«Հրապարակ». Մասիսի գործարարներն արցախահայերի համար շենք են կառուցում

«Հրապարակ». Մասիսի գործարարներն արցախահայերի համար շենք են կառուցում

Արցախից բռնի տեղահանվածներից շուրջ 11 հազար մարդ հանգրվանել է Մասիս խոշորացված համայնքում․ մեզ հետ զրույցում ասում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ «Մեր հայրենակիցների մի մասն ապրում է վարձով տներում, մյուս մասը՝ կացարանների վերածված համայնքային կառույցներում, շատերին մասիսցիները հյուրընկալել են իրենց տներում, բացի այդ, 2 մեծ նոր շինություն է կառուցվում՝ անօթեւան մնացած արցախահայերին այնտեղ բնակեցնելու համար»,- ասաց Համբարձումյանը։ Շինությունները կառուցվում ու վերանորոգվում են Մասիսի գործարարների միջոցներով։ 

«Նշեմ նաեւ՝ տարբեր տեսակի աջակցության ծրագրեր է իրականացրել եւ ֆինանսական օգնություն է տրամադրել մարզպետարանը՝ արցախահայերին սննդով ապահովելու համար»,- նշեց Մասիսի համայնքապետը։ Գործարարների միջոցներով վերանորոգվող շենքերից մեկը երեք հարկանի է, որի վրա, նախնական հաշվարկներով, շուրջ 60 միլիոն դրամ գումար է ներդրվում։ «Այս շենքում առավելագույնը 120 ընտանիք կարող է ապրել»,- ասաց Համբարձումյանը։
Մասիս խոշորացված համայնքն արցախահայերին օգնում է բացառապես համայնքային բյուջեի եւ ներդրողների տրամադրած ֆինանսների միջոցով։ Սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ․ սրանք մտնում են ամեն օր տրամադրվող օգնության մեջ։ Համբարձումյանի խոսքով՝ Մասիսում այս պահին դրսում գիշերող արցախցի չկա, բայց ուրիշների տներում ապրողներին բնակարաններով ապահովելու խնդիր կա։ «Կառավարության տրամադրած 100 հազար դրամները ստանալուց հետո մի մասը կկարողանա գնալ եւ տուն վարձել»,- նշեց նա։

Համբարձումյանը չի կարող ասել, թե այս օրերին Մասիս համայնքը որքան գումար է ծախսել՝ բռնի տեղահանված արցախահայերին օգնելու համար։ Ավելի վաղ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մեզ ասել էր, որ կառավարությունը տեղահանված արցախահայերին հիմնական բնակարաններով ապահովելու ծրագրեր է մշակում։  

«Կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում՝ կարճաժամկետ եւ միջնաժամկետ․․․ հեռանկարում ունենք բնակարանաշինության ծրագրեր։ Քննարկում ենք նաեւ եղած բնակարանները վերանորոգելու հարցը։ Միգուցե բոլոր տարբերակներն էլ կյանքի կոչենք։ Մարզպետները, համայնքապետերն այս օրերին արցախցիների կարիքների գույքագրում են անում, դրանք են՝ սննդի հարցերը, հիգիենիկ պարագաները, դեղորայքի հարցը։ Օգնում են երեխաներին դպրոցներում տեղավորելու հարցում եւ այլն»,- ասել էր նախարարը։ Դավիթ Համբարձումյանն ասաց, որ կառավարությունը նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ քննարկում է արել համայնքապետերի հետ․ Մասիսում եւս նման նախագիծ իրականացնելու մտադրություն ունեն։