Կարեկցանքի են արժանի

Կարեկցանքի են արժանի

Ես անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր ստիպված են պաշտպանել իշխանություններին, արդարացնել նրա քայլերը, դրական փոփոխություններ տեսնել: Նրանք, իհարկե, 2 կատեգորիայի են բաժանվում` մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ ավերածություններ են տեղի ունեցել 6 տարում, բայց ի պաշտոնե, կարգավիճակից ելնելով, ինչ-որ արտոնություններ չկորցնելու համար անում են: Եվ մարդիկ, որոնք դեռ շարունակում են սիրել-հավատալ-վստահել-հույս կապել ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մարդիկ ստիպված են աչք փակել, օրինակ, Արցախը հանձնելու փաստի վրա եւ կենտրոնանալ տեղական նշանակության մի գործողության վրա, օրինակ, որ վարչապետի անվան մրցաշարեր են անցկացվում:

Նրանցից մեկն ասում էր` տես, նախկինները նման բաներ չէին անում, Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է` խրախուսում է առողջ ապրելակերպը: Մի ուրիշը, որ Տավուշից հող հանձնելու մասին ձկան պես լուռ էր, ոգեւորված պատմում էր, թե ինչպես են իրենց բակում 70-ականներին կառուցված ինչ-որ գարաժներ քանդել` հույս ուներ, որ տեղը խաղահրապարակ են սարքելու: Մի երրորդն ասում էր` ճիշտ է, ամեն օր սպանությունների, ծեծուջարդի մասին լուրեր ենք կարդում, բայց մեր հարեւան Սերոժը ժամանակին ավտոն ճռռացնելով էր բակ մտնում, հիմա խելոք վարելով է գալիս:

Գուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու մի քանի ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են` մեկը մյուսին չեզոքացնող։ Բայց վստահ եմ, որ նման կերպ մտածողների մեծ մասն ըմբռնում է իր համեմատությունների աբսուրդայնությունն ու գիտակցում, որ մենք այսօր շատ վատ իշխանություն ունենք, որի ժամանակ համակարգեր են քանդվել, արժեքներ կործանվել, մարդիկ են զոհվել, եթե անգամ չխոսենք հող հանձնելու մասին: