«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեզ ասեց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Այս հանդիպումներն ավանդաբար անցկացվում են ամիսը մեկ անգամ, սակայն իրավիճակի լարումը ստիպել է արտահերթ հանդիպում հրավիրել։ Կարելի է կարծել՝ լուսանցքային այս ուժերի ներկայացուցիչները, որոնց հետեւում մեկ տասնյակից մինչեւ առավելագույնը մի հարյուր մարդ է կանգնած, օգնելու են լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։
Վերջին հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը նախագահող Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը: Նկատենք, որ այս մարդ-կուսակցություններն ու դրանց ղեկավարները հիմնականում արեւմտամետ են, բացի Տիգրան Արզաքանցյանից: Թե ինչ են քննարկել արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ, փորձեցինք պարզել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից:
- Պարոն Արզաքանցյան, մեր աղբյուրներն ասում են, որ այս հանդիպման ընթացքում արտախորհրդարանական ուժերին հուշել են, որ հակառուսական տրամադրությունները շիկացնեն: Իսկ Դուք բազմիցս նշել եք, որ ռուսամետ եք, այլ ոչ թե արեւմտամետ:
- Նման բան չկա, Ձեր ասածն իրականության հետ չի խոսում: Հակառակը: Ինքը գրանցում էր, թե մենք ինչ հարցեր էինք բարձրաձայնում: Իր մոտ գրանցեց, թե ով ինչ ա ասում: Ես խոսամ ինձանից, էլի: Մի քանի օր դիրքերում եմ եղել, տեսել եմ՝ ինչ ա կատարվում, գնացի ու ամեն ինչը վարչապետին ասեցի: Ասեցի, թե ինչ ա անհրաժեշտ զինվորներին, որ կարողանանք մեր սահմաններն ամուր պահել: Ես մենակ մեր Գեղարքունիքի մարզից եմ տեղյակ, ներկայացրի, թե ինչ իրավիճակ ա այնտեղ: Կապանից էլ զանգեցին ասեցին, որ հրթիռներ են բաց թողել, դա էլ պատմեցի վարչապետին, ասեցի, որ օդը պահպանելու խնդիր ունենք՝ տարբեր զենքերի տեսակների հետ կապված: Իմ ելույթից հետո սկսեցին բանակը կամավորների բաժանել, խոսքերս տեղ ա հասել, իմ ելույթից հետո բանակում փոփոխություններ են եղել: Մինչեւ ելույթս կամավորներին ես էի հագուստներ տրամադրում, դրանից հետո արդեն սկսեցին հագուստներ տալ իրենք:
- Իսկ վարչապետն ի՞նչ ասաց Ձեր բարձրացրած հարցերի մասին:
- Հա, ասեց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա, բայց ասեց, որ բանակը մոբիլիզացիա անելու հնարավորություն չկա, որովհետեւ գալիս են անփորձ մարդիկ եւ մեծ փորձանք են բերում գլխներիս: Պետք է ընտրովի լինի: Ես առաջարկեցի, որ գոնե այդպես լինի, զորքը չի հերիքի: Վարդենիսից բոլոր դիրքերը պայթեցրել ու գրավել են, ինձ կողքից ասում էին, որ տենց բան չկա: Մյուս կուսակցության ղեկավարները ոչ մի բանից տեղյակ չէին, բերաններս բացել չտան, անուններ կտամ: Ես բերանները փակել եմ, ասեցի՝ ես եմ ֆակտ էնտեղ եղել, դո՞ւք եք ինձ հիմա ասում: Սաղ տեղերն առաջ են եկել (թշնամին), ի՞նչ են խոսում սրանք: Դրել կապիտալ շինարարություն են անում սաղ տեղեր:
- Մի տեսանյութ էիք հրապարակել, որը հանրության լայն շրջանակների զայրույթն էր շարժել: Նշում էիք, որ դիրքերում եք, սակայն տեսանյութի մեջ եվրոպատուհաններ էին երեւում: Շատերը պնդում էին, որ դիրքեր չեք գնացել:
- Դրանք սաղ ֆեյքեր են: Սուտ գործ ա: Ես դիրքերից չեմ կարա վիդեո մտնեմ: Ո՞նց ցույց տամ, թե որտեղ եմ, դա ապասնի ա: Ախպեր, ես Վարդենիսում եմ եղել էդ պահին, հո դիրքերից վիդեո չէի՞ մտնելու: Ցույց տայի՞ իմ տեղը:
- Այսինքն` ուղիղ եթեր դիրքերի՞ց չէիք մտել:
- Չէ հա, ո՞նց կարայի լայվի ժամանակ դիրքերում լինեի: Էդ սաղ ֆեյքեր են: Ինձ տեղափոխում էին շուտ-շուտ:
- Մի քանի օր առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարները Ձեզ թույլ չտվեցին ելույթ ունենալ՝ պատճառաբանելով, թե Դուք հանդիպում եք Նիկոլ Փաշինյանի հետ:
- Մեկը չփորձի ինձ մեղադրել ինչ-որ բանում:
- Արդեն փորձել են: Ձեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունն եք:
- Էդի կարան մենակ անգրագետ մարդիկ ասեն: Որտեղ կա Նիկոլ Փաշինյան, կա նաեւ պետություն: Կա պետականության մտածելակերպ, ես մտածում եմ մեր պետության մասին, պետական ձեւով: Եթե ես չեմ եկել իշխանության, ինձ համար կապ չունի, թե ով է Հայաստանի գլուխ: Միշտ էլ Նիկոլ Փաշինյանի մոտ թերի հարցեր եմ բարձրաձայնում: Եթե ես կառավարությունում չեմ, Ազգային ժողովում չեմ, չի նշանակում, որ պետք ա ձեռներս ծալած նստեմ:
Կարծիքներ