Լուծումը սա է` համաժողովրդավարական շարժում և իշխանափոխություն

Լուծումը սա է` համաժողովրդավարական շարժում և իշխանափոխություն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

- Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը՝ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահը։ Ընդ որում՝ անգամ նշեց երկու երկրների տարածքի չափերը՝ Հայաստանի 29 հազար 800 եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ն։ Այս 86 600-ի մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Չնայած այս բանավոր պայմանավորվածություններին հասարակության մի ստվար զանգված տարակարծության մեջ է: Ի վերջո` Փաշինյանն Արցախը հանձնո՞ւմ է Ադրբեջանին, թե՞ ոչ:

- Հասարակության այդ մի հատվածին պետք է բուժել: Նրանց պետք է տանել հոգեբուժարան: Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ: Այդքան մի բան:

- Ինչո՞ւ դեռևս փաստաթղթի մասին չի խոսվում:

- Փաստաթղթի մասին չի խոսվում, որովհետև այս կառավարության քաղաքականությունը վախկոտ քաղաքականություն է: Մի կողմից վախենում է Ադրբեջանից, մյուս կողմից` հայ հասարակությունից: Իշխանությունները փորձում են մի կողմից հաճոյանալ Ադրբեջանին, ասելով, որ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից վախենում է ստորագրել փաստաթուղթ: Նրանք հասկանում են, որ դա իրենց համար կարող է լինել անդառնալի: Կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ, իսկ այս իշխանությունները վախենում են:

- Եթե Արցախն Ադրբեջանին են նվիրում, արցախցիներին` ներառյալ, այդ դեպքում եթե ունեն վախեր, ի՞նչ տարբերություն թե ինչպե՞ս կնվիրեն: Բոլոր դեպքերում կարող է հանրային ցասում առաջանալ:

- Չեմ կարող ասել, այդ հարցերը պետք է իրենց ուղղել: Նրանք վախեր ունեն: Բանավոր ճանաչում են, գրավոր վախենում են ճանաչել:

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ իրավիճակը փոխելու հույս դեռևս կա:

- Չեմ կարող հստակ ասել: Կարծում եմ իրավիճակը կարող են փոխել:

- Ինչպե՞ս:

- Չեմ կարող ասել:

- Այս պայմաններում ինչո՞ւ է այսքան պասիվ ընդդիմությունը:

- Պասիվ են, որովհետև չգիտեն ինչ քայլերի դիմել: Փողոցով քայլել են, հանրահավաք արել են ու ոչ մի բան չեն կարողացել անել: Հիմա էլ վախենում են, որ կլինի նույնը, այդ պատճառով էլ ոչինչ չեն անում:

- Խոսվում է նաև, այսպես կոչված, անկլավների մասին: Հայաստանում կա՞ն անկլավներ եւ պե՞տք է վերադարձվեն:

- Խորհրդային միության ժամանակ եղել են: Երասխում, Նոյեմբերյանում…. Տավուշում:

- Այդ դեպքում` Արծվաշե՞նը:

- Այո, դա էլ հայկական անկլավ է:

- Ստացվում է, որ մենք տալիս ենք, բայց ոչինչ չե՞նք պահանջում:

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցերին պետք է տվողները պատասխանեն:

- Ի՞նչ լուծումներ կառաջարկեք` իրավիճակից դուրս գալու:

- Լուծումները հետեւյալն են` համաժողովրդավարական շարժում և իշխանափոխություն: