Վալլեքս խմբի մշակութային միջոցառումներ և ճանաչողական այց Արցախում

Վալլեքս խմբի մշակութային միջոցառումներ և ճանաչողական այց Արցախում

Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում հուլիսի 5-ին և 6-ին «Լոռի-Արցախ բարեկամության կամուրջներ» միջոցառման շրջանակներում Ալավերդու քաղաքային թատրոնը  Արցախի արվեստասեր հասարակությանը, ինչպես նաև տարբեր զորամասերի զինվորներին ներկայացրեց Պատրիկ Արտեմիի «Ծապան» ներկայացումը:

Ներկայացումն անդրադառնում է արտագաղթի ցավոտ թեմային, 44-օրյա պատերազմի հետևանքներին ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին (բեմադրող ռեժիսոր՝ Հրաչյա Պապինյան):

Սա Ալավերդու քաղաքային թատրոնի թվով  3-րդ հյուրախաղերն էին Արցախում, որի համար թատրոնն արժանացավ շնորհակալագրի՝ Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից:  

Հուլիսի 5-ի ներկայացմանը հաջորդեցին կինոդիտումներ Վալլեքս Գարդեն Հոթել հյուրանոցային համալիրի կինոթատրոնում. ցուցադրվեցին Վալլեքս խմբի կողմից 44-օրյա պատերազմի նախօրեին նկարահանված «Երեք օր Թարթառի հովտում» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է խմբի «Բեյզ  Մեթըլս»  ընկերության կողմից մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը Մարտակերտի շրջանի շահառու գյուղերում  կատարված  աշխատանքների մասին, ինչպես նաև «Եվ դա այդպես է լինելու» տեսաֆիլմը՝  նվիրված Վալլեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի 70-ամյա հոբելյանին, ՀՀ-ում և Արցախում նրա ավելի քան 20-ամյա գործունեությանը: Միջոցառմանը հրավիրված մի շարք պաշտոնական հյուրերի, ընկերության աշխատողների և մամուլի ներկայացուցիչների շարքում էին նաև շահառու համայնքների համայնքապետերը: 

Ներկայացումներից ազատ ժամերին թատրոնի կոլեկտիվը նաև եղավ պատմամշակութային վայրերում, այդ թվում՝ Ամարասում. ծանոթացավ վերականգնման աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են վանքի տարածքում:
Հուլիսի 8-ին ամբողջական միջոցառումների շարքը եզրափակեցին Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» խաղարկային ֆիլմի 2 ցուցադրումները՝ Ստեփանակերտի Թումո կենտրոնում և Վալլեքս Գարդեն կինոթատրոնում: Բացման խոսքով հանդես եկան ֆիլմի ռեժիսոր Նոռա Մարտիրոսյանը, պրոդյուսեր Անի Որսկանյանը և կինոգետ Ռաֆֆի Մովսիսյանը: 

*  Միջոցառումները հնարավոր են դարձել մեկուկես տասնամյակ Արցախում «Վալլեքս» խմբի կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ: 

* «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը հայկական, ֆրանսիական և բելգիական համատեղ արտադրություն է։  Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունում 2018թ-ին։ 2020թ. Կաննի միջազգային 73-րդ փառատոնի շրջանակներում ֆիլմը ընդգրկվել է հիմնական մրցութային ծրագիր՝ «The First Features» անվանակարգում։ 2022թ-ի ապրիլին ֆիլմն արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության 4 մրցանակների:

 «Երեք օր Թարթառի հովտում»

«Եվ դա այդպես է լինելու»

Հուլիսի 4-9, 2022թ.