Նախարարը բարեկամին «յուղոտ» պաշտոնի է նշանակել

Նախարարը բարեկամին «յուղոտ» պաշտոնի է նշանակել

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր բարեկամին՝ Պավել Ցուգունյանին նշանակել է «յուղոտ» պաշտոնի: Ցուգանյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է, իսկ մինչ այդ նա մարզպետի՝ Ռոմանոս Պետրոսյանի օգնական է եղել, ապա նշանակվել «Կոտայք» ՋՕԸ տնօրեն:  

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն փետրվարի 17-ին հայտարարել էր կոմիտեի համակարգում գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, որը պետք է կայանար ապրիլի 6-ին:  

Մրցույթի մասնակցելու համար թեկնածուն պետք է ունենա հանրային ծառայության առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի երեք տարվա աշխատանքային ստաժ: Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն եւ այլն: 

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հայտարարված մրցույթի գործընթացը դադարեցվել է. «Անտառային կոմիտեի նախագահի 2021 թվականի փետրվարի 17-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու և մրցույթի պայմանները հաստատելու մասին» N 08-Լ հրամանի համաձայն Անտառային կոմիտեի կողմից հայտարարված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի գործընթացը դադարեցվել է՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները»։

Ի՞նչ է սահմանում օրենքի այս կետը՝ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:  

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է դադարեցվել հայտարարված մրցույթը.

«Կառավարությունը մրցույթի նոր կարգ է սահմանել, որով պետք է անցկացվի մրցույթը: Քանի որ այդ նոր կարգը ուժի մեջ չի մտել, մրցույթը դադարեցվել է»:

Ըստ նոր կարգի՝ այլ փոփոխություններ կլինե՞ն, թե ովքեր իրավունք կունենան մասնակցել մրցույթի.

«Իհարկե»: Իսկ դո՞ւք կմասնակցեք մրցույթին. «Դեռ մտածում եմ, բայց հավանական է կմասնակցեմ: Մասնագիտական առումով ես համապատասխանում եմ մրցույթի մասնակցելու պահանջներին»:

Ցուգունյանը ունի բարձրագույն կրթություն, ուստի այս հոդվածով նա հեշտ ու հանգիստ կզբաղեցի այդ պաշտոնը: