Նոր ֆորմատի ձեւավորման պրոցես է սկսվել

Նոր ֆորմատի ձեւավորման պրոցես է սկսվել

Մի խումբ ակտիվ ընդդիմադիր գործիչներ քննարկում են նոր քաղաքական ֆորմատ ձեւավորելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ շաբաթը երեք-չորս անգամ Նարեկ Սամսոնյանի գրասենյակում են հավաքվում նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը եւ քննարկում են ընդդիմադիր նոր ֆորմատով հանդես գալու հարցը։ 

Նրանք կարծում են, որ ներկայիս քաղաքական դաշտն ի զորու չէ ադեկվատ արձագանքել պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, հանրությունը դժգոհ է թե իշխանությունից, թե խորհրդարան անցած ընդդիմությունից, ուստի «ընդդիմության ընդդիմություն» է հարկավոր ձեւավորել: Եվ նրանք սպասում են պատեհ պահի, որպեսզի հայտարարեն նոր ձեւաչափով գործունեության մեկնարկը։ 

Այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Ռուբեն Մելիքյանից, նա չհերքեց, որ վերոնշյալ կազմով հանդիպումներ են ունենում, սակայն նոր ֆորմատի ձեւավորման մասին չցանկացավ տեղեկատվությունը գաղտնազերծել․ «Ճիշտն ասած՝ ես տարբեր մարդկանց հետ եմ հանդիպում, այդ թվում Ձեր նշած մարդկանց հետ՝ թե առանձին, թե խմբով, բայց որեւէ ֆորմատի մասին խոսք լինել չի կարող այս պահի դրությամբ, եւ շատ զարմացած եմ, որ նման հարց եք տալիս»։

Այդուհանդերձ նա չբացառեց, որ ապագայում տարբեր խմբեր տարբեր ձեւաչափերով հանդես կգան, քանի որ, իր գնահատմամբ, այժմ մենք գտնվում ենք «կարեւոր ճամփաբաժանին, երբ որպես հանրություն անհրաժեշտ է նոր գաղափարներ, նոր միտք»: 

«Ես համարում եմ, որ մեր երկրում խորագույն ճգնաժամ է, առաջին հերթին արժանապատվության ճգնաժամ է, որից բխում է ամեն ինչ, մենք` որպես ազգ, ժողովուրդ, պետք է կարողանանք նոր գաղափարներ գտնել, որպեսզի հանրությունը վերականգնի հանրություն լինելու հատկանիշը։ Այս առումով որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մասնավոր մարդիկ տարբեր կարգով շփվեն միմյանց հետ»։ Մելիքյանը համաձայն չէ «ընդդիմության ընդդիմություն» ձեւակերպման հետ․ «Այո, ես էլ եմ ընդդիմությանը քննադատողների մեջ, անձամբ ես քննադատում եմ որպես ընտրող, առանց որեւէ չարամտության եւ քողարկված օրակարգով։ Մարդիկ նրանցից ունեն ակնկալիքներ, որոնք ձեւավորվել են իրենց իսկ հանձնառությունների հիման վրա։ Իսկ ընդդիմությունը պարտավոր է կատարել իր հանձնառությունները»։

Ընդդիմությունը Մելիքյանի ակնկալիքները բավարարում է «ոչ ամբողջությամբ»։ Իսկ ի՞նչ պետք է անի այսօրվա պաշտոնական ընդդիմությունը, որ չի անում: «Այդ մասին հայտարարել է ինքը՝ ընդդիմությունը, կարող եք վերցնել իրենց հայտարարությունները եւ տեսնել»։ Ընդդիմությունը շատ բան է հայտարարել, դուք կոնկրետ ի՞նչ եք ակնկալում: «Ես ակնկալում եմ, որ ՀՀ-ն վերադառնա արժանապատվության ուղի»: