրյանը նշել է, որ վերջին տարիներին համատեղ բեղմնավոր աշխատանք են ունեցել Սերգեյ Սմբատյանի եւ նվագախմբի հետ. «Իմ ֆիլմերի երաժշտությունը գրել եմ 3-4 գործիքի համար, որովհետեւ էկրանի պահանջը դա է եղել, 3 գործիք, ոչ նվագախմբային հնչողություն… իսկ երբ դուք անում եք սիմֆոնիկ կինոերաժշտություն, ամբողջությամբ վերանայում եք այդ աշխատանքը եւ իմ ի բերում նվագախմբի թանձր հնչողությանը: Սա աշխատանք է, որը սկիզբ դրվեց այս նվագախմբի հետ, կյանք մտավ մի շարք համերգներով, որոնք անմիջապես ունկնդրի ուշադրությանն արժանացան… Սա օրինակներից մեկն է մեր համատեղ աշխատանքի, բայց միակը չէ։ Վաղվա համերգն իմ պատասխանատու համերգներից է, 85-ամյակ…Աստված ինձ նվիրեց այս տարիքում այստեղ հասնելու ուրախությունը, որը վաղը կնշվի սիմֆոնիկ համերգով»,-նկատել է Տ. Մանսուրյանը: