«Հրապարակ»․ Իշխանությունը քաղում է Հռոմի ստատուտի վավերացման դառը պտուղները

«Հրապարակ»․ Իշխանությունը քաղում է Հռոմի ստատուտի վավերացման դառը պտուղները

«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ այն վավերացնելուց հետո նաեւ պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը»,- հայ-ռուսական հարաբերություններում հերթական պրոբլեմը ստեղծած Հռոմի ստատուտի՝ ՄՔԴ կանոնադրության վավերացման օրերին ՔՊ-ականներն այս հիմնավորմամբ էին բացատրում փաստաթղթին միանալու նախաձեռնությունը: Հռոմի ստատուտը վավերացնելուց մեկ տարուց ավելի է անցել, բայց Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոչինչ չի արել, փոխարենը Հռոմի ստատուտը շարունակում է հայ-ռուսական հարաբերությունների նեգատիվ ֆոնը խորացնող գործոն մնալ:

Նախօրեին ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը հայկական կողմի խնդրանքով կանցկացվի ոչ թե Երեւանում, այլ՝ Սանկտ Պետերբուրգում: Երեւանը հունվարից ստանձնել է խորհրդի նախագահությունը: Որպես կանոն, նիստերը հենց նախագահող երկիրն է հյուրընկալում: Ուշակովի հայտարարությունը, թե նիստը կկայանա ռուսաստանյան տարածքում, վկայում է այն մասին, որ Փաշինյանը, մեղմ ասած, տհաճ դրության մեջ է ընկել՝ ի՞նչ պետք է աներ, եթե ՌԴ նախագահը ժամաներ Երեւան: Չէ՞ որ Հռոմի ստատուտը պահանջում է ձերբակալել Պուտինին: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Պուտինի ձերբակալման օրդեր էր տվել, իսկ ստատուտի վավերացումը նշանակում է, որ այն տարածվում է վավերացրած բոլոր երկրների վրա, եւ Հայաստանը պետք է կատարի այդ պահանջը:  

2023 թ․ հոկտեմբերի 2-ին ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը վավերացրեց Հռոմի ստատուտը, որը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց չէր վավերացրել, իսկ 2004-ին Սահմանադրական դատարանն այն ՀՀ Սահմանադրությանը հակասող էր ճանաչել: Ընդդիմադիրները դեմ էին քվեարկել՝ իշխանության գործելաոճը որակելով որպես ծայրահեղ քաղաքական կուրություն: Մոսկվան այդ վավերացումը որակել էր ոչ բարեկամական քայլ, որն ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ուշակովի հայտարարությունն ու պնդում է, թե նիստը Երեւանում չանցկացնելու որոշումը կայացվել է դեռ մայիսին՝ նախորդ նիստի ժամանակ, ու չկա հստակ կանոնակարգ, ըստ որի՝ նիստն անպայման պետք է նախագահող երկրում անցկացվի:

«ՀՀ ԱԳՆ-ն, փաստորեն, հերքել է, թե իբրեւ եղել է հայկական կողմի խնդրանքը՝ նշելով, թե նախորդ նիստի ժամանակ է որոշվել, որ կանցկացվի Պետերբուրգում, բայց ես դժվարանում եմ հիշել, որ գագաթնաժողովն անցկացվի ոչ թե նախագահող, այլ մեկ ուրիշ երկրում: Թերեւս 2016 թվականին էր բացառությունը, երբ Ապրիլյան պատերազմի օրերին ԵԱՏՄ որոշ երկրների ղեկավարներ, այն ժամանակ շրջանառվում էր Նազարբաեւի անունը, առաջարկել էին անցկացնել ոչ պատերազմական վիճակում գտնվող երկրում, բայց պրոցեդուրան եւ ընդունված ավանդույթն այն է, որ գագաթնաժողովն անցկացվում է նախագահող երկրում: Երկրորդ անգամ այն Երեւանում չանցկացնելը, որովհետեւ տարեսկզբին էլ Հայաստանում չէր անցկացվել, պարզ նշում է, որ կա խնդիր Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի՝ որպես կառույցի, կամ անդամ երկրների միջեւ: Ես հակված եմ կարծել, որ այստեղ խնդիրը վերաբերում է հենց Հռոմի ստատուտին»,- «Հրապարակ»-ին ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշելով, որ երբ ՔՊ-ն հարցը խորհրդարան էր տարել, ընդդիմությունը զգուշացնում էր, որ այն Հայաստանին ոչինչ չի տալու՝ ռիսկերից բացի:

«Իշխանությունները հայտարարում էին, որ Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կընձեռի՝ Ալիեւի եւ Ադրբեջանի մյուս հանցագործների դեմ Միջազգային քրեական դատարանում գործընթացներ սկսել, ինչը հենց այն ժամանակ, գոնե մեզ համար հստակ էր, որ նողկալի սուտ էր, եւ հիմա տեսնում ենք, որ այդ պատրվակն օգտագործելով՝ իրենք վավերացրին փաստաթուղթը, իսկ հիմա որեւէ քայլ չեն ձեռնարկում, որովհետեւ ակնհայտ է, որ եթե ՌԴ նախագահը գար Հայաստան, եւ Հայաստանը փորձեր սանկցիա կիրառել, ինչ հետեւանքներ կունենար դա Հայաստանի համար, եթե չաներ, Փաշինյանն Արեւմուտքից ճնշման կենթարկվեր: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մի չմտածված որոշում՝ վավերացնել Հռոմի ստատուտը, ինչ ծանր դրության մեջ դրեց Հայաստանին, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի հատկապես արտաքին քաղաքականությունն ամենաձախողն է»,- ասում է Արթուր Խաչատրյանը:
Մոսկվան տեսնում է Երեւանի վախերը, որոնք պայմանավորված են Արեւմուտքից հնարավոր ճնշումներով, եթե հանկարծ Պուտինը ոտք դնի Հայաստան: Արթուր Խաչատրյանը հիշում է, թե ռուսական կողմը որքան ցավագին արձագանքեց Հռոմի ստատուտի վավերացմանը հենց այն օրերին, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր իջեցրեց. «Ակնհայտ է, որ դա Հայաստանին նեղ վիճակի մեջ է դրել՝ որեւէ օգուտ չստացանք, փոխարենը հայտնվել ենք երկկողմանի ճնշումների տակ: Ռուսները դա հստակ գնահատում են որպես հակառուսական քայլ»: 
 Հայաստանի այդ խնդրանքը ԵԱՏՄ համագործակցության համար կունենա՞ հետեւանք: Ըստ Խաչատրյանի, դժվար թե, քանի որ փաստաթղթի վավերացումից հետո հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունները շարունակել են խորանալ, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը դրանից էլ չկարողացավ օգտվել՝ ՌԴ-ի դեմ սանկցիաների պատճառով բարենպաստ տնտեսական պայմանները կապիտալիզացնել չկարողանալով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ Հռոմի ստատուտի շրջանակում հնարավոր գործընթացին, օրինակ, ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիան վիճարկելուն, որը ՔՊ-ականները չեն էլ հիշում, Արթուր Խաչատրյանը լավատես չէ՝ Ադրբեջանը միակողմանի պահանջներ է ներկայացնում, այդ թվում` հրաժարվել միջազգային իրավական վեճերից, ու կյանքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունը կատարում է այդ պահանջները:

«Այսպես կոչված՝ սահմանազատման օրինակն ամենավառ օրինակն է: Սահմանազատման հանձնաժողովի նիստին՝ մարտի 7-ին կամ 5-ին հայտարարեցին, թե որոշել են էլի հանդիպել, կանոնակարգը քննարկել, դրա հաջորդ օրը Շահին Մուստաֆաեւն ասաց՝ վերջ, մեր համբերությունը սպառվել է, 4 գյուղերից դուրս եկեք, Նիկոլ Փաշինյանն աճապարեց Կիրանց, Ոսկեպար, տարածաշրջանի գյուղեր ու հայտարարեց, որ եթե դա չանենք, պատերազմ կլինի, եւ հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն այդ ժեշտից չափառն է, որ քաշել են ինչ-որ անհասկանալի սահմանագծի երկայնքով: Եթե նայենք Ֆաիդ Շահիեւի վերջին գաղտնազերծած 3 կետերը, Փաշինյանը ոչ միայն հաստատեց, որ նման պահանջներ եղել են, այլեւ հստակ ակնարկեց, որ ինքը դա անելու է»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը:

Մեր զրուցակիցը մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում տեղի ունեցածը, երբ Թուրքիայի դեսպանը սպառնացել էր ՀՀ դեսպանին, այդ ձախողման ամենացայտուն օրինակն է համարում՝ ընդգծելով. «Դա Հայաստանի խղճուկ դիվանագիտության մանրակերտն էր»: Վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Արթուր Խաչատրյանը նկատում է՝ գեոպոլիտիկ այս խառը իրավիճակում ուղղակի անհեթեթություն է արտաբլոկային քաղաքականություն վարելու փորձը: Նույնիսկ այդքան ապահով Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ մտան՝ հասկանալով, որ բեւեռացող աշխարհում դժվար է թվացյալ չեզոք քաղաքականություն վարելը:  

«Սրանք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնում են, բայց դա խաղուպար չէ, որ այսօր սառեցնես` վաղը տաքացնես, ՆԱՏՕ էլ ոչ ոք չի կանչում, եւ, ի վերջո, մի օր կգա պահը, երբ կարող ես մնալ ընդհանրապես առանց դաշնակցի: Ինչ-որ պահի կասեն․ կողմնորոշվեք՝ կա՛մ այս կողմ, կա՛մ՝ այն: Կարծում եմ՝ հիմա մենք դրան ենք գնում: Իշխանություններն ասում են, թե ուզում ենք Եվրոպային մոտենալ այնքան, ինչքան Եվրոպան կուզենա, Եվրոպան էլ գիծը գծեց եւ ասաց՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագիրն է, սա հորով-մորով արեք, հետո ուրիշ բաների մասին մտածեք։ Այնպես որ, խոսքերից բացի, լրացուցիչ քաղաքական ազդակներ չեմ տեսնում: Այն, որ այսօր նոյեմբերի 28-ն է, եւ դեռեւս եվրադիտորդների մանդատը չի երկարաձգվել, դա էլ է նշանակում, որ չեն կարողանում Եվրոպայի հետ իրենց հարաբերությունները կարգավորել: Այս դեպքում ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջացել, որ Ադրբեջանն ուղղակի իրենց թույլ չի տալիս, Ադրբեջանն է արգելել: Արդյունքում հայտնվելու են իզոլյացիայի մեջ, առանց որեւէ դաշնակցի ու բարեկամի՝ մենմենակ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ»,- եզրափակում է Խաչատրյանը: