Փաշինյանի միակ հույսն ու ապավենը այլևս մնացել է ոստիկանությունը

Փաշինյանի միակ հույսն ու ապավենը այլևս մնացել է ոստիկանությունը

Այսօր վաղ առավոտից՝ 08։30-ից, Դիմադրության շարժման մասնակիցները խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացրին մայրաքաղաքի տարբեր փողոցներում և շարունակում են իրականացնել մինչև 14։00-ն:

Ակցիայի մասնակիցները փակում էին փողոցները ինչպես պատ կազմելով, այնպես էլ աղբամաններով ու բարիկադներով, սակայն րոպեներ անց ոստիկանության կենտրոնացրած մեծաթիվ զորքերը բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով` բացում էին փակված փողոցները, բերման են ենթարկվել երկու հարյուրից ավելի քաղաքացիներ, ընդ որում` ԱԺ պատգամավորներ։ 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բերման է ենթարկվել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր  Աշոտ Սիմոնյանը․ «Սա աննախադեպ երևույթ է, նաև այն ուժը, որ կիրառվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի միակ հույսն ու ապավենն այլևս մնացել է ոստիկանությունը, և ոստիկանությունով իր չեղած իշխանությունը փորձում է պահպանել։ Ես ընդամենը նրան խորհուրդ կտայի հիշել 2018-ը, թե նա ինչպես եկավ իշխանության, ինչպես էր իրեն պահում ոստիկանությունը, և հիմա ինչպես է պահում «ժողովրդավարության բաստիոն», «ամենալեգիտիմ», «ամենաժողովրդավար» երկրի իշխանության ոստիկանությունը»։

«Մյուս կողմից, ես ուզում եմ հորդորել ոստիկանության ծառայողներին` ովքեր, ինչպես ՔՊ-ի պատգամավորները, իշխանության ներկայացուցիչները, գերի են մեկ մարդու ձեռքին, ազատվեն կապանքներից, չտրվեն ապօրինի հրահանգներին և որքան հնարավոր է` շուտ գիտակցեն, որ մեր երկրում օր առաջ փոխվելու է իշխանությունը, դա նաև բխում է իրենց անձնական շահերից»,- ասաց Խամոյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ այս պահին իրենց գործողություններն ավարտվել են․ «Փակ փողոցներ չկան, ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում բոլորին հրավիրում ենք հանրահավաքի, որի  ժամանակ կներկայացնենք հետագա քայլերի մասին»։