Կասկածի որդը

Կասկածի որդը

Բոլորը բոլորին կասկածում են։ Անգամ կորոնավիրուսի վտանգը մեզ չբարիացրեց, մի փոքր հանդուրժող եւ լայնախոհ չդարձրեց։ Քննադատո՞ւմ ես իշխանություններին, ուրեմն վարձատրվել ես ռոբասերժական ճամբարից, առնվազն՝ պիցցայակեր ես։ Պահանջում ես, որ նախկին նախագահին մինչեւ դատարանի ուժի մեջ մտած դատավճիռն ազա՞տ արձակեն, ուրեմն նախկին ես կամ նախկիններից ես սնվում։ Կորոնավիրուսի դեմ պայքարը համարում ես ձախողվա՞ծ, ուրեմն հակահեղափոխական ես՝ Նիկոլի կամ գոնե Արսեն Թորոսյանի հրաժարականն ես տենչում։ Կարծում ես, որ ճգնաժամը ոչ թե Սահմանադրական դատարանում է, այլ երկրի կառավարման ոլորտո՞ւմ, ուրեմն Հրայր Թովմասյանի սանիկն ես կամ մերձավորը։ Հիացա՞ծ չես Նիկոլով ու նրա վարած քաղաքականությամբ, ուրեմն իշխանափոխություն ես տենչում։ Կոնվենցիաների ընդունման կողմնակի՞ց ես՝ սորոսական ես ու թշնամու գործակալ։ Մի քանի անգամ Ռուսաստան ես մեկնել եւ Ռուսաստանում ընկերներ ունես, ուրեմն ռուսական հատուկ ծառայությունների գործակալ ես։ Նախկինների՞ն ես քննադատում՝ պաշտոնի հավակնություններ ունես։

Պաշտոնից հրաժարական ես տվել եւ քննադատում ես քո ոլորտում տարվող քաղաքականությո՞ւնը՝ աբիժնիկ ես։ Հարցադրումներ ես անում, թե այդ ի՞նչ ծխախոտի ինքնաթիռներ են բռնվել Ռուսաստանում, ուրեմն միշիկական ես։ Հիշում ես անցյալում կատարված որեւէ իրադարձություն եւ դրակա՞ն ես գնահատում, ուրեմն Սերժի վերադարձն ես երազում։ Քննադատում ես ԱԱԾ ներկայիս տնօրենին, ուրեմն Արթուր Վանեցյանին ես գովում, քննադատում ես Արսեն Թորոսյանին՝ Նարեկ Զեյնալյանի պատվերն ես կատարում։ Ողջունում ես իշխանություններին՝ զոմբի ես, քննադատում ես՝ ՀՀԿ-ական ես։ Բայց արձանագրենք, որ այս համատարած կասկածի ու ատելության մթնոլորտում ոչ մի լավ բան չի կարող ծնվել։