«Հրապարակ». Վայոց Ձորը որբացավ

«Հրապարակ». Վայոց Ձորը որբացավ

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պաշտոնանկությունը հատկապես ծանր են տարել մարզի տարբեր մասնագիտական ու սոցիալական խմբերը, օրինակ՝ տարեցները, թարգմանիչները, գրադարանավարները, ՏԻՄ եւ սոցիալական աշխատողները, ուսուցիչները, մարզի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, երիտասարդները, դատախազության աշխատողները, բուժաշխատողները, երեխաներն ու երեխաների իրավունքների պաշտպանները, մայրերը, կանայք եւ այլք։

Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին պարտաճանաչ հանդես է եկել շնորհավորական ուղերձով, ասենք՝ տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել է տարեցներին․ «Վայոց Ձորի մարզի սիրելի տարեցներ․․․», Թարգմանչաց տոնի առթիվ՝ մարզի թարգմանիչներին եւ այլն։ Նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանի աչքից չէր վրիպում ոչ մի պետական կամ եկեղեցական տոն, հիշատակի օր, մասնագիտական օր՝ «սփխեչից մինչեւ պառվի ուլեր»։

Արարատ Գրիգորյանի փոխարեն, հիշեցնենք, մարզպետ է նշանակվել ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, իսկ ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե։