Քանդելու ժամանակը

Քանդելու ժամանակը

Որեւէ կառույցի կառուցվածքը կամ ղեկավար կազմը փոխելը մի իմաստ ունի՝ վատ կառուցվածքը փոխել ավելի լավով, տգետ ու կոռումպացված ղեկավարին՝ ավելի հմուտ ու անբասիր մեկով։ Սակայն բոլոր այն փոփոխությունները, որ ձեռնարկվել են 2018-ի հեղափոխությունից հետո, պարզվում է, այդ նպատակին չեն ծառայել։ Փոխել են գործող՝ թեկուզ վատ գործող համակարգը չգործող կամ սխալ գործող համակարգով։ Ազատել են գործից հասկացող, թեկուզ վարկաբեկված ղեկավարին եւ նշանակել ապաշնորհների ու տգետների, որոնք մի դար պետք է սովորեն՝ տարրական գիտելիքներ ստանալու։ Ավելին՝ արդեն կան կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածներ։ Ոչ մի նոր բան չեն ստեղծել, ոչ մի նոր նախաձեռնությամբ հանդես չեն եկել, ոչ մի ասպարեզում առաջընթաց չեն ապահովել։ Եվ ակամայից եզրակացնում ես, որ այս իշխանությունը զբաղված է միայն քանդել-ավերելով, դեռ կառուցման ժամանակը չի եկել։ Օրինակնե՞ր՝ խնդրեմ։ Մեկ տարի առաջ կառավարման օպտիմալացման անվան տակ իրականացված կառուցվածքային փոփոխությունները, պարզվեց, հանգեցրին նրան, որ չգործող, ծանր ու անիմաստ կառուցվածք ներդրվեց կառավարման համակարգում։

Բարձրագույն դատական նախկին խորհրդի աշխատանքից դժգոհ էին, փոփոխություններ արեցին՝ զրո արդյունք․ ԲԴԽ-ն ձեւական ու ոչինչ չորոշող կառույց է դարձել։ Հանրային խորհուրդը վատ էր աշխատում՝ Վազգեն Մանուկյանը հեռացավ, հիմա առհասարակ չի աշխատում, օրեր շարունակ նիստեր չեն անում, ոչինչ չեն քննարկում, նախագահ չունեն։ Երեւանի պետական համալսարանի ռեկտորը վատն էր՝ հեռացրին, ԵՊՀ-ում ոչինչ չփոխվեց։ Կրթության ռեֆորմներից էին խոսում, տրանսպորտի բարելավումից, բնապահպանական խնդիրներից, անվճար առողջապահական ծառայությունների ընդլայնումից… այդ բոլորը մնացին ցանկությունների մակարդակում։