Ով ում է ժամադրել , ինչպես է տեղի ունեցել դեպքը․ մանրամասներ Գորիսի կրակոցներից

Ով ում է ժամադրել , ինչպես է տեղի ունեցել դեպքը․ մանրամասներ Գորիսի կրակոցներից

Արդեն գրել ենք, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանի եւ Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու   մասնակցությամբ: Մինչ այդ շրջանառվում էր տեղեկություն, թե Տիգրան Խաչատրյանն է առաջինը կրակ արձակել, սակայն ավելի ուշ պարզեցինք, որ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նախկինում ունեցած հաշիվները մաքրելու նպատակով՝ կանչել է Սուրիկ Խաչատրյանի որդուն։

Ըստ ականատեսների՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո վերջինս իր մեքենայից հանել է իր ինքնաձիգը և անկանոն կրակոց բացել։ Վիրավորվել են Սուրիկ Խաչատրյանի աներձագը և Կարենի ընկերը, որի վիճակը ծայրահեղ ծանր է:Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանի աներձագին «Աստղիկ» բժշկական կենտրոնում արդեն իսկ վիրահատել են, նա վիրավորում է ստացել մեջքի եւ թևի  հատվածներից, կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես արդեն գրել ենք, վիճաբանությունը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին որոշել է, որ այլևս ինքն է մարզի տերն ու տիրակալը, եւ նախկին հաշիվները մաքրելու նպատակով  Գորիս է կանչել հարևան  գյուղում գտնվող Տիգրան Խաչատրյանին, ժամադրել Ակսել Բակունցի հուշարձանի հարակից տարածքում: Կարեն Պողոսյանի անկանոն կրակոցների հետևանքով վիրավորվել է Խաչատրյանի աներձագը: Մարզպետի որդու ընկերը մոտ գնալով փորձել է ճշտել, թե ինչ վիճակում է վիրավորը, եւ հենց այդ ընթացքում Մելիքսեթ Պողոսյանի որդին հերթական անկանոն կրակն արձակելով վիրավորել է նաև իր մտերիմ ընկերոջը: Ի դեպ, Կարեն Պողոսյանի  բջջայինն անջատված է, հասանելի չէ, մեր տեղեկություններով, իրավապահները  նրան են փնտրում :