Ում շահերն են սպասարկում արեւմտյան դիտորդական առաքելությունները

Ում շահերն են սպասարկում արեւմտյան դիտորդական առաքելությունները

Հունիսի 20-ի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու 8 միջազգային կազմակերպություն․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ միջխորհրդարանական, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներ, ՌԴ հանրային պալատ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն։

Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը հրավիրում է քարոզարշավում հնչող ատելության խոսքի ու հնարավոր բախումների վրա։ Նա հեգնանքով նշում է՝ այնպես չլինի, որ լանչի պահին բաց թողնեն քաղաքացիական բախումների մարտահրավերը։ Զոհրաբյանն օրեր առաջ նամակ է ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին եւ հարցրել, թե ինչքան են լռելու, արդյոք մուրճով քարոզարշավի գնալը եվրոպական չափանի՞շ է, կարո՞ղ են բերել 1 օրինակ, որ եվրոպական որեւէ լիդեր մուրճով գնա քարոզարշավի։ Զոհրաբյանը որեւէ պատասխան չի ստացել։ Ավելին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների եւ կոմիտեի մոտ 2 ժամանոց հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրել են վարչապետի ԺՊ-ի կողմից քարոզարշավի կոպտագույն խախտումները։ 

«Ես ԱՊՀ դիտորդական առաքելությանն այս պահին չեմ անդրադառնա, կսպասենք նրանց զեկույցին, ինչ վերաբերում է եվրոպական դիտորդական կազմակերպություններին, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որը, եթե հիշում եք, ոչ նիկոլական իշխանության նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ժամը մեկ միջանկյալ զեկույց էր հրապարակում։ Ես հիշում եմ, որպես լրագրող, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրությունների, թե՛ Սերժ Սարգսյանի։ Հիշում եմ Սերժ Սարգսյանի այն ձեւակերպման վերաբերյալ, որ «քանի տոկոս ուզենք, կխփենք», ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 90 անգամ աղմուկ-աղաղակ բարձրացրեց։

Հիմա Նիկոլ Փաշինյանն ագրեսիվ քարոզարշավ է տանում՝ կա՛մ սպառնում է, կա՛մ ահաբեկում, այդ թվում՝ լրատվամիջոցներին, նրանց անվանում «քիլերներ», եւ մենք տեսնում ենք, թե ինչպես է նրան սատարող սեգմենտը հարձակվում լրագրողների վրա՝ Անի Գեւորգյանի, Սյուզի Բադոյանի։ Այսինքն՝ վտանգված են նաեւ լրատվամիջոցների՝ իրենց մասնագիտական պարտականությունը կատարելու եւ անաչառ լրատվություն փոխանցելու իրավունքները։ Նա իր ազդեցության տակ գտնվող սեգմենտին նաեւ կոչ է անում՝ չհաշտվել իր հնարավոր պարտության հետ, գնալ ընտրատեղամասեր՝ հասարակությանը նախապատրաստելով քաղաքացիական բախումների»,- ասաց Զոհրաբյանը, ով դիմել է նաեւ լրագրողական միջազգային կազմակերպություններին՝ լրագրողների հանդեպ բռնությունների մասով, եւ դարձյալ զրո արձագանք։

Հետեւաբար, դիտորդների առկայությունը Զոհրաբյանի համար գրավական չէ, որ կլինեն օբյեկտիվ զեկույցներ, քանի որ «արեւմտյան դիտորդական առաքելությունները սպասարկում են իրենց աշխարհաքաղաքական կենտրոնի շահը։ Իսկ այդ կենտրոնին ձեռք է տալիս կառավարելի, թույլ, հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող ղեկավար, որին ինչ ուզեն, ոնց ուզեն եւ երբ ուզեն՝ կարող են պարտադրել»։

Դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունները 19-ն են․ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն», «Ընտրությունը քոնն է», «Լեգալ պրոգրես իրավական ակումբ», «Արժանապատիվ սպա», «Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Քաղաքացիական գիտակցություն», «Երիտասարդական ակումբների դաշնություն», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն», «Ժողովրդավարական Արարատ», «Հայաստանի ասորական «Խայդաթա» ֆեդերացիա», «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն», «Գյումրու «Ռեսթարթ» նախաձեռնությունների կենտրոն», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Կանանց իրավունքների տուն», «Ուղղակի ժողովրդավարություն»։ 

Նաիրա Զոհրաբյանին հարցրինք․ եթե Ռոբերտ Քոչարյանը մուրճը ձեռքին քարոզարշավ աներ, ի՞նչ կլիներ։ «Ուրեմն՝ բոլոր սաքունցները, բոլոր իոաննիսյանները դարի փերֆորմանսն էին արել՝ «Ես չագուճ եմ» վերնագրով, հագել էին մայկաներ՝ մուրճի պատկերով, դիմել էին բոլոր կազմակերպություններին»,-արձանագրեց նա։

Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորումից» Դանիել Իոաննիսյանը հավատացնում է՝ այն նույն եռանդով, որով փնտրում էին նախորդ իշխանությունների խախտումները, նույնկերպ փնտրում են ներկաների խախտումները, բայց չեն գտնում։ «Այս իշխանությունների խախտումները բացահայտելու համար մենք մի քանի հատուկ՝ գաղտնի օպերացիա ենք արել, բայց առայժմ լուրջ բացահայտումներ չեն եղել»,- ասաց նա։ Գաղտնի օպերացիա ասելով՝ նկատի ունի, որ ՀՀԿ շտաբի անունից 2017 թվականին զանգահարել էին Երեւանի 114 դպրոցների տնօրեններին եւ գաղտնի ձայնագրել նրանց։