«Կարմիր խաչը» հորս վերջին անգամ այցելել է հոկտեմբերի 11-ին

«Կարմիր խաչը» հորս վերջին անգամ այցելել է հոկտեմբերի 11-ին

Բաքվի դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին կսկսվի այս տարվա հուլիսին Լաչինից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատական նիստը՝ զինվորական դատավոր Ռամզան Աղաևի նախագահությամբ: Հիշեցնենք, Խաչատրյանին մեղադրում են 1991 թ․ Մեշալի գյուղում, ենթադրաբար, ադրբեջանցիների դեմ կատարած հանցագործությունների մեջ։

Ինքը՝ Խաչատրյանը կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները, ասում է, որ այդ դեպքերին ներկա չի եղել։

Ավելի վաղ, հայտարարվել է, որ գործի շրջանակում, Ադրբեջանի իրավապահներն իբրեւ տուժող են ճանաչել 59 մարդ, որոնց մի մասն անգամ գալիս է դատարան եւ ցուցմունքներ տալիս «մեղադրյալի» դեմ։ 

Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում այսօր ասաց, որ այսօրվա դատական նիստից որևէ տեղեկություն չունեն: Ի՞նչ պայմաններում է պահվում իր հայրը, ի՞նչ վիճակում է այժմ, մեր զրուցակիցն այս հարցերի պատասխանները նույնպես չունի: Նրա խոսքով` այս օրերին անգամ «Կարմիր խաչը» չի այցելել իր հորը. 

«Մենք էլ բոլորի պես ամեն ինչ համացանցից ենք իմանում: «Կարմիր խաչը» չունի տեղեկություն, քանի որ չի այցելել, ամիսը մեկ, թե 40 օրը մեկ են այցելում գերիներին: Վերջին անգամ «Կարմիր խաչը» հորս այցելել է հոկտեմբերի 11-ին», - նշեց նա: Ենթադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, կարծում ենք՝ այս հարցում շատ փոքր է «Կարմիր խաչի» մեղքը։

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ այս ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունների որևէ ներկայացուցիչ, հետաքրքրվե՞լ է Վագիֆ Խաչատրյանի ընտանիքից, դուստրերից, ինչպե՞ս են, ինչի՞ կարիք ունեն, որտեղ են տեղավորվել։ Ի վերջո, մարդիկ արհավիրքի միջով են անցել, դրան գումարած՝ ընտանիքի տարեց հայրը գերության մեջ է հայտնվել, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ, ոչ մի զանգ չենք ստացել, ոչ մի բան: Ես հիմա շատ վատ վիճակում եմ, ոչինչ չեմ կարողանում խոսել», - նշեց Վերա Խաչատրյանը: