«Հրապարակ». ՍԴ-ն մամուլի քարտուղար ունի

«Հրապարակ». ՍԴ-ն մամուլի քարտուղար ունի

Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակից Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար։ Նա 2000 թ․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը: 2013-ից, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, Մելքոնյանը նրա մամուլի խոսնակն էր` մինչեւ Կոստանյանի հեռանալը։

2000-ից աշխատում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, իսկ 2019-ին նրան ազատեցին հանրայինից, եւ տպավորություն էր, որ Մելքոնյանը վերջնական տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ, քանի որ աշխատանքի անցավ ԱԱԾ տնօրենի պաշտոնից աղմկահարույց հրաժարականով հեռացած Արթուր Վանեցյանի թիմում` նրա մամուլի խոսնակն էր։ Նույն շրջանում իշխանությունները քրեական հետապնդումներ սկսեցին նրա ամուսնու՝ Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի նկատմամբ, վերջինս անգամ կալանավորվեց, հետո գրավով ազատ արձակվեց, վերջերս էլ դադարեցրին նրա պաշտոնավարումը։ ՍԴ աշխատակազմի ցանկում արդեն ներառված է Քրիստինե Մելքոնյանի անունը, թեեւ դեռ լուսանկարը չկա։