Հայտնի է Ապարանի սպանության համար ձերբակալվածի անունը

Հայտնի է Ապարանի սպանության համար ձերբակալվածի անունը

Կիրակի՝ հունիսի 19-ին, երեկոյան մամուլը ողողվեց Ապարանում տեղի ունեցած սպանության մասին հրապարակումներով։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ ՔՊ-ական փոխմարզպետի և պատգամավորի հարազատները կրակել և սպանել են Փաշինյանին հայհոյող անձանց։ Ոստիկանությունը շատ արագ սկսեց հերքում տարածել, որ դեպքը քաղաքական ենթատեքստ չունի և տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Հաջորդ օրը Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես գրված էր․ «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում:

Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ»: 
Ողբերգական միջադեպից հետո լուրեր շրջանառվեցին, որ մահացածներից մեկը Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է, ով աշխատում էր հայտնի «Գնթունիք» սուպերմարկետում որպես մենեջեր։ Թե քննչական կոմիտեի, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, կրակողը Երևան քաղաքի բնակիչ է։

Մեզ հայտնի դարձավ, որ կրակողի անունը Հայկ է և նա արմատներով Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղից է, բայց երկար տարիներ բնակվում է Երևանում։ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված է, որ երիտասարդները հանդիպել են Ապարանի սկզբնամասում գործող գազալցակայանում: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գազալցակայանը պատկանում է Արագածոտնի մարզի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին։ 

«Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Ձորագլուխ գյուղի գյուղապետ Հրայր Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ կրակողն իրենց գյուղից է՝ 32 տարեկան Հայկ Հովհաննիսյանը։ Նրանց ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել է եւ բնակվում է Երևանում։