Գերասիմ Վարդանյանի ազատության համար պահանջվող գումարը ցանկացել են վճարել շատերը, նա չի ընդունել

Գերասիմ Վարդանյանի ազատության համար պահանջվող գումարը ցանկացել են վճարել շատերը, նա չի ընդունել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, մեկ շաբաթ առաջ մասնակի բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունն ու որոշել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին մեկ ամիս ժամկետով կալանավորել՝ չնայած ԱԱԾ-ն միջնորդել էր կալանավորել 2 ամսով: 

Պաշտպանական կողմը բողոքարկել է կալանավորման որոշումը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ դեռեւս տեղեկություն չունի՝ բողոքը մակագրվել է թե ոչ։
Ազգային անվտանգության ծառայության քննիչ Սուրեն Նավոյանը Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, քանի որ վերջինս չի վճարել իր նկատմամբ սահմանված 60 մլն դրամ գրավի գումարը․ նա չէր կարողացել այդքան գումար վճարել:

Փաստաբանի խոսքով՝ դատավոր Արղամանյանը քննիչի սահմանած գումարի չափը չի նվազեցրել, Վարդանյանը դեմ է եղել, որ այլ անձանց միջոցով վճարվի այդ գումարը․ «Բազմաթիվ անձինք գրել են թե Գերասիմին, թե ինձ, մեկը միլիոնով օգնելու, մեկը 4 միլիոնով, մեկն ասել է՝ տունս դնեմ գրավ, ինձ հետ նույնիսկ կապվել են ԱՄՆ-ից։ Գերասիմ Վարդանյանն ասել է՝ ես ոչ մեկից փող չեմ ուզում վերցնել, չեմ ուզում պարտք մնամ, ես առհասարակ չեմ ուզում այդ գումարը մուծվի։ Ես գրեթե վստահ էի՝ գումարը մուծելուց հետո բերելու էին էլի քննչական, ակցիային մասնակցելը տանելու էին քրեական ուղղությամբ, այսինքն՝ նոր հանցանք է կատարել եւ 60 միլիոնը պետականացնեին»։

Նա նաեւ նշեց, որ «Հայաստան» խմբակցությունից եւս եղել է առաջարկ գումարը գրավը վճարելու հետ կապված։

Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով: Սա նրան  կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի կողմից ներկայացված  4-րդ միջնորդությունն էր: