Երկիրը գնում է դեպի բռնապետություն

Երկիրը գնում է դեպի բռնապետություն

Մինչ բոլորը սպասում էին, որ աշխատանքից ազատվելու է նախկինների գլխավոր դատախազը, որը ժամանակին միջնորդում էր անձեռնմխելիությունից զրկել Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին։ Մինչ մարդիկ ակնկալում էին, որ կփոխեն ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որը հիմնովին ձախողել է նախաքննության գործը եւ հատկապես Մարտի 1-ի գործի քննությունը։ Մինչ ակնկալում էին, որ նոր ոստիկանապետ կնշանակվի, քանի որ Վալերի Օսիպյանը այս ընթացքում ապացուցել է, որ ինքը մնացել է ցույցեր ցրող ոստիկանը եւ համակարգն էլ նրան լուրջ չի վերաբերվում։ Մինչ մարդիկ սպասում էին, որ կհեռանան Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը Հանրապետականների կարկառուն կադրն էր, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը։

Սպասում էին, որ փոփոխություններ կլինի մարզպետների կազմում՝ կոկորդիլոսագետ Գարիկը, ատամնաբույժ Անդրեյը, Վայոց Ձորի Տրդատը, Արագածոտնի Դավիթը եւ ուրիշներ, որոնք այս մեկ տարում միայն սկանդալների հերոս են եղել։ Սակայն հեռանում է Նիկոլ Փաշինյանի ամենահաջողված կարդը՝ Արթուր Վանեցյանը, ով, ճիշտ է՝ հին գվարդիայի ներկայացուցիչ էր, բայց նախկինների օրոք շատ բարձր ստատուս չուներ եւ համարվում էր Նիկոլ Փաշինյանի գտածոն, որը չի ձախողել աշխատանքը եւ անգամ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում որոշակի հաջողություններ է գրանցել։ Նա նաեւ ընդունելի կարդ էր Արցախի եւ Ռուսաստանի իշխանությունների համար։ Համակարգում էլ նրան լավ էին վերաբերվում՝ հարգանքով։ Ուրեմն ինչն է այս հեռացումի պատճառը։ եւ ինչ հետեւանք է ունենալու այն։ Դատելով վերջին շրջանի զարգացումներից Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ կոշտ քայլերի եւ չի բացառվում, որ երկիրը գնա դեպի բռնապետություն։ Դրա շրջանակներում է պետք դիտարկել Սահմանադրական դատարանի դեմ օրինագիծը, Բանկային գաղտնիքի դեմ օրենքը, նոր քրեական գործերը, Ռոբերտ Քոչարյանի գործով աննահանջ դիրքորոշումը։

Եւ ԱԱԾ պետի հրաժարականը միայն մի բան է նշանակում՝ վարչապետը հրահանգել է կոշտացնել իրենց վարքը՝ բռնել, դատել, պարտադրել, վախեցնել, իսկ Արթուր Վանեցյանը որոշակիորեն խուսափել է դրանից եւ նախընտրել է հեռանալ՝ գործիք չդառնալ իշխանությունների ձեռքում։ Քանի որ մի օր ամեն դեպքում գալու է հատուցման ժամը եւ ամեն մեկն իր արածի համար է պատասխան տալու։ Այնպես, ինչպես հիմա պատասխան են տալիս այն դատավորները, որոնք ժամանակին իշխանություններին հլուհնազանդ որոշումներ են կայացրել՝ շրջանցելով օրենքը։

Թե ով է լինելու հաջորդ ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը, դժվար է ասել, սակայն մի բան պարզ է, որ նրանք հլուհնազանդ կատարելու են վարչապետի կարգադրությունները։ Մանավանդ այսօր ընդունված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այլեւս կարող են այդ պաշտոնները զբաղեցնել պատահական մարդիկ՝ փողոցից հայտնված։ Կադրային ոստիկանն ու անվտանգության կադրային սպան գուցե փոքր ինչ դիմադրություն ցուցաբերեին՝ կասկածելի հրահանգներ ստանալիս, իսկ միայն Փաշինյանի շնորհիվ բախտի բերմամբ ԱԱԾ պետի կամ ոստիկանապետի բարձր պաշտոնին հայտնված մարդը, որը կենսագրություն չունի, ճանապարհ չի անցել, պատրաստ կլինի կատարելու ցանկացած անօրինական հրահանգ։