«Հրապարակ». Վախի վաճառականը

«Հրապարակ». Վախի վաճառականը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը շարունակում են հայ հասարակության դեմ ուղղված տեղեկատվական գրոհը: Ալիեւը սպառնում է, Փաշինյանի իշխանությունը՝ սեփական ժողովրդի վրա վաճառում պատերազմի սպառնալիքը, փորձելով երկարաձգել իր ժամկետը եւ ներշնչելով․ «Չլինի պայմանագիր՝ կլինի պատերազմ»:

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի ՊՆ-ն նոն ստոպ ռեժիմով հերքում է ադրբեջանական հաղորդագրությունները` սահմանին հայկական կողմից կրակոցների մասին: Փաշինյանը կրկին առաջարկում է՝ «հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել», հավաստիացնելով, որ «ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման հրահանգ չունի», եւ նման բան չի եղել։ Փաշինյանի աշխատակազմի խնդրալից հայտարարությանը հաջորդեց Բաքվի ցինիկ արձագանքը` որ «Հայաստանը 4 տարի չի կատարում Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապող հաղորդակցությունների բացման պարտավորությունները։ Փոխարենը առաջարկներ են ներկայացրել էապես անտեղի, դժվար իրագործելի եւ գործնականում երկար ուղիների համար՝ ուշադրությունը գործընթացից եւ պարտավորություններից շեղելու համար»: Ինչպես ասում են` մի բուռ հող կերեք` մեռեք:

Տպավորություն է, թե ՀՀ իշխանությունը մի կողմից փորձում է սեփական ժողովրդին պահել վերահաս պատերազմի սպառնալիքի տակ՝ արդարացնելով զիջումները, մյուս կողմից ժողովրդին կերակրում է գոյություն չունեցող խաղաղության անիրական սպասումով: Նույնը Փաշինյանն արեց Կիրանցում՝ այսպես կոչված, սահմանազատման գործընթացն արդարացնելու համար, եւ սպառնաց՝ եթե ոչինչ չանենք, շաբաթվա վերջում պատերազմ կլինի: Հիմա էլ, ըստ էության, նույնն է անում` Բաքվի նոր պահանջները, այդ թվում՝ Սահմանադրությունը փոխելու պահանջը կատարելու համար: 

«Դժվար է ասել, թե այս փուլում կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում ադրբեջանական կողմը այս տեղեկատվական, քարոզչական եւ հոգեբանական գրոհով: Դա կարող է լինել եւ հայ հասարակությանը վախեցնելը, կարող է լինել միջազգային հանրությանը շանտաժ անելը, ենթադրենք, մեզ այսինչ բանը տվեք կամ ուշադրություն դարձրեք մեզ վրա, թե չէ՝ այստեղ քաոս կստեղծենք։ Դա կարող է Թրամփի վարչակազմին ուղղված լինել, կարող է իրական ռազմական արկածախնդրության համար տեղեկատվական նախապատրաստություն լինել կամ՝ երեքը միասին»,- ասում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Սակայն խնդիրն Ադրբեջանի վարքը չէ, այլ այն, որ հայկական կողմը դրան չի հակադրվում:

«Հայկական կողմից դիմադրության, պաշտպանության որեւէ բան չկա: Հայկական կողմը ներկայացնող իշխանությունը որեւէ կերպ ցույց չի տալիս Ադրբեջանի արածի ապօրինությունը, չի փորձում այդ ապօրինության դեմն առնել՝ գլուխը կախ, «չէ, չէ, մենք մեղավոր չենք» ուղերձն է միայն հղում, եւ այս դիրքորոշումն է ամենամեծ խնդիրը, որը շատ համահունչ է ադրբեջանական կողմի հետ եւ պասերով խաղի` Բաքվի հետ»: Նա կարծում է՝ տարօրինակ է, որ ոչ թե վարչապետը, ոչ թե ԱԳՆ-ն են արձագանքում, այլ՝ վարչապետի աշխատակազմը:

Վրթանեսյանը չի կարծում, թե ժամանակահատվածը, երբ Բաքուն կրկին ակտիվացրել է տեղեկատվական գրոհը, պատահական է ընտրված: Այն ուղղակիորեն կապված է փաստաթղթի հետ, որի համաձայնեցման մասին հայտարարվեց օրեր առաջ. «Փաստաթուղթը, որը սկզբում ներկայացվում էր որպես խաղաղության պայմանագիր, իսկ հիմա անունը դրել են համաձայնագիր, նույնիսկ եթե ստորագրվի, Հայաստանին որեւէ անվտանգային երաշխիք չի տալու, որովհետե ստացվելու է, որ դրա երաշխավորը լինելու է Ադրբեջանը: Թե դա ինչ է նշանակում, ինքնին հասկանալի է»:

Ինչ վերաբերում է ռազմական էսկալացիայի հավանականությանը, ըստ փորձագետի, դա իրական է՝ այդ հավանականությունը կար ե՛ւ նախորդ տարի, կա նաեւ այս տարի, որովհետեւ Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ իշխանությունը բանակի վերակառուցման, հզորացման ու վերականգնման ուղղությամբ որեւէ աշխատանք չի տանում. «Հիմնականում շոու է, ԶՈՒ-ները  գովազդող քարոզչություն, բայց իրականում՝ ոչինչ չնշանակող քայլեր: Ադրբեջանը դա շատ լավ տեսնում եւ հասկանում է»։ Ռազմական փորձագետն ընդգծում է՝ Բաքվի այս քարոզչությունը միտված է Հայաստանում անընդհատ վախի մթնոլորտ ստեղծելուն, եւ, փաստորեն, ստացվում է, որ ՀՀ իշխանություններն այդ վախը փորձում են վերավաճառել Հայաստանի բնակչությանը:

ՀԳ. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքեց Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանը:  Բաքուն հերթական անգամ բաց տեքստով ասում է. «Բանակցային տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։ Միեւնույն ժամանակ մենք ընդգծում ենք հնացած եւ անգործունակ Մինսկի խմբի եւ համապատասխան կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը»: Այս դիրքորոշումը Բաքուն համարում է «հիմնարար»: Թերեւս ակնհայտ է, թե ինչու է Փաշինյանը նոր սահմանադրությանը «տարածաշրջանային նշանակություն» տալիս, իսկ նրա արդարադատության նախարարը, խոսելով այդ մասին, հայտարարում, թե` «Խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը եւ խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը»: Ալիեւը հասկանում է՝ Փաշինյանին քիչ ժամանակ է մնացել, մեծացնում է ճնշումը, նա էլ, իր հերթին, նույն գործիքակազմը կիրառում է տեղում: