9-րդ դասարանցիների դեմ դավադրություն է եղել

9-րդ դասարանցիների դեմ դավադրություն է եղել

Դպրոցականների մարզային փուլի օլիմպիադայում այս տարի մի շարք առարկաների մասով խնդիրներ են առաջացել։ Մեզ ահազանգած ուսուցիչներից մեկը նշեց, որ որպես կանոն ամեն տարվա օլիմպիադայի թեսթերի նմուշները տեղադրվում են olymp.am կայքում, իրենք էլ աշակերտների հետ պարապում են անցած տարվա օլիմպիադաների թեսթերի նմուշներով, բայց այս տարի 9-րդ դասարանի աշակերտներին հանկարծակիի են բերել, քանի որ «դեմ են տվել» 12-րդ դասարանի բարդության տեքստ, ինչը չես ասի 10-11-րդ դասարանցիների թեստերի մասին, որ անհամեմատ ավելի դյուրին են եղել։ Այս բարդության եւ ստեղծված շփոթի պատճառով գերազանց աշակերտները հազիվ 14-15 են ստացել։ 

Նույն պատկերը կրկնվել է թե հայոց լեզվի, թե օտար լեզուների օլիմպիադայի ժամանակ։ Զրուցակիցս զարմացած է, թե ինչո՞ւ են 9-րդ դասարանցիների թեսթերում ընդգրկել բարձր դասարանների ուսումնական նյութին համապատասխան բարդության տեքստեր, իսկ 9-րդ դասարանի մակարդակին համապատասխան տեքստերը ավագ դպրոց են տարել։ Պարզ է, որ որեւէ 9-րդ դասարանցու պետք չի պարապել այն թեմաները, որոնք ներառված չեն իր ծրագրում։  

Մանկավարժների կարծիքով, սա կամ տեխնիկական գործոնով է պայմանավորված՝ շփոթել են դասարանները, ուսումնական նյութը կամ էլ այնպես են արել, որ 9-երից այս տարի հաղթողներ քիչ լինեն, որովհետեւ օլիմպիադայում հաղթած 9-րդ դասարանցիներին պետությունը մի ամբողջ տարի գերազանցության գումար է տալիս՝ ամսական 10-15 հազար դրամ (կախված՝ օլիմպիադայում գրաված տեղից)։ Մանկավարժները չեն ուզում հավատալ, որ պետությունը որոշել է «էկոնոմիա» անել 9-րդ դասարանի գերազանցիկ աշակերտների հաշվին, որոնց թիվն այս խրախուսանքով պայմանավորված քիչ չէ։