Քաղաքականություն

Որքա՞ն կշարունակի «պաշտոնավարել» Փաշինյանի քավորը

Որքա՞ն կշարունակի «պաշտոնավարել» Փաշինյանի քավորը

Տավուշի մարզկենտրոն Իջեւան համայնքը 2019թ․ սեպտեմբերի 12-ից օրինական ընտրված քաղաքապետ չունի։ Այդ օրվանից մինչ օրս քաղաքը հանձնված է Նիկոլ Փաշինյանի քավորի՝ Հայկ Ղալումյանի կառավարմանը։ Նա 2019թ. սեպտեմբերի 6-ին քաղաքապետ Վարդան Ղալումյանի պարտադրված հրաժարականից հետո նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ու մինչ օրս այդ կարգավիճակում պաշտոնավարում է։ Այս ընթացքում իշխանությունները երեք անգամ տարբեր պատճառներով հետաձգել են Իջեւանի ընտրությունները։ 

Մի անգամ պետք է 2019-ի դեկտեմբերի 8-ին տեղի ունենային դրանք, հետո, չգիտես ինչ պատճառով, իսկ իրականում՝ իրենց թեկնածուին անցկացնելու հետ կապված վստահություն չունենալու եւ Փաշինյանի վարկանիշի անկման պատճառով կառավարությունը որոշեց հետաձգել ընտրության օրը՝ այն նշանակելով 2020թ․ մարտի 15-ին։ Որպես պաշտոնական բացատրություն հնչեց այն, թե «Վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունը նպատակահարմար է համարել համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները նշանակել համայնքի միավորման գործընթացից հետո։ Բայց ո՛չ միավորումն իրականացվեց, ո՛չ ընտրությունները։ Տավուշում մարդիկ տեսնում էին, որ քաղաքապետացու-քավորի վարկանիշը չի աճում, շատերը նրան որպես քաղաքապետի անցողիկ թեկնածու չեն տեսնում։

Այս անգամ էլ, որպես պաշտոնական բացատրություն, մեջբերվեց քովիդը եւ հայտարարվեց, որ համաճարակի պայմաններում իշխանությունները չեն կարող ընտրություններ անցկացնել, ուստի, ինչպես սահմանադրական հանրաքվեն, այնպես էլ Իջեւանի համայնքապետի ընտրությունները չեղարկվեցին։ 

Երրորդ անգամ Իջեւանի ընտրությունները նշանակեցին 2020թ․ նոյեմբերի 5-ին։ Բայց այս անգամ էլ դրանք չկայացան՝ այն պատճառաբանությամբ, թե երկրում պատերազմ է սկսվել, ռազմական դրություն է հայտարարվել, ու չնայած ընտրությունները չեն չեղարկվել, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել են։ 

Արդյունքում Նիկոլ Փաշինյանի քավորն այդպես՝ ԺՊ-ի կարգավիճակով, շարունակում է մոտ երկու տարի կառավարել Տավուշի մարզկենտրոն Իջեւանը։ Ըստ էության, իշխանությունը չեղարկել է Ընտրական օրենսգիրքն ու ընտրովի պաշտոնում նշանակում է կատարել, ինչը Սահմանադրությանը, օրենքներին, կառավարման համակարգին հակասող քայլ է։

Իսկ հիմա արդեն 2 տարի ընտրություններ չիրականացրած Իջեւանում լրացել է 2015 թվականին ընտրված քաղաքապետի պաշտոնավարման հինգ տարին, ու եթե նույնիսկ Վարդան Ղալումյանը ժամկետից շուտ հրաժարական չտար, եւ արտահերթ ընտրություններ չկայանային, միեւնույն է՝ 2021-ին պետք է անցկացվեին հերթական ընտրություններ՝ ընտրված քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ։ Բայց գործող իշխանությունների համար կարծես թե սկզբունքային է ոչ թե ընտրություններ եւ ընտրված քաղաքապետ ունենալը, այլ վարչապետի քավորին ամեն կերպ անցկացնելու, իսկ եթե չեն կարողանում անցկացնել՝ որպես ժամանակավոր պաշտոնավարող ունենալու հարցը։ Ի դեպ, լիազորությունների եւ լծակների իմաստով ոչ մի տարբերություն չկա ընտրված պաշտոնյայի եւ ԺՊ-ի միջեւ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե երբ են, ի վերջո, պատրաստվում անցկացնել Իջեւանի քաղաքապետի ընտրությունները, ասաց․ «Իջեւանի ընտրությունները նշանակելու հետ կապված՝ կարծեմ, կա որոշում, որով ուժը կորցրած է ճանաչվել նախորդ ընտրությունը նոյեմբերին, եւ մենք էնտեղ նշանակված ընտրություն չունենք հիմա»։ Ապա հիշեցրեց օրենքը՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ չեն կարող տեղի ունենալ։

Հարցին, թե նման պրակտիկա կա՞, որ քաղաքն այսպես անվերջ շարունակի ղեկավարել ժամանակավոր պաշտոնակատարը, ԿԸՀ նախագահն ասաց․ «Հիմա հետեւյալն է․ պրակտիկայի խնդիրը չի, այլ ռազմական դրություն է, եւ օրենքն ունի մեկ կանոնակարգ՝ ընտրություններ չեն անցկացվում, վերջ»։ Իսկ թե երբ կվերացվի այս ռազմական դրությունը, որը խիստ ձեռնտու է իշխանություններին, ոչ ոք չգիտի․ ռազմական դրության հիմքերը վերացել են, ոմանք պնդում էին, թե չեն էլ եղել, սակայն այն վերացնելու ուղղությամբ ոչինչ չի արվում, ինչպես ոչինչ չի արվում բոլոր մյուս հարցերը կարգավորելու ուղղությամբ։ Պրն Մուկուչյանին հարցրինք՝ իսկ երբ ինչ-որ պահի վերացվի ռազմական դրությունը, կարո՞ղ են նորից ընտրություններ չնշանակել ու թողնել, որ քավորը հավերժ ԺՊ լինի։

«Նշանակման լիազորությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություն չէ, կառավարությունն է նշանակում ընտրություններ։ Երբ որ ավարտվում է, իրենք կնշանակեն արդեն»,-ասաց Մուկուչյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image