Վատ կրկես

Վատ կրկես

Մեր երկիրը կամաց-կամաց վերածվում է չստացված տրյուկներով կրկեսային ներկայացման թատերաբեմի, որտեղ փորձերը հենց ներկայացման ժամանակ են արվում, այլ ոչ թե նախապես։ Եվ ողջ դահլիճը քահ-քահ ծիծաղում է անփորձ դերասանների, ծանրաձողը ոտքին գցող մարզիկների ու կենդանիների լեզուն չհասկացող գազաններ վարժեցնողների վրա։ Քանի՞ անգամ կարելի է մտնել նույն գետը կամ անզոր փորձեր անել՝ 7 պաշտոնյայից ազատվելու նպատակով, որոնց գոյության մասին մենք, մեծ հաշվով, իմացանք միայն այն պահին, երբ նրանք հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Քանի՞ հոգի մեզանում գիտեին Արեւիկ Պետրոսյանի կամ Հրանտ Նազարյանի անունը։ Հիմա նրանք ոչ միայն հայտնի են, այլեւ մարդկանց մի մեծ շրջանակի համար հերոսներ են դարձել, որոնք, ի տարբերություն հանրության գերակշռող մասի, իշխանական ճնշումներին չեն ենթարկվում եւ համառորեն հրաժարական չեն տալիս, թեեւ դրանով ֆինանսապես չէին տուժելու, իսկ հոգեկան հանգստության առումով՝ հաստատ շատ էին շահելու։

Մեր հասարակության մի մեծ հատված ոչ մի կերպ չի հասկանում այս մտասեւեռումը՝ ՍԴ-ի դեմ։ Այսքան ջանքեր, ռեսուրսներ, վտանգներ՝ մի չնչին նպատակի հասնելու համար։ Դա նույնն է, որ տանկի համազարկով ճնճղուկ սպանես։ Եվ ոչ մի հոդաբաշխ բացատրություն այս իրավական վակխանալիային՝ որքան էլ իշխանական տարբեր գործիչներ մեծադղորդ բառեր ասեն՝ ազգի «ազատության», «ապագայի», «կոռուպցիայի դեմ դուռը շրխկացնելու», «անցյալը մերժելու» մասին։ Այդ բոլորը դեմագոգության, մանիպուլյացիաների, մարդկանց զգացմունքները շահարկելու ոլորտից է, որտեղ իրավաբանությունն ու բարոյականությունը տեղ չունեն։ Որտեղ իշխանությունը լիարժեք ու անմնացորդ տնօրինելու ագահությունն է եւ սեփական կամակորությունները բավարարված տեսնելու ցանկությունը։