Մեր գլուխը կտրեցին` գցեցին Բաքու, մարմինը քարշ տվեցին Երեւան

Մեր գլուխը կտրեցին` գցեցին Բաքու, մարմինը քարշ տվեցին Երեւան

Հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության օրը, եւ հազարավոր հայ երեխաներ իրենց բնօրրանում չեն այդ օրը տոնում: Արցախից բռնի Հայաստան տեղահանված 30 հազար երեխա ունենք, 8 հազարը` նախադպրոցական, 22 հազարը` դպրոցական տարիքի:

Արցախցիները հետահայաց պատմում են, թե ինչպես են անցկացրել բլոկադան եւ հատկապես ընդգծում են Ռուբեն Վարդանյանի դերակատարումը:

8 ամսից ավելի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` Արցախում իրականացրած ծրագրերի առանցքում կարիքավոր մարդիկ էին եւ երեխաները: Նա անգամ շրջափակման պայմաններում էլեկտրամոբիլ էր հատկացրել` հղի կանանց հիվանդանոց տեղափոխելու համար, բարեգործական ճաշարան էր հիմնել, որտեղ անապահովները եւ առաջնահերթ` երեխաներն էին սնվում, ամանորյա նվերներ էր նախատեսել Արցախի երեխաների համար, որոնք Ամանորի փոխարեն նրանց հասան միայն Զատկի տոնին, բայց հասան: Նա միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում պարտադիր շեշտում էր, որ Արցախում բնակվում է 120 հազար հայ, որից 30 հազարը երեխաներ են, որոնք ապրում են շրջափակման մեջ` զրկված նորմալ կրթություն ստանալու եւ սնվելու հնարավորությունից: Նա հաճախ էր այցելում դպրոցներ, մանկապարտեզներ, ծանոթանում պայմաններին: Այդ թվում՝ նաեւ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, որի 106 խմբակում 1500-ից ավելի երեխա էր անվճար ուսանում՝ մասնագիտական հմտություններ ձեռք բերելով:

«Հրապարակ»-ի զրուցակիցն Արցախի Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարման պատգամավոր, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանն է: 2023թ. հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը պետք է տոներ ստեղծման 30-ամյա հոբելյանը։ «Չնայած բլոկադայի առկայությանը, կենտրոնը պատրաստ էր տոնել 30-ամյակը բարձր մակարդակով. փորձեր… փորձեր… աշխատանք՝ հաղորդավարների հետ, նախապատրաստական աշխատանքներ՝ ցուցահանդեսների բացման գործում: Բայց այդ ամենն ընդհատվեց 2023թ. սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա»,- անասելի ցավով հիշում է տիկին Բարսեղյանը։
Հետո մեկ տարով հետ է գնում, եւ հիշողություններն ավելի պայծառ ու լուսավոր են դառնում: «2022-ի հունիսի 23-ին մի մեծ, լայնամասշտաբ միջոցառում էինք նախատեսել՝ «Արցախ՝ երկիր Հայոց» խորագրով, որով ողջ Արցախի պատմությունն էր ներկայացվում: Իմացա, որ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն «Ավրորայի» շրջանակներում հենց հունիսի 22-ին Արցախում է լինելու: Ինձ հաջողվեց տեղեկացնել նրան եւ խնդրել, որ մեր միջոցառմանը ներկա լինի: Նա մեծ հաճույքով համաձայնեց, բայց քանի որ խիստ գրաֆիկի մեջ էր եւ նույն օրը պետք է մեկներ Արցախից, խնդրեց միջոցառումը տեղափոխել հունիսի 22-ին: Իսկ մեր գլխավոր փորձն էր հենց այդ օրը նշանակված, որին շուրջ 380 երեխա էր մասնակցում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տիտանական գործ արեցին երեխաները, ուսուցչական կազմը, որ հենց այդ օրը միջոցառումն անցնի: Պետք է ասեմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մեր նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, այլեւս ոչ մի միջոցառման չէր մասնակցում, նախկինում բոլոր միջոցառումներին ներկա էր լինում, բայց պատերազմից հետո խնդրել էր ըմբռնումով մոտենալ` չէր կարողանում: Ինչքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ այդ օրը Ռուբեն Վարդանյանի հետ նաեւ մեր նախագահին տեսանք, Վարդանյանի շնորհիվ նա նույնպես եկել էր մեր միջոցառմանը: Միջոցառման ավարտին, երբ Վարդանյանը մոտեցավ ինձ, ի դեպ, ես նրա հետ երբեք չէի շփվել, առաջին նախադասությունն եմ հիշում․ «Շնորհակալություն, որ մեկ օրում կարողացաք հասցնել»: Սա ի՞նչ էր նշանակում՝ որ նա ինչքան լավ էր պատկերացնում կուլիսային աշխատանքի նրբությունը»,-պատմում է կենտրոնի նախագահը:

Ստեփանակերտի տեղծագործության կենտրոնի սաների եւ Ռուբեն Վարդանյանի հաջորդ հանդիպումը պետք է կայանար ամիսներ անց, երբ Վարդանյանն արդեն Արցախի պետնախարար էր: «Նա կնոջ՝ Վերոնիկայի հետ մեզ մոտ էր գալիս, ու չեք պատկերացնի, թե երեխաներն ինչպես էին սպասում, բայց ճանապարհին նախագահը շտապ իր մոտ էր կանչել, եւ Վերոնիկան միայնակ այցելեց այդ օրը մեզ, շրջեց շենքի 4 հարկով, ուսումնասիրեց բոլորի աշխատանքը: Ամուսնուն պատմել էր, թե ինչի կարիք ունի կենտրոնը: Մենք նշել էինք, որ երաժշտական գործիքներ ենք ուզում: Ես վստահ եմ, որ դրանք կտրամադրվեին մեզ, բայց մեզ մոտ սկսվեցին հանրահավաքներ, բլոկադա: Հենց այդ ժամանակ Ռուբեն Վարդանյանի խնդրանքվ մեր կենտրոնի ողջ կոլեկտիվը եռագույն ձեռնաշղթաներ ու գլխազարդեր էր գործում, որոնք բաժանվում էին հանրահավաքների մասնակիցներին»,- ասում է նա՝ ցավով ընդգծելով․

«Մինչեւ հիմա չեմ հավատում, շշմած եմ այն ամենից, ինչ կատարվեց մեզ հետ: Մեր նախագահները, բոլորովին անմեղ զոհ Ռուբեն Վարդանյանը, ինչո՞ւ, ինչպե՞ս հայտնվեցին այնտեղ՝ Բաքվի բերդում: Մեր գլուխը կտրեցին, գցեցին Բաքու, մարմինը քարշ տվեցին Երեւան: Դա չէր կարող մեզ հետ պատահել․ մի հողում, որ հազարամյակներով ապրել էինք, այդպես բռնի տեղահանել… ես հավատում եմ, որ մենք վերադառնալու ենք, մենք իսկական դրախտավայրում էինք ապրում: Այնտեղ՝ Արցախում, ամեն բան ուրիշ էր, ե՛ւ մարդկային հարաբերություններն էին այլ, ե՛ւ ապրելն էր հեշտ: Հիշում եմ՝ մեր նախագահներից Բակո Սահակյանը հունիսի 1-ին հեծանիվներ էր գնում ու անձամբ երեխաներին բաժանում, երբեք թիկնազորով շրջապատված չենք տեսել նրանց, ես վստահ եմ՝ թե՛ նրանց, թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ մեր բոլոր գերիներին մեզ բախտ վիճակվելու է տեսնել»: