Կա երկու հստակ մեղավոր` Փաշինյան Նիկոլ եւ Ռուսաստան

Կա երկու հստակ մեղավոր` Փաշինյան Նիկոլ եւ Ռուսաստան

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի հետ

- Երեկ Գրանադայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր գագաթնաժողովի, որի ժամանակ պետք է կայանար Ալիեւ-Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել հանդիպում, սակայն Ալիեւը չմեկնեց Իսպանիա: Ի՞նչ սպասենք այս շփումներից:

- Նիկոլ Փաշինյանից ի՞նչ սպասել` հերթական զիջումը, հերթական հանձնումը, հերթական դավաճանությունը: Այստեղ երրորդ կարծիք չի կարող լինել: Նա հիմա իր աթոռը պահելու համար գնալու է ցանկացած քայլի` ցանկացած:

- Փորձագետներն ասում են, որ այժմ Զանգեզուրի միջանցքի հարցն է դրված:

- Չեմ բացառում:

- Ի՞նչ քայլերի կարող է դիմել Փաշինյանն առաջիկայում:

- Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների ցանկությունները Նիկոլ Փաշինյանն ի կատար է ածելու:

- Իշխանությունը մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը: 

- Ռուսաստանի մեղքի բաժինը, այո, չափազանց մեծ է: Չի կարելի ասել՝ միայն ռուսներն են մեղավոր, եւ չի կարելի ասել` միայն Նիկոլն է մեղավոր, մեղավոր են երկուսը: Ռուսաստանն օգտագործեց Նիկոլ Փաշինյանին որպես խողովակ՝ իր ռեգիոնում տակտիկական մանյովրներ կատարելու համար: Այսինքն` ՌԴ-ն գտավ այն թույլ օղակը, որի միջոցով կատարեց իր տեսանկյունից ձեռնտու քայլերը: Մենք ընկանք այդ մսաղացի տակ: Կա երկու հստակ մեղավոր` Փաշինյան Նիկոլ եւ Ռուսաստան, մասնավորապես` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նրանք այս գիծը համառորեն հասցրին իրենց համար տրամաբանական ավարտին:

- Վերջերս ընդդիմադիրները փողոցում էին, Դուք եւս այնտեղ էիք: Պայքարի դուրս եկած ընդդիմադիրները Ռուսաստանով հիացած են: Ինչո՞ւ:

- Մի քիչ «ընդդիմադիր» ասվածը հարաբերական է այսօր: Ո՞վ է Ռուսաստանի մասին հիացմունքով խոսում:

- Վազգեն Մանուկյան, Անդրանիկ Թեւանյան….

- Ամենայն հարգանքով, բայց ինձ շատ քիչ է հետաքրքրում նրանց կարծիքը, հատկապես՝ Անդրանիկ Թեւանյանինը: Այսօր ի՞նչ է նշանակում՝ Ռուսաստանով հիանալ: Պետք է իրերն իրենց անունով կոչել: Ռուսաստանն այսօր իր դաշնակցից երես է թեքել:

- Ինչո՞ւ հերթական անգամ պայքարը ձախողվեց:

- Այսօր, ցավոք, ընդդիմությունը` փողոցային եւ պառլամենտական, չի կարողանում ժողովրդին կոնսոլիդացնել: Ստացվում է, որ 10 միլիոն հայության մեջ չենք գտնում մեկին, ով կկարողանա մեր ազգը կոնսոլիդացնել մեկ գաղափարի շուրջ: Ազգային փրկության հարցն է այսօր, եւ ինչքան Նիկոլ Փաշինյանը մնա այդ աթոռին, այդքան մենք գնալու ենք կործանման:

- Դուք՝ որպես քաղաքական գործիչ` ընդդիմությունից անջատ ի՞նչ ծրագրեր ունեք:

- Չեմ կարող ասել, բայց մենք ծրագրեր ունենք:

- Պահանջ կա, որ խորհրդարանական ընդդիմությունը Ձեր օրինակին հետեւի եւ մանդատները վայր դնի: Երեկ ականատես եղանք ԱԺ-ում լեզվակռվի, էմոցիոնալ ելույթների: Ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր պատգամավորները:

- Այն, ինչ անում են ընդդիմադիրներն Ազգային ժողովում` արդեն երկու տարուց ավելի, չի տալիս որեւէ արդյունք: Նրանց այդ մասին բազմիցս ասվել է` չեք կարող մտնել Նիկոլենց դաշտ եւ այնտեղից հաղթող դուրս գալ: Դրա ականատեսը մենք եղանք նաեւ երեկ: Ես իմ քայլն արել եմ, չեմ կարող ասել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, բայց եթե հիշում եք, ես մանդատը վայր դնելիս ասացի` ժամանակը ցույց կտա, թե մեզնից ով է ճիշտը:

- Ինչո՞ւ եք կարծում, որ չեն կարող հաղթել` Նիկոլն այդքան ուժե՞ղ է, թե՞ ընդդիմությունն է թույլ:

- Ընդդիմությունը թույլ է, ընտրվել են սխալ մեխանիզմներ, մեթոդներ: Մի մոռացեք, որ Նիկոլն ունի վարչական, պետական ռեսուրսներ…. Այդ ամենը պլյուս-մինուս անելով՝ ստանում ենք այսօրվա պատկերը: