«Հրապարակ». Անգամ «նախկինները» նախընտրելի են Տիգրան Ավինյանի ընկերներից

«Հրապարակ». Անգամ «նախկինները» նախընտրելի են Տիգրան Ավինյանի ընկերներից

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններից հետո նախկին երկու փոխքաղաքապետեր Գեւորգ Սիմոնյանն ու Ստեփան Մաչյանը չվերանշանակվեցին իրենց պաշտոններում։ Հիշեցնենք, որ երկուսն էլ անցնում են քրեական գործով, եւ նրանց չվերանշանակման հարցում հենց այդ փաստն է դարձել գլխավոր խոչընդոտը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին թուլացնելու կուրս է վերցրել, նրա՝ որպես քաղաքապետի, հիմքերը խարխլելու եւ որտեղ կարողանում է, նշանակում է իր մարդկանց, որ, մի կողմից, Ավինյանին վերահսկի, մյուս կողմից՝ թույլ չտա, որ նա ուժեղանա եւ երբեւէ հավակնի վարչապետի պաշտոնին։ 

Իսկ փոխքաղաքապետերի դեպքում կա նաեւ լեգիտիմ պատճառ՝ նրանք քրեական գործերով են անցնում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 10-ին Գեւորգ Սիմոնյանը ու եւս 10 անձ ձերբակալվել էին, իսկ մինչ այդ խուզարկություն էր իրականացվել Սիմոնյանի աշխատասենյակում: Կալանավորված Գեւորգ Սիմոնյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ մեկուկես ամսից՝ ապրիլի 27-ին, ազատ արձակվեց։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Ստեփան Մաչյանին էլ մեղադրանք է առաջադրված պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մեղադրանքը կապված է տուն-ինտերնատի տարեցներին եւ այլ անապահով անձանց բնակարաններով ապահովելու՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գնման գործընթացի հետ: Այդ ժամանակահատվածում Մաչյանը զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնը եւ պատասխանատու է եղել գնման գործընթացի համար։

Սակայն պարզվում է, որ անկախ այն հանգամանքից, որ դատարանով նրանց մեղքը չի հաստատվել, Տիգրան Ավինյանի մտերիմներին չի կարելի ոչ միայն բարձր պաշտոններ, այլեւ ցանկացած պաշտոն զբաղեցնել։ Մեզ ասացին, որ Տիգրան Ավինյանը Ստեփան Մաչյանին ցանկացել է ԾԻԳ-ի՝ Ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար նշանակել, սակայն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, փոխարենը՝ այդ պաշտոնում անցած շաբաթ նշանակվել է վաղնջական ժամանակներից Երեւանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած Արման Հարությունյանը, ով մինչեւ վերջերս զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնը, նա 2015 թվականից այդ պաշտոնին է։ Խոսքը «Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի մասին է, որտեղ Հարությունյանը նոյեմբերի 13-ին նշանակվել է տնօրենի պաշտոնակատար: Նա փոխարինել է նախկին տնօրեն Նորա Մարտիրոսյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, ամիսներ առաջ մեկնել է ԱՄՆ եւ չի վերադարձել։