Ասադի տապալումը, ինչպես Բեռլինի պատի փլուզումը 

Ասադի տապալումը, ինչպես Բեռլինի պատի փլուզումը 

Սիրիայում ապստամբական մի շարժում, որ սկսվեց 2024-ի նոյեմբերի 27-ին՝ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ նահանգից  (սիրիական մի նահանգ, որ բնակեցված է հիմնականում թյուրքական ցեղախմբերով եւ ղեկավարվում է ծայրահեղական, ահաբեկչական ISIS-ի հետ առնչություններ ունեցող խմբավորումների կողմից), դեկտեմբերի 8-ին կատարյալ հաղթանակ տոնեց  5000-ամյա մայրաքաղաք Դամասկոսում՝ գահընկեց անելով նախագահ Բաշար ալ-Ասադին եւ վերջակետ դնելով Ասադների ընտանիքի կեսդարյա բռնապետությանը Սիրիայում։

Պարզ է, որ դա ատելի ռեժիմ էր՝ միակուսակցական համակարգով, Ասադների անսահմանափակ իշխանությամբ, 2011-ի ժողովրդավարական շարժումներից հետո ծայր առած քաղաքացիական պատերազմով, հարյուր հազարավոր զոհերով, ընդդիմադիր անձանց անհամար խոշտանգումներով, առեւանգումներով, մահապատիժներով, երկրի 24 միլիոն բնակչության շուրջ կեսի տարագրությամբ, որից 6 միլիոնի արտագաղթով արտերկիր, փլուզված տնտեսությամբ․․․ Այնպես որ, սպասելի եւ օրինաչափ էր, որ Ասադի տապալման լուրը ոչ միայն Սիրիայում, այլեւ համարյա բոլոր երկրներում ու քաղաքներում, որտեղ կային սիրիացի գաղթականներ՝ Փարիզից, Բեռլինից ու Լոնդոնից մինչեւ Լիբանան, Հորդանան, Թուրքիա (Այնթապից ու Անտիոքից  մինչեւ Պոլիս), ամենուր արցունքներով, անափ ուրախությամբ եւ տոնակատարություններով ընդունվեց։ Համարյա՝ ինչպես հեքիաթներում վիշապի վերջաբանը։ 
Բաշար Ասադն ընտանյոք փախուստի դիմեց Ռուսաստան, իսկ տարբեր երկրներից արդեն կոչեր են հնչում՝ նրան հանձնելու միջազգային արդարադատության։ Սակայն ներկա պահին Ասադն այլեւս երկրորդական է։ Առաջնաբեմում Ասադների բռնատիրությանը վերջակետ դրած ուժերն են, որոնց շարքում կենտրոնականը HTS հապավումով Hayat Tahrir al-Sham (թարգմանաբար՝ Levant-ի ազատագրման կազմակերպություն)  անվանումով զինյալ խմբավորումն է։ Հենց այդ խմբավորման հիմնադիրն ու ղեկավարն էլ ընկալվում է որպես Ասադին տապալած զինված ապստամբության առաջնորդ՝ Աբու Մուհամեդ ալ-Ջոլանին (Abu Muhammad al-Jawlani): 

Ալ-Ջոլանին դեկտեմբերի 8-ի երեկոյան 5000-ամյա Դամասկոսի կենտրոնական մի մզկիթում, որ 1300-ամյա պատմություն ունի եւ ամենահին մզկիթներից մեկն է երկրագնդի վրա, Ummayad Mosque-ի աստիճաններին կանգնած՝ դիմեց Սիրիայի ժողովրդին՝ ազդարարելով Ասադների բռնապետության ավարտի եւ հնամենի Սիրիայի պատմության նոր էջ բացելու մասին, որը պետք է ծառայի բոլոր սիրիացիներին, Սիրիայի բոլոր քաղաքացիներին, էթնիկ խմբերին ու կրոններին։ Երբեմնի ջիհադականի համար նման խոստումները, ինչ խոսք, հետաքրքիր առաջընթաց են եւ լայնախոհություն։ Սակայն ալ-Ջոլանիի խոսքերից ավելի հետաքրքիր է նրա անձը։ Նա անհատ է, որի գլխի համար 10 միլիոն դոլարի պարգեւավճար է խոստացված ԱՄՆ իշխանությունների կողմից, եւ հիմա, երբ ալ-Ջոլանիի գլուխն այդքան տեսանելի բարձրացել է Դամասկոսի կենտրոնում, նույնքան էլ բարձրացել է այդ գլխի՝ ուսերի վրայից թռչելու հնարավորությունը։

ՄԱԿ-ը ԱՄՆ-ն, ԵՄ-ն, նույնիսկ Թուրքիան ալ-Ջոլանիին միջազգային մասշտաբի ահաբեկիչ են որակել, որովհետեւ, չնայած միանգամայն երիտասարդ տարիքին՝ 42 տարեկան, նա հասցրել է մի քանի տարի Իրաքում ամերիկյան զորքերի դեմ մարտնչել, շուրջ հինգ տարի ամերիկացիների կողմից ազատազրկված լինել, հետո Իրաքից Սիրիա վերադառնալ եւ ալ-Քաեդայի (Osama bin Laden-ի հիմնադրած al Quaeda ահաբեկչական ցանցը, որն իրականացրել է 2001-ի ահաբեկչական հարձակումն ԱՄՆ-ում Մանհեթենի Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկնաքերների վրա) սիրիական ճյուղավորում հիմնել՝ al-Nusra Front անվանումով։ Այդ շրջանից էլ՝ 2012-13 թթ․, գալիս է ալ-Ջոլանիի՝ միջազգային ահաբեկչի որակումը եւ հետագայում 10 միլիոն դոլարի պարգեւը՝ նրան գտնել, ձերբակալելուն օժանդակող  տեղեկության համար։ Ավելի ուշ՝ 2015-16-ին, գոնե հրապարակավ եւ պաշտոնապես, ալ-Ջոլանին խզել է կապերը al-Qaeda-ի հետ, իր խմբավորումը վերանվանել է Jabhat al-Nusra, 2017-ին դա էլ է լուծարել եւ մի քանի զինյալ խմբավորումների միաձուլումով հիմնադրել է Hayat Tahrir al-Sham-ը, որի առաջնորդի կարգավիճակով էլ 2024-ի դեկտեմբերի 8-ին Դամասկոսի պատմական մզկիթի աստիճաններին կանգնած՝ ազդարարեց Ասադների կեսդարյա իշխանության ավարտի մասին։ 

Մինչ այդ 2017-ից Hayat Tahrir al-Sham-ը եւ ալ-Ջոլանին կառավարել էին զինյալ խմբավորումների հսկողության ներքո գտնվող Իդլիբի նահանգը, ներառյալ քաղաքացիական ազգաբնակչությանը, իսկ 2024-ի նոյեմբերի 27-ին սկսեցին ապստամբական հարձակումը կառավարական ուժերի դեմ, որոնք որեւէ դիմադրություն ցույց չտալով՝ փլուզվեցին եւ նահանջեցին Հալեպից, հետո՝ Համայից, այնուհետ՝ Հոմսից, ի վերջո՝ Դամասկոսից, եւ հանգեցրին Ասադի իշխանության վերջաբանին։ Արդյունքում՝ ալ-Ջոլանին կյանքի բավականին ճանապարհ եւ փորձառություն է անցել՝ սահմանափակ, դոկտրինացված ջիհադականից մինչեւ ճկուն եւ ունակ հեղափոխական առաջնորդ՝ կերպարանափոխվելով արտաքինից մինչեւ հայտարարություններ եւ համոզումներ, ով ասում է, որ իր մասին մարդիկ թող դատեն գործերով, ոչ թե ունեցած պատկերացումներով։ 

Ամենքն են կարծում, որ ալ-Ջոլանիի մասին պետք է դատել գործերով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդհանրապես հրաշալի ձեւակերպեց․ «Լավ բաներ է ասում, բայց․․․ պետք է տեսնել՝ ինչ է անում»։ Իհարկե, հետաքրքիր է՝ ալ-Ջոլանին ինչպես կառաջնորդի Սիրիան առաջիկայում, սակայն նրա ղեկավարումը դժվար թե երկար տեւի, քանի որ, ամենայն հավանականությամբ, երկիրը կգնա կոնսոլիդացման, նոր սահմանադրության ընդունման, բազմակուսակցական ընտրությամբ կառավարության եւ  իշխանության ձեւավորման ճանապարհով։ Դժվար թե քաղաքական այդ գործընթացներում որպես առաջնորդ հաստատվի դարձյալ ալ-Ջոլանին։

Սակայն ովքեր էլ Սիրիայում գան ասպարեզ, ովքեր էլ երկիրն առաջնորդեն կամ հեռանան, պատմականը, դարակազմիկը շրջադարձային ուժերի վերադասավորումն էր, որ Ասադի ռեժիմի փլուզմամբ կատարվեց Մերձավոր Արեւելքում։ Իր ռեզոնանսով եւ ազդեցությամբ դա համեմատելի է Բեռլինի պատի փլուզման հետ՝ 1989-ին։ Ինչպես Բեռլինի պատի փլուզումը նշանակեց սոցիալիստական ճամբարի կազմաքանդում, Խորհրդային Միության վերջաբան եւ Արեւմուտքի անմրցելի դոմինանտության հաստատում եվրոպական մայրցամաքում, այնպես էլ Ասադի ռեժիմի փլուզումը նշանակեց իրենց ռեգիոնալ գերտերություն երեւակայած Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ազդեցության, լատենտ խաղերի, լարած ծուղակների ավարտ Մերձավոր Արեւելքում եւ ԱՄՆ անմրցելի դոմինանտության հաստատում։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը  դեկտեմբերի 8-ին Սպիտակ տնից՝ Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, գրեթե պատմականության պաթոս էր կրում։ Բայդենն իրավամբ հայտարարեց, որ Ասադի իշխանության տապալումը, Մերձավոր Արեւելքում տասնամյակներ գոյություն ունեցած ուժային դասավորությունների ու դիմակայությունների փլուզումն իր վարչակազմի ձեռքբերումն է ու հաղթանակը։ Իրոք այդպես է եւ ահա թե ինչու։

Շարունակելի