Հայտնի է, թե ինչում են մեղադրում Սեդրակ Առուստամյանին. կքննվի նրան կալանավորելու հարցը

Հայտնի է, թե ինչում են մեղադրում Սեդրակ Առուստամյանին. կքննվի նրան կալանավորելու հարցը

Այսօր տեղի է ունենալու Մուլտի գրուպ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստը:

Հիշեցնենք, որ Առուստամյանը օրերս ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել էր:

Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դատարան էին ներկայացրել ձերբակալման դեմ բողոք, սակայն քննությունն այնքան երկարաձգվեց,որ վարույթ իրականացնող մարմինը ներկայացրել է կալանավորման միջնորդություն.

«Երեկ քննարկվում էր ձերբակալման դեմ մեր բերած բողոքը, սակայն քննչական մարմինը ձգձգեց նիստը և բերեց կալանքի միջնորդություն, այսօր քննարկվելու է կալանքի միջնորդությունը», - ասաց Սուքիասյանը:

Առուստամյանի պաշտպանը մի փոքր փակագծերը բացեց, թե ինչում են նրան մեղադրում: Նա ասաց, որ ըստ էության Առուստամյանը քրեական հետապնդման է ընթարկվում տոկոսով փոխառությամբ տված գումարների տոկոսները հետ չստանալու համար.

«Մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, իմ գնահատմամբ՝ մեղադրանքը հանգում է նրան, որ տոկոսով փոխառության տված գումարների տոկոսները տարիներ շարունակ Սեդրակ Առուստամյանը չի ստացել: Այսինքն՝ մարդուն մեղադրում են, թե դու ինչու տոկոսով փոխառության տված գումարների տոկոսները չես ստացել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող հրապարակել, քանի որ նախաքննական գաղտնիք է: