«Հրապարակ». Ներողությունը պետք է խնդրի

«Հրապարակ». Ներողությունը պետք է խնդրի

Սահմանադրական դատարանը հունվարի 24-ի աշխատակարգային նիստում քննել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի դիմումը եւ որոշել կարճել այն։ Սա նշանակում է, որ Բաբաջանյանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ հրապարակային վիրավորանքների համար։ Դեռեւս 2019 թ․ դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նա ՀՅԴ-ին անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»: 2021 թ. հուլիսին առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին՝ հրապարակավ ներողություն խնդրել ՀՅԴ կուսակցությունից եւ Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար։ Դա կատարել ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, ասելով․

«Հարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։

Տեսանյութը պետք է պահպանվի ՖԲ էջում, որպես փոխհատուցում՝ բռնագանձվում է սիմվոլիկ 1 դրամ: Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել` փորձելով վիճարկել հաջորդ ատյաններում, ապարդյուն։ Ապա դիմել էր ՍԴ:

Նշենք, որ անցած տարի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հիմք ընդունելով Երեւանի դատարանի 15.09.2022 թ. որոշումը, պարտավորեցրել է Բաբաջանյանին՝ կատարել դատարանի որոշումը: