Կապանում ցուցարարները պահանջում են ՔՊ-ական փոխմարզպետի հրաժարականը

Կապանում ցուցարարները պահանջում են ՔՊ-ական փոխմարզպետի հրաժարականը

Կապանի ոստիկանության բաժնի դիմաց շարունակվում է հարյուրավոր քաղաքացիների բողոքի ակցիան։ Հիշեցնենք, որ Քաջարանում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է` ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել, տարբեր անձինք հայտնվել են ոստիկանության բաժանմունքներում, նրանցից մի քանիսին անգամ Երևան են տեղափոխել: Կեսօրից արդեն ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կապանի ոստիկանության դիմաց:

Ցուցարարներն այժմ պահանջում են փոխմարզպետ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի հրաժարականը, ում մեղադրում են մարզի մթնոլորտը խաթարելու և «վերևներին» սխալ տեղեկատվություն տալու համար։ Նրանք պնդում են, որ մարզպետ Հունան Պողոսյանն անձամբ ներկայանա և բացատրություն տա, թե ինչ նպատակով են երիտասարդներին ձերբակալել ու ծեծել։ Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ 15 րոպեից կգա ցուցարարների մոտ։