Քաղաքականություն

ՔՊ-ի դպրոցում սովորելու համար մեծ կոնկուրս է եղել

ՔՊ-ի դպրոցում սովորելու համար մեծ կոնկուրս է եղել

Վերջին տարիներին Հայաստանում քաղաքական մի քանի դպրոցներ էին բացվել` յուրաքանչյուր կուսակցություն փորձում էր երիտասարդների «աճեցնել»` ավագ սերնդին փոխարինողներ, ժառանգորդներ։ Մինչ 2018-ի իշխանափոխությունը՝ ամենապոպուլյար դպրոցը, իհարկե, իշխող կուսակցությանն էր` Հայաստանի Հանրապետականինը՝ «Անդրանիկ Մարգարյանի» քաղաքական դպրոցը, դրանից հետո բացվեցին նաեւ՝ «Լուսավոր Հայաստանի» «Լիբերալ քաղաքականության դպրոցը», հիմա էլ ներկայիս իշխանությունն է հիմնել դպրոց, որը կոչվում է «Ժողովրդավարության դպրոց»:

«Անդրանիկ Մարգարյանի» քաղաքական դպրոցը, պարզվում է, այսօր էլ գործում է` այն ամիսներ առաջ հայտարարել է յոթերորդ հոսքի ընդունելության մասին, դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդունելությունը կանգնեցվել էր՝ կապված Բագրատ Սրբազանի շարժման հետ․ «Ընդունելությունը նորից կհայտարարվի առաջիկայում եւ մեր հերթական յոթերորդ հոսքը կլինի»։ 

Մամիջանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ մոտ 700 շրջանավարտ են ունեցել․ «Հետաքրքրությունը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նկատմամբ միշտ շատ բարձր է եղել, մենք հպարտ ենք լինել Հայաստանում առաջին կուսակցական քաղաքական դպրոցը, եւ փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր հասարակությանը հրամցնենք որակյալ եւ հետաքրքիր պրոդուկտ։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նպատակը երբեւէ չի եղել ներկուսակցականների ներգրավվումը, հաճախ դպրոցի շրջանավարտները որոշում  են դառնալ Հանրապետական եւ ակտիվ ներգրավվում են քաղաքական գործընթացներում։ Նպատակը մեկն է՝ Հանրապետականին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ընտրողը լինի շատ պահանջկոտ քաղաքական գործիչների նկատմամբ եւ լինի պահանջատեր։ Այդ երկու հատկանիշը մենք փորձում  ենք զարգացնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում»։ ՀՀԿ-ի քաղաքական դպրոց նախկինում արդեն իսկ դիմած երիտասարդների դիմումները կպահպանվեն, կհայտարարվի հավելյալ կարճ ընդունելություն, որից հետո աշնան կեսերին դասերը կմեկնարկեն։ 

ԼՀԿ-ի «Լիբերալ քաղաքականության դպրոցը» եւս գործում է։ ԼՀԿ կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը փոխանցեց․ «Ընդունելության վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է, հավանաբար 30 հոգի կկազմի հոսքը։ Սա կլինի 11-րդ հոսքը»։ 

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց քաղաքական դպրոց ընդունվածների թիվը 60-ն է․ «Այս հոսքի համար նախատեսել ենք ունենալ 60 ուսանող, դասերը մեկնարկելու են եկող շաբաթ»։ Քաղաքական դպրոցում բանախոսելու են կուսակցության անդամներ, կառավարության անդամներ, պատգամավորներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Ալեքսանյանի՝ դիմողների թիվն ավելի շատ է եղել, մոտավորապես 200 հոգի է դիմել սովորելու ՔՊ-ի դպրոցում․ «Որպեսզի դասապրոցեսը, հնարավոր երկխոսությունն ավելի պրոդուկտիվ ստացվի, մեծ թիվը գուցե անհարմարություն առաջացներ»։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image