Զինվորական բեռնատարը շրջվել է այլ մեքենայի բախվելու հետևանքով

Զինվորական բեռնատարը շրջվել է այլ մեքենայի բախվելու հետևանքով

Երեկ առավոտյան գույժ տարածվեց, թե Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինծառայողներ տեղափոխող մեքենան շրջվել է: Դեպքի մասին հակասական տեղեկություններ էին տարածվում, թե զինծառայողները ծանր վիճակում տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ, թե զորամասի հրամանատարը գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Կոմիտաս Մուրադյանի սանիկն է, թե զորամասը բավարար չափով դիզվառելիք է ստանում՝ հենակետեր տանող ճանապարհները ձյունից մաքրելու համար, սակայն չեն մաքրում, արդյունքում, ահա, այսպիսի վթարներ են տեղի ունենում: Դեպքի հետ կապված՝ զրուցեցինք ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ: 

«Դեպքը եղել է հանրապետական մայրուղու վրա, Չիվա գյուղի մոտակայքում: Մեքենան ուղեւորվում էր Երեւանից Սիսիանի հոսպիտալ, այն չի շրջվել, այլ ընդամենը կողաշրջվել է` ընկել է կողքի վրա: Նույնիսկ մեքենային վնաս չի եղել: Փառք Աստծո, զինվորները չեն տուժել, բոլոր զինվորների վիճակը բավարար է: Մի հոգու ուղարկել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, հետազոտման»,- ասաց գնդապետը: Լուրը, թե զորամասի հրամանատարը Կոմիտաս Մուրադյանի սանիկն է, նա թողեց առանց մեկնաբանության: 

Ըստ մեկ այլ աղբյուրից ստացված ճշգրիտ տվյալների, իրականում ՊՆ բեռնատարը կողաշրջվել է ոչ թե ձնապատ ճանապարհի, այլ վթարի պատճառով: «Մի ուրիշ մեքենա եկել-խփել է զինվորների մեքենային: Զինվորականները շրջվել են: Նրանք վեցն են եղել: 6 զինվորներից վնասվածք է ստացել մեկը»,- ասաց աղբյուրը: Սամվել Ասատրյանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Զինծառայողը, որը վնասվածք ունի, մինուճար տղա է: Բժիշկները նրան հետազոտել են եւ ուղեղի ցնցում ախտորոշել: Մայրը պահանջել է, որ որդուն տեղափոխեն առանձին հիվանդասենյակ, նույնիսկ վիճել է բժիշկների հետ: Սակայն «Մուրացան»-ում ազատ հիվանդասենյակներ չեն եղել, եւ տղային պառկեցրել են ընդհանուր պալատում: Վերջին տասնօրյակում սա արդեն երկրորդ վթարն է: Փետրվարի 7-ին էլ Սյունիքի մարզի պահպանության տեղամասերից մեկում 3 պայմանագրային զինծառայողներ էին զոհվել, մեկը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: