«Հրապարակ». Երբ Հայաստանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, դա իրեն ոչ մեկը թույլ չի տալիս, դա լկտիություն է

«Հրապարակ». Երբ Հայաստանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, դա իրեն ոչ մեկը թույլ չի տալիս, դա լկտիություն է

Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունը 3  ղեկավարների ստորագրությամբ 4-րդ հայտարարությունն է՝ նոյեմբերի 9, 2021 թ․ հունվարի 11, նոյեմբերի 26 եւ արդեն՝ 2022թ․ հոկտեմբերի 31: Այն արձանագրում էր կողմերի «հավատարմությունը» նախորդ  պայմանավորվածություններին եւ նշում, որ պետք է «գործադրել լրացուցիչ ջանքեր, որոնք ուղղված կլինեն մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ հումանիտար բլոկի հարցերը»: Զրուցել ենք Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

- Սոչիի հանդիպումից առաջ մեծ սպասումներ կային՝ հատկապես Արցախում։

- Նախ, առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ երկու տարի շարունակ ես ասում եմ՝ որեւէ հանդիպումից որեւէ ակնկալիք մի ունեցեք, ձեր հարցերն ինքներդ լուծեք, չեք լսում։ Որ ասում եք՝ սպասելիքներ, ո՞ւմն էին այդ սպասելիքները։

- Հանդիպման նախորդ օրն Արցախում մեծ հանրահավաք տեղի ունեցավ․ կոչեր՝ ուղղված ՀՀ իշխանություններին, հանրահավաքն ընկալվեց իբրեւ պահանջ առ ՀՀ իշխանություն, որ ընդունեն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որից Արցախի հարցը դուրս չի մնացել։

- Բազմահազարանոց հանրահավաք են արել, ներկայացրել են, որ Ադրբեջանի կազմում չեն լինելու, բայց դա ի՞նչ կապ ուներ Սոչիի հետ՝ ես չգիտեմ։ Ադրբեջանը բազմիցս ասել է, որ դա իմ ներքին խնդիրն է։ Դուք որ ասում եք՝ պահանջում են, որ Հայաստանի իշխանությունն ընդունի այս կամ այն տարբերակը, բայց խնդիրը դա չէ, այն է, որ Ադրբեջանը ո՛չ այս կողմի տարբերակն է ընդունում, ո՛չ այն եւ շարունակում է պնդել, որ  Արցախի հարցն իր ներքին խնդիրն է։

- Այդ դեպքում ի՞նչ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի շուրջ, չէ որ խնդիրը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի տիրույթում չէ, կան ավելի խոշոր խաղացողներ, միջնորդներ։

- Ոչ ոք այսօր չի կարող միջնորդություն իրականացնել ու երաշխավորել, դա իլյուզիա է, ինչպես որ 20 տարի շարունակ գերտերությունները փորձում էին խնդրի խաղաղ կարգավորման հասնել, բայց մենք տեսանք, թե ինչպես 2020-ին Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց, ընդ որում՝ այնպես տեսանք, որ մինչեւ օրս էլ մարդն ասում է, որ իր հարցերը լուծել է 2020 թվականին, հարցը փակ է իր համար, էլ ի՞նչ ասի, որ ընկալեն։

- Հիմա ի՞նչ եք առաջարկում, ո՞րը պիտի լինի հայկական կողմի անելիքը, հաշտվե՞լ Ալիեւի ցանկությունների ու հայտարարությունների հետ։

- Ոչ, մեր անելիքն իրավական դաշտում է, մենք պետք է լավ պատրաստված դիմենք միջազգային դատարան, փորձել միջազգային մանդատ ստանալ, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրը չէ։ Երկրորդ՝ փորձել դատարանով ապացուցել բոլոր այն փաստաթղթերի ճշմարտացիությունը, որոնք գոյություն ունեն։ Զուգահեռ վերադառնալ նորից ուժեղ ինքնապաշտպանության, ի վերջո, ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի։ Արցախի խնդրի հարցում այս երկու ճանապարհն է, երրորդը չկա, ուզում եք՝ ակնկալիքներ ունեցեք, ուզում եք՝ հետո դրանցով կիսվեք, պատմեք իրար, ուրախացեք, բայց դրանից, ըստ էության, բան չի փոխվելու։

- Բայց ինչո՞ւ՝ Ադրբեջանի համար ընդունելի չէ՞ վաշինգտոնյան տարբերակը, որում փաստացի ներառված չէ Արցախի կարգավորման հարցը։

- Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մեկ անգամ չի ասել, որ դա Ղարաբաղի ներքին խնդիրն է, ես իմ ժողովրդի մի մասի հետ այդ խնդիրը կկարգավորեմ, հիմա ԱՄՆ-ի տարբերակ լինի, թե Ռուսաստանի՝ իր համար գոյություն չունի, նա չի ընդունում, չի քննարկում։ Եթե խաղաղության պայմանագրի մեջ պիտի նշվի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, ապա Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Արցախի ժողովրդի փոխարեն որոշի։ Դուք մոռանում եք, որ Արցախն անկախ պետություն է եւ ինքն է որոշելու՝ Ադրբեջանի մա՞ս է, թե՞ ոչ։ Սա պետք է մենք գիտակցենք, որ թե՛ ամերիկացիների, թե՛ ռուսների, թե՛ ֆրանսիացիների համար ամեն ինչ պարզ լինի։ Արցախը, բոլորի նման, 91 թվականին ինքնուրույն հռչակագիր է ընդունել, դարձել անկախ պետություն․․․

- Որն աշխարհը չի ճանաչել։

- Մի րոպե, դա Հայաստանի խնդիրը չէ, ուզում է՝ թող գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, այդքանով իր իրավունքները վերջանում են, երբ որ ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, դա իրեն ոչ մեկը թույլ չի տալիս, դա լկտիություն է։

- Լկտիություն է, ինչ է, բայց ՀՀ իշխանություններն ասում են, որ աշխարհը վաղուց է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, նման դիրքորոշում ունեցող իշխանությունը կարո՞ղ է իրավական ճանապարհով հասնել Արցախի ճանաչման։

- Իրավական փաստաթղթեր կան, ով չգիտի եւ ասում է, որ աշխարհն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, պետք է պատմություն իմանա, Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանի անկախության հռչակագրում գրված է, որ անկախ Ադրբեջանը ձեւավորվել է 1918 թվականի դեմոկրատական Ադրբեջանի սահմաններով, իսկ Արցախն Ադրբեջանի կազմում մտցվել է 1921 թվականին։ Այսինքն, Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր մաս, հիմա որ ասում եք՝ «մենք ճանաչում ենք, ձեր ցավը տանենք, ադրբեջանցիք», ինչի՞ համար եք ասում։ ․․․Հա, ՄԱԿ-ն ընդունել է դա ու կոպիտ սխալ է արել, որովհետեւ ՄԱԿ կանոնադրության մեջ գրված է, որ եթե մի պետության տարածքում կոնֆլիկտներ են զարգանում, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ՄԱԿ-ն իրավունք չունեն այդ պետությանը միջազգայնորեն ճանաչել, Ադրբեջանը մի շարք պայմանավորվածություններ է կորցրել, երբ անդամակցել է ՄԱԿ-ին, որովհետեւ խախտել է բոլոր պարտականությունները։ Դրա համար եմ ասում՝ պետք է գնալ իրավական ճանապարհով։

- Իշխանությունները չգիտե՞ն այդ ճանապարհի տեղը, որ չեն գնում։

- Որովհետեւ 30 տարի քնել են, չեն աշխատել։ Հիմա ես կոնկրետ զբաղվում եմ այդ հարցերով, փաստաթուղթ ենք պատրաստում, իմ փորձագետներն ակտիվ աշխատում են, որ կետ առ կետ հիմնավորենք մեր փաստարկները եւ մտնենք միջազգային դատարան։ 

- Կարծում եք՝ Ադրբեջանն ընկրկելո՞ւ է իրավական գործընթացից, թքած ունեն միջնորդությունների վրա, պատերազմ սկսեցին։ 

- Իսկ Դուք կարծում եք, որ ես այդքան միամի՞տ եմ, սպասեք՝ կտեսնեք։