Հայ Էկոլոգները երեկ ադրբեջանցի էկոլոգների հետ միասին նամակ են հղել ՎԶԵԲ-ին ինչ-որ նախագծի առնչությամբ

Հայ Էկոլոգները երեկ ադրբեջանցի էկոլոգների հետ միասին նամակ են հղել ՎԶԵԲ-ին ինչ-որ նախագծի առնչությամբ

Սեպտեմբերի 22-ին, երբ Ադրբեջանը հերթական հարձակումն է իրականացրել Արցախի նկատմամբ եւ մեր ժողովրդի մի մասնիկն անպաշտպան վիճակում՝ բառացիորեն գետնին է քնում եւ սովամահ լինում, իսկ զոհերի դիակները դեռ անթաղ են, Հայաստանի որոշ հասարակական կազմակերպություններ և բնապահպաններ որոշել են ՎԶԵԲ-ին նամակ հղել՝ «հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների» հետ կապված մոտեցումները վերանայելու պահանջով: 
ՎԶԵԲ-ին հղված նամակի տակ ստորագրել են նաև Ադրբեջանի, Ալբանիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բոսնիայի, Հերցեգովինայի, Մոնղոլիայի, Ուգանդայի և Ուզբեկստանի ՀԿ-ները: 

Այսպիսով 20 ՀԿ՝ տարբեր երկրներից և 7 միջազգային բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ) վերանայել իր մոտեցումները հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների նկատմամբ: 

Նամակի տակ մի խումբ հայկական ՀԿ-ների ստորագրություն էլ կա․ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը,«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն: 

Այն, որ Ադրբեջանից, Մոլդովայից, Վրաստանից և Ալբանիայից կարող են մեզ համար այս օրհասական պահերին նման «կարևոր» հարցերով զբաղվել, հասկանալի է և բնական, սակայն որ Հայաստանի ներկայացուցիչներն են Արցախում տեղի ունեցող ցեղասպանության ֆոնին դրանով զբաղվում, առնվազն տարօրինակ է։ «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց «ԷկոԼուր» կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանին:

- Տիկին Բուռնազյան, այս օրերին, երբ ողջ Հայաստանը տագնապի մեջ է, Դուք և այլ բնապահապաններ խոսում եք հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները վերանայելու պահանջի մասին: Ադրբեջանը հրետակոծում է Արցախը: Չե՞ք ցանկանում այդ մասին էլ գոնե մի նամակ գրել, խոսել, օրինակ նշել, թե Ադրբեջանի գործողությունների արդյունքում որքան են տուժում մարդիկ, կամ՝ բնությունը:

- Անկեղծ ասած, նոր եմ Հայաստան վերադարձել: Ես ստորագրողը չեմ` մեր նախագահն է ստորագրել: Ես կարող եմ ասել, որ այդ գործընթացը սկսել է վաղուց, այն երկրները որոնք ստորագրել են տարբեր երկրներից, ընդամենը նախագծի վերաբերյալ կարծիք է: (ՎԶԵԲ)-ը ներկայացրել է իր նախագիծը հաջորդ տարիների համար, այդ ամենի շրջանակներում Հայաստանից ևս միացել են: Աշխարհում էներգետիկ ճգնաժամ է: Հանքարդյունաբերության զարգացում է պետք, բայց մեզ նման փոքր երկրների պարագայում այլ է, մենք ուզում ենք որ ամեն ինչ լինի բալանսավորված: Այնպես, որ ոչ մի այլ ոլորտ որևէ դեպքում չտուժի:

- Ե՞րբ եք գրել, ե՞րբ է գործընթացը սկսվել:

- Քանի որ ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել, սակայն կարող եմ ասել, որ զուգադիպություն է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մենք ևս խիստ մտահոգ ենք Արցախում տիրող իրավիճակով: Մեր այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Արցախի հետ:

- Չե՞ք ցանկանում Արցախում տիրող իրավիճակի մասին էլ հայտարարությամբ հանդես գալ:

- Դրանք տարբեր գործընթացներ են, իրար հետ չառնչվող: Ես Հայաստան նոր եմ վերադարձել, չեմ կարող ասել: