«Ելքը մեկն է՝ չարիքը մերժել է պետք և չարիքի ձեռքը բռնել է պետք»

«Ելքը մեկն է՝ չարիքը մերժել է պետք և չարիքի ձեռքը բռնել է պետք»

«Անձնական կյանք գոյություն չունի, քանի ընդհանրական և համատարած դժբախտություն կա»: Այս մասին հերթական կիրակնօրյա իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը: Հայաստանցիների մեծամասնությանը կարող է թվալ, թե Սրբազանը չափազանցնում է՝ եթե, իհարկե, տեղյակ լինի ասված խոսքին։ Այսօրվա իրականության թեթևակի դիտարկումն անգամ կարող է նրանց մեջ ամրապնդել այդ համոզվածությունը։ Մարդիկ, օրինակ, գնում են աշխատանքի, վերադառնում իրենց ընտանիքները, ժամանակ անցկացնում միմյանց հետ։ Երևանում և այլ բնակավայրերում կազմակերպվում են մարզական կամ համերգային միջոցառումներ։ Էլ չասած հարսանիքների կամ շքեղ այլ հանդիսությունների մասին։ Իսկ ամառային շրջանում կամ ամանորյա տոներին էլ հանգստյան մեկնում արաբական որևէ երկիր կամ Վրաստան։ 

Բայց ես, օրինակ, համաձայն եմ Սրբազանի արտահայտած կարծիքին։ Ի՞նչ անձնական կյանք կարող էր լինել, օրինակ, միջնադարյան Եվրոպային պատուհասած ժանտախտի ժամանակ։ Մարդիկ փորձում էին ընդամենը մի կերպ փրկվել աղետից։ Նույնը, բայց այլ պատճառով առկա էր Արևմտյան Հայաստանում 1915 թվականին։ Երբ գնդակահարվում կամ Դեր Զորի անապատն էր քշվում ամբողջական բնակավայրերի բնակչությունը։ Իհարկե, գիտակցում եմ, որ ես ևս ծայրահեղացնում եմ հարցը։ Բայց եթե  «ապագա կա» կարգախոսով վարչապետի պաշտոնը պահպանած Փաշինյան Նիկոլի օրոք մարդիկ ապագա չտեսնելով իրենց հայրենիքում՝ լքում են այն, ապա ո՞րն է այդ դեպքում բռնի և կամավոր հայրենազրկման տարբերությունը։ Իսկ ապագա չլինելու դեպքում ինչպե՞ս կարող է լինել անձնական կյանք նման երկրում։

Ուրիշ հարց, որ ինպես Սրբազանն է արձանագրում, մարդիկ դա չեն ընդունում, քանի որ, իմ կարծիքով, տեսողության լուրջ խնդիրներ ունեն։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա խնդիրը չտեսնելը դրանից խուսափելու կամ ավելի ճիշտ փախուստի հիմնական եղանակներից մեկն է։ Ինչն, իհարկե, լուծման տարբերակ չէ, սակայն հոգեբանորեն մարդուն ազատում է առաջնահերթորեն կամ նույնիսկ ընդհանրապես այդ խնդրի առումով մտահոգվելուց։ Բայց խնդիր չտեսնելը չի ազատում այդ խնդիրը լուծելու պարտադրանքից, իսկ ուշացնելն ավելի է ծանրացնում այն։ Այս հարցի առումով ևս մեզանում առկա չէ գիտակցում։ Եվ եթե ասվում է, որ հնարավոր չէ անընդհատ խաբել ողջ հասարակությանը, ապա մենք այսօր այն վիճակում ենք, որ փորձում ենք սխալ հանել այդ արտահայտության հեղինակ, ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին (1861-1865)։ 

Սրբազանը, սակայն, առաջարկում է նաև իրավիճակից դուրս գալու ելքը։ «Ելքը մեկն է՝ չվախենալ ճշմարտության մասին խոսելուց, չթաքնվել այլ բաների հետևում, ․․․ և սա միակ ճանապարհն է թե անձնական, թե հավաքական հաղթանակի: Ես ասել եմ՝ մեզ հաղթանակ է անհրաժեշտ, բոլոր շերտերով, բոլոր իմաստներով, ազատագրվել է անհրաժեշտ, չարիքը մերժել է պետք և չարիքի ձեռքը բռնել է պետք»։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր գրագետ ու հայրենասեր անձնավորություն պետք է համաձայն լինի այս խոսքերին։