Արտահերթ ընտրությունների համար ընտրական նոր օրենսգիրքը պատրաստ կլինի տարեվերջին

Արտահերթ ընտրությունների համար ընտրական նոր օրենսգիրքը պատրաստ կլինի տարեվերջին

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական ղեկավարությունից պատվեր է իջեցվել՝ արագացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը 2018 թվականից մասնակցում է ԸO բարեփոխումների գործընթացին, մեզ հետ զրույցում ասաց, որ օրենսգրքի փոփոխման նախագիծն ավարտական փուլում է, ամենայն հավանականությամբ, այս տարի այն կներկայացվի հանրությանը․ «Ինտենսիվ աշխատանքներ են տարվում։

Որպես քաղհասարակության ներկայացուցիչ, որը նաեւ ընտրականի վրա է աշխատում, եթե արտահերթ ընտրություններ լինելու են, ապա դրանք պետք է լինեն պատշաճ որակի, իսկ  պատշաճ որակը ենթադրում է լավ օրենսդրություն։ Եվ այդ առումով մենք ինտենսիվ աշխատում ենք օրենսգրքի վրա, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, դրանք լինեն որակյալ»։ Նա հույս հայտնեց, որ այս տարի նոր օրենսգիրքը կներկայացվի հանրության դատին․ «Այսպես ասեմ՝ մենք նախատեսում ենք տարվա վերջ ներկայացնել»։

- Ազգային ժողով ե՞րբ է ուղարկվելու նախագիծը։

- Ինձ թվում է, որ դա զուգահեռ տեղի կունենա, եւ հենց Ազգային ժողովի կողմից կներկայացվի հանրությանը, այսինքն՝ ԱԺ-ն հանրային քննարկումներ կսկսի։ Երեւի, որովհետեւ մաքսիմալ անում ենք, որ էդպես լինի։

- Բացի ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունից, ինչպիսի՞ փոփոխություններ կան ԸՕ-ում։

- Բազմաթիվ, խաղի կանոններն են՝ հիմնականում կապված նախընտրական քարոզչության հետ, նախընտրական քարոզչության ֆինանսավորման հետ, մի շարք ընտրախախտումների քրեականացում ենք նախատեսում, խստացվում է վարչական ռեսուրսի օգտագործումը եւ այլն։

- Իսկ ցուցակների առումով…

- Ցուցակների առումով. 2018 թվականին էինք մշակել, ճիշտ է՝ այն ժամանակ չընդունվեց, բայց մշակածով է լինելու, ցուցակները բավականին մաքրվել են։

- Պարոն Իոաննիսյան, իշխանությունից պահանջ, խնդրանք եղե՞լ է Ձեզ՝ արագացնել օրենսգրքի փոփոխության նախագիծը, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների։

- Բոլորս չափահաս մարդ ենք եւ բոլորս հասկանում ենք, որ կա հավանականություն արտահերթ ընտրությունների։ Պետք չէ, որ ինչ-որ մեկն առանձին մեզ խնդրի, որ արագացնենք, կամ չխնդրի։ Ակնհայտ է, որ կարող է արտահերթ ընտրություններ լինեն, ակնհայտ է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, պետք է որակյալ օրենսգրքով լինեն։ Այնպես որ՝ պետք է օրենսգիրքը վերջնականացվի։

- Այսինքն՝ Ձեզ համար ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններ են լինելու, դրա համա՞ր եք արագացրել պրոցեսը։

- Այո։