«Հրապարակ». Ամենամեծ թերությունը պրոֆեսիոնալ մարդկանց բացակայությունն է կառավարությունում

«Հրապարակ». Ամենամեծ թերությունը պրոֆեսիոնալ մարդկանց բացակայությունն է կառավարությունում

2 տարի Տավուշի մարզպետ, իսկ արտահերթ ընտրություններից հետո 4 ամիս բարձր- տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած Հայկ Չոբանյանն այսօր իր հարազատ IT ոլորտում է։ Նա անցյալ տարի ընտրվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն ու երեկ ամփոփում էր Հայաստանում եւ Արցախում իրականացրած ծրագրերը։

Ասուլիսից հետո Չոբանյանին նախ հարցրինք՝ ինչպե՞ս է տեսնում Արցախում ծրագրերի իրականացման շարունակությունը։ «Արցախում մեր ծրագրերը նույնն են, ինչ որ Հայաստանում, եւ մենք դա չենք առանձնացնում ընդհանրապես։ Առանձնացնում ենք սթրեսի տեսանկյունից։ Մեզ համար շատ ավելի առաջնային է Արցախում ցանկացած ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները եւ ռազմավարական, անվտանգային, տնտեսական տեսանկյունից եւ ոչ միայն։ Եվ 2023 թ․ մենք հնարավոր առավելագույն ծրագրեր ենք իրականացնելու Արցախում»,- ասաց նա։

- Արցախն ի՞նչ եք համարում, ինչպիսի՞ տարածք է այն Ձեզ համար։

- Արցախը Հայաստանի մաս է։ Դրա համար եմ ասում՝ մենք որեւէ տարբերություն չենք դնում Արցախի եւ Հայաստանի միջեւ։

- Արցախը Հայաստան է, եւ վերջ` ա՞յդ իմաստով նկատի ունեք։

- Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ, ու դա հնչել է, հնչում է եւ պիտի հնչի։ Դա հնչել է Լեոնիդ Ազգալդյանի կողմից։

- Բայց Նիկոլ Փաշինյանն էլ 2019-ին Արցախում նույնը հայտարարեց, իսկ այսօր արդեն ինքն է հրաժարվում իր հայտարարածից։

- Ես համարում եմ, որ Արցախը Հայաստան է, եւ դրա համար ասում եմ, որ մեր ծրագրերում Արցախն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում` այնքանով, որ մենք շատ ավելի խիստ ենք մոտենալու այդ ծրագրերին, որոնք իրականացնելու ենք Արցախում։

- Իսկ եթե Հայաստանի կառավարությունը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից եւ ստորագրում է, օրինակ, մի փաստաթուղթ, որով Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում, ինչպե՞ս եք այդ դեպքում ձեր ծրագրերն իրականացնելու։

- Հայաստան պետությունը չի կարող հրաժարվել Արցախից։

- Հայաստանը չի կարող, բայց Նիկոլ Փաշինյանը կարող է, գուցե արդեն հրաժարվել է։

- Էդ հարցն ինձ չի ուղղված, բայց Հայաստան պետությունը չի կարող հրաժարվել Արցախից, որովհետեւ Արցախը Հայաստան է։

- Ի դեպ, ինչո՞ւ 2021 թվականին ընդամենը չորս ամիս պաշտոնավարելուց հետո Դուք ազատվեցիք նախարարի պաշտոնից ու այդպես էլ չվերադարձաք պետական կառավարման համակարգ։

- Ինչպես գիտեք, իմ պաշտոնավարումից հետո ստեղծվեց նոր կառավարություն, եւ նոր կառավարության շրջանակներում ես չվերանշանակվեցի նախարար։ Պաշտոնական մեկնաբանությունը եղել է համատեղ աշխատանքի շարունակության աննպատակահարմարությունը։

- Ձեր աշխատանքի՞ց էին դժգոհ, արդյունավե՞տ չէր Ձեր աշխատանքը, թե՞ Դուք նպատակահարմար չգտաք իրենց հետ աշխատել։

- Արդյունավետության տեսանկյունից հարցն ինձ չի ուղղված, ես՝ ինքս, մեծ ծրագրերով էի գնացել, ոչ՝ կարճաժամկետ, եւ եթե լինեին համապատասխան պայմաններ, ապա ես կարծում եմ՝ մինչեւ հիմա մեծ ծավալի աշխատանք կլիներ կատարված։ Բայց ես չվերանշանակվեցի, որը նշանակում է, որ ինձ այդ հնարավորությունը չտրվեց։

- Ինչո՞վ եք դա բացատրում, հատկապես, որ այս կառավարությունը վերջին չորս տարիներին այնքան պաշտոնյա է փոխել՝ սկսած ուժային կառույցներից, որքան երեւի նախորդ 10-20 տարում չէր փոխվել։

- Հաշվի առնելով նաեւ պաշտոնական մեկնաբանությունները՝ ես կարծում եմ, որ կա մի մեծ խնդիր, որը վերաբերում է պրոֆեսիոնալիզմի գնահատմանը։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ոլորտ պետք է ղեկավարի այդ ոլորտի պրոֆեսիոնալ մարդը։ Ես կարծում եմ, որ այսօրվա կառավարությունում այդ նախապատվությունը չկա, եւ էդպես հնչել է նաեւ իմ ազատման ժամանակ։

- Այսինքն՝ Ձեզ համարեցին պրոֆեսիոնալ եւ ազատեցին, որպեսզի Ձեր փոխարեն ոչ պրոֆեսիոնալ մե՞կը գա։

- Ես գտնում եմ, որ այսօր ամենամեծ բացը, ամենամեծ թերությունը պրոֆեսիոնալ մարդկանց բացակայությունն է կառավարությունում։

- Սկսած կառավարության ղեկավարի՞ց։

- Ես կարծում եմ, որ հատկապես նախարարական պաշտոնները, դրանք ոլորտային ուղղություններ են եւ խոսում են պրոֆեսիոնալիզմի մասին, դա առաջին հերթին նկատի ունեմ, եւ այդ ոլորտային ղեկավարները պետք է այդ ոլորտի փորձառու մասնագետներ լինեն, որովհետեւ ցանկացած կազմակերպությունում էդպես է, եւ դա էդպես պետք է լինի նաեւ պետության կառավարման մեջ։
- Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պրոֆեսիոնա՞լ է, Ձեր կարծիքով։
- Վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, դրա համար ես մեկնաբանութուն չեմ անի, դրա համար ես գտնում եմ, որ վարչապետի կողքը պետք է լինեն պրոֆեսիոնալ նախարարներ, որոնք ոչ միայն լիարժեք տիրապետում են, այլ նաեւ կարող են առաջնորդել իրենց ոլորտները։

- Իսկ հիմա կա՞ գոնե մեկ-երկու այդպիսի նախարար, որոնք, Ձեր կարծիքով, պրոֆեսիոնալ են։

- Անկեղծ ասած՝ չեմ ուզի ես հիմա էդպիսի գնահատական տալ, բայց հասարակությունը տալիս է, մասնագետները տալիս են պարբերաբար հարյուրավոր հարցազրույցներում։ Ես գտնում եմ, որ կա պրոֆեսիոնալիզմի պակաս։

- Հետեւո՞ւմ եք, ընդհանուր առմամբ, քաղաքական իրադարձություններին, կառավարության գործունեությանը։

- Այն` ինչ որ ինձ համար առաջնահերթ է։ Իսկ ինձ համար առաջնահերթ է համարվում Հայաստանում անվտանգությունը եւ տնտեսության զարգացումը։

- Դուք նախկինում լինելով այս կառավարության անդամ՝ քաղաքական պատասխանատվություն եք ստանձնել։ Հետաքրքիր է, Դուք այս իշխանության ձախողումների, թերացումների հարցում Ձեզ մեղավոր եւ պատասխանատու համարե՞լ եք։

- Անշուշտ, որովհետեւ ես ավելի լավատեսությամբ եմ 2018 թվականին միացել քաղաքական թիմին, քան թե մենք հետագայում ականատես եղանք այդ իրադարձություններին: Եվ ես գտնում եմ, որ վերջին 3-4 տարիների ընթացքում հնարավոր էր Հայաստանում շատ ավելի մեծ փոփոխություններ կատարվեին ե՛ւ տնտեսական առումով, ե՛ւ անվտանգային առումով, քան կատարվել են այս ընթացքում։

- Դուք ազատվեցիք պատերազմից հետո, իսկ պատերազմի ժամանակ Տավուշի մարզպետն էիք, որպես այդ շրջանում իշխանության մաս կազմած պաշտոնյա՝ համարո՞ւմ եք, որ այս իշխանությունն իր ուղղակի մեղքն ու պատասխանատվությունն ունի պատերազմի, մեր կրած պարտության եւ հազարավոր զոհերի հարցում, եւ Ձեր մասով Դուք Ձեր բաժին պատասխանատվությունը զգո՞ւմ եք։

- Կառավարության ղեկավարն այս առումով քաղաքական հայտարարություններ արել է, եւ ես ավելի ասելիք չունեմ։ Ես կարող եմ ասել, որ պատերազմի ընթացքում, որպես մարզպետ, ես՝ ինքս, ինձ համար ձեւակերպել եմ բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում էին ե՛ւ զորակոչի համակարգին, ե՛ւ զորահավաքի համակարգին, ե՛ւ մատակարարումների համակարգին, ե՛ւ որոշումների կայացման համակարգին, որոնք գրեթե չէին աշխատում։ Սրանք թեմաներ են, որոնք բազմաթիվ անգամ հնչել են, եւ մեզ համար դրանք պետք է դառնային օրակարգային հարցեր՝ հիմա խնդիրներ լուծելու համար։ Բայց երբ որ մենք տեսնում ենք՝ էդ փոփոխություններն էլ արագ չեն, այն դեպքում, որ մենք գտնվում ենք պերմանենտ հիբրիդային պատերազմի մեջ, դա է ինձ անհանգստացնում, եւ ես էստեղ չեմ տեսնում նաեւ հասարակության հատկապես մասնագիտական թեւի, այդ թվում՝ տեխնոլոգիական ընկերությունների ուղիղ ներգրավման հարթակների արագ ստեղծման կամքը։