Մենք տագնապալից լուրեր ենք ստանում սահմանամերձ հատվածներից: Արդեն մի քանի ժամ է փոխհրաձգություն է ընթանում Սյունիքի Տեղ համայնքում, որտեղ զոհեր ու վիրավորներ ունենք: Այդ թվում, վիրավորվել է նաեւ Բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Վիրավորներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: Որից հետո թշնամին սկսել է հրետանի կիրառել` կրակելով Տեղի ուղղությամբ:
Մենք տեղեկացանք նաեւ, որ թշնամին սկսել է կրակել նաեւ սահմանի այլ հատվածներում: Մասնավորապես` կրակում են Վարդենիսի հատվածում: Սոթք հանքավայրի մեր աղբյուրը նշում է, որ հանքավայրում աշխատանքները դադարեցված են եւ աշխատողներին էվակուացրել են տարածքից:
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նաեւ գրում են, որ մի քանի դիրքեր անցել են իրենց հսկողության տակ: Գեոպրոմայնինգ ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունները, ասելով.
«Ժամը 17:15-ի սահմաններում սկսել են կրակել: Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը եւ էվակուացրել է աշխատակիցներին` նրանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»:
ՀԳ Ավելի ուշ Սոթքից տեղեկացանք, որ կրակոցները դադարել են: