«Հրապարակ». Մի ընկերության հրավիրում են Հայաստան, մեկին՝ դուրս մղում

«Հրապարակ». Մի ընկերության հրավիրում են Հայաստան, մեկին՝ դուրս մղում

Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել, որ Սեւանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի եւ ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։ Փաստորեն, մի ընկերության հրավիրում են Հայաստան, մեկին՝ դուրս մղում։

Տաթեւիկ Ռեւազյանի եւ ռուսական «Պոբեդա» ընկերության միջեւ հարաբերությունները մնում են լարված: Օրերս Ռեւազյանը հայտարարել էր, որ «Պոբեդայի» հետ խնդիրները հարթվել են, սակայն դրան հաջորդեց «Պոբեդայի» հերքումը: Նախօրեին էլ քաղավիացիան եւ ԱԻՆ-ը հաղորդագրություն էին տարածել, որ «Պոբեդայի» ինքնաթիռի պոչը վնասվել է կոշտ վայրէջքի արդյունքում։ «Պոբեդան» դարձյալ հերքել էր այդ տեղեկությունը: Սա կրկին վկայում է, որ «Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան հենց Ռեւազյանի գործունեության արդյունքում: