ՀՀԿ-ն աղմկում է, որովհետև վաղը Սերժ Սարգսյանի ձերբակալությունը շատ տրամաբանական կլինի

ՀՀԿ-ն աղմկում է, որովհետև վաղը Սերժ Սարգսյանի ձերբակալությունը շատ տրամաբանական կլինի
Հովիկ Աղազարյան , Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին  դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունն այն մասին, թե առաջիկայում 2-րդ նախագահից բացի նաեւ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, անմիջապես շրջանառության մեջ դրվեց ՀՀԿ-ական, ՀՀԿ-ամերձ շրջանակներից։ Արմեն Աշոտյանը գրել էր անգամ, որ Սերժը պատրաստ է, եւ թող, ուրեմն, Նիկոլը փորձի։ Մանավանդ որ, նրա խոսքով՝ դա կլինի իր «վերջի սկիզբը»։

Հակառակ դրան՝ «Իմ քայլից» արձագանքները զարմանալիորեն պասիվ են, չհաշված հատուկենտ գրառումները, մասնավորապես Գայանե Աբրահամյանի՝ այն մասին, որ Միքայել Մինասյանը փոխանակ ցուցմունք տա, հարցազրույց է տալիս։ Ոմանք էլ նշում էին, որ սա բլեֆ է՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Ամեն դեպքում, ՀՔԾ-ից հստակ  պատասխանեցին, որ  Սերժ Սարգսյանը որեւէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Եվ դրանից հետո թեման օրակարգ նետած ՀՀԿ-ն կարծես թե այլեւս հակված չէ մեկնաբանություններ տալու, եւ անգամ ամենաբաց եւ մշտապես լրագրողներին արձագանքող Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Հարկ եղած դեպքում Հանրապետական կուսակցությունն իր գնահատականը կտա»։ ՀՀԿ խոսնակը չպատասխանեց նաեւ այն հարցին, թե Սերժ Սարգսյանի վերահաս ձերբակալության լուրը շրջանառում են վերլուծությա՞ն միտումով, թե՞ ինչ-որ կոնկրետ տեղեկություններից ելնելով։ Սերժ Սարգսյանի կալանավորման թեմայով զրուցեցինք իմքայլական Հովիկ Աղազարյանի հետ։

- Պարոն Աղազարյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ողջ հանրապետական թիմը տարածում, թե Սերժ Սարգսյանն առաջիկայում կալանավորվելու է։ Իհարկե, Հայաստանում իշխանության թեւերը գոնե դե յուրե իրարից անկախ են, բայց ինչպե՞ս կմեկնաբանեիք։

- Դե, ի՞նչ կարելի է ասել․․․ պարզ է՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էդ աղմուկը բարձրացնում են, որովհետեւ վաղը, մյուս օրը Սերժ Սարգսյանի ձերբակալությունը, դեպքերի որոշակի ընթացքի դեպքում,  շատ տրամաբանական կարող է լինել։ Ես չեմ ասում՝ էդպես կլինի կամ ոչ, բայց որեւէ անակնկալ չի լինի հասարակության համար, եւ, հետեւաբար, իրենք ուզում են ժամանակից առաջ անցնել, որ հետո կարողանան շահարկել։ Որ տեսաք՝ մենք ասում էինք։ Նույն՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, նրա նման պատրաստված քաղաքական գործիչն ասում է,  որ «իմ օգնականի հետ կապված հարցը քաղաքական հարց է», էն դեպքում, որ մարդը երեք տեղ աշխատանքի է ընդունվել, գործի չի գնացել։ Բայց, մյուս կողմից, գումարներն էլ վերականգնում  են։ Եվ հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդում է․․․ նույն հաջողությամբ սա պետք է օգտագործեն վաղը, մյուս օրը․․․

- Ինչո՞ւ եք տրամաբանական համարում Ս․ Սարգսյանի ձերբակալությունը։

- Որովհետեւ Մարտի 1-ով հնարավոր չէ, որ Սերժ Սարգսյանը որեւիցե կապ չունենա էդ խնդիրների հետ։ Դրանց վերջնական պարզաբանման արդյունքում ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ շատ-շատ այլ մարդիկ պետք է պատասխան տան այդ օրվա իրենց ակտիվ, երբեմն նաեւ պասիվ պահվածքի համար։ 

- Ի դեպ, հայտնեցին, որ դա կլինի «Նիկոլ Փաշինյանի վերջի սկիզբը»։

- Կլինի վերջի սկիզբը եւ այլն, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ զապաս ունի վստահության եւ ժողովրդի առաջ իր խոստումները կատարել է։ Այնպես որ, թող հույսեր չփայփայեն։

- Միքայել Մինասյանն իր վերջին հոդվածում, ի դեպ, գրել էր, որ հին համակարգի դեմ հասարակության ըմբոստացումն օբյեկտիվորեն է հասունացել, իսկ հիմա իսկական հեղափոխության անհրաժեշտությունն է հասունացել։

- Ես դրա համար նախադրյալ չեմ տեսնում։ Մեր իշխանության պարագայում հեղափոխություն անելու կարիք չկա։ Որովհետեւ, եթե մենք զգանք, որ շեղվում ենք, չենք կատարում մեր պարտավորությունները՝ նախընտրական, ապա վստահ եմ, որ մեր քաղաքական թիմն ինքը կհեռանա։